Կարծիք

21.04.2020 20:37


Արցախը երբևէ չի լինելու Ադրբեջանի կազմում և վերջ

Արցախը երբևէ չի լինելու Ադրբեջանի կազմում և վերջ

"Խաղաղության և արժանապատիվ հաշտության կուսակցությունը պարտություն է կրել", հենց այս բառերը արտաբերելով՝ հրաժարական տվեց ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Թույլ տվեք վերաշարադրեմ իր ասածը. Արցախը հանձնողները պարտվեցին Արցախը ազատագրողներին։ Այ հենց սա՛ էր Նախագահի հրաժարականի պատճառը և չկար որևէ այլ խնդիր։

Անցած տարիների ընթացքում այդ "խաղաղության և արժանապատիվ հաշտության" կուսակցությունը բազմիցս վերարտադրվելու փորձեր էր անում՝ վտանգելով հազարավոր հայորդիների կյանքը։ Հենց այդ "համերաշխության" կուսակցության առաջնորդն էր լավ քնել մարտի մեկի գիշերը և հենց նա էր ակնարկում, որ գոհ է ստեղծված իրավիճակից։

Անցան տարիներ և ի վերջո "համերաշխության" կուսակցությունը՝ ստանալով տարբեր կողմերից օգնություն, հաջողվեց իրականացնել հեղաշրջում, որն իրենց կողմից հռչակվեց թավշյա հեղափոխություն։ Իսկ իրականությունը շատ պարզ էր՝ "համերաշխության" կուսակցությունը վերարտադրվել է իր հայակործան ծրագիրը ավարտի հասցնելու նպատակով։

Շուրջ երկու տարի ժողովրդին էժանագին ձևերով խաբում էին, թե Արցախի հարցում չի բանակցվում որևէ փաստաթուղթ, քանզի քաջ գիտակցում էին բանակցությունների առարկա թղթի ողջ կործանարար ազդեցությունը։ Բայց այսօր իրենց հրեշավոր "խաղաղության" բանաձևը բացահայտեց ՌԴ արտաքին գործերի նախարարը։ Նա ասաց հենց այն, ինչ մենք՝ ընդդիմադիրներս, բարձրաձայնում ենք շուրջ երկու տարի։

Ինձ համար ամենասկզբից էլ պարզ էր, թե ինչ նպատակով է Հայաստանում զավթվում իշխանությունը, ինչ նպատակով են վարկաբեկվում մեր ազգի հերոսները, ինչ նպատակով է կալանավորվել ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ինչ նպատակով է գործ կարվում ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի վրա և, ի վերջո, ինչ նպատակով է Վարչապետի կինը հայտարարում, որ մեր զինվորները զոհվում են հանուն ոչնչի։

Կասկած չունեմ, որ իշխանությունը զավթած "խաղաղության" կուսակցությունը շատ շուտով արժանանալու է նույն ճակատագրին, որին ժամանակին արժանացավ իրենց քաղաքական հայր Լևոն Տեր-Պետրոսյանը։

Հ.Գ. Տարածքներ՝ խոստման դիմաց բանակցելու տեղը ուշքի եկեք և քանի ուշ չէ նախաձեռնեք խոստում՝ հրաժարականի դիմաց բանակցությունների փուլը։

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը