Մեկնաբանություն

21.04.2020 22:02


Փաշինյանը նախատեսել է նոր հարձակումներ մամուլի ու եկեղեցու վրա

Փաշինյանը նախատեսել է նոր հարձակումներ մամուլի ու եկեղեցու վրա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի իրարահաջորդ «լայվերը» արդեն ոչ միայն միապաղաղ ու ձանձրալի են, այլև կրկնվող մոտիվներով: Գուցե դրա համար էլ ձանձրալի են:

Դրանք միշտ հիմնված են կամ պտտվում են նույն «գաղափարական» առանցքի շուրջ: Առանցքի հիմնական մոտեցումներն էլ սրանք են. ինքը անարատ է ու համարյա սուրբ, իրեն շարունակ խանգարում են նախկինները, դժգոհները, չուզողները, հակահեղափոխականները, չար ուժերը և այլն, ոչ մի լավ բան, այդ թվում՝ ներդրումներ չեն լինի, մինչև նրանց բոլորին առնվազն չբանտարկեն ու «սամասուդ» չանեն: Դե, վերջում էլ՝ «սիրում եմ բոլորիդ» և այլն, ծեծված սխեմայով:

Վերջին «լայվի» նորությունն էլ «հիասթափվածներն» էին, նրանց շերտավորումը, կառուցվածքն ու դասավորվածությունը, «հիասթափվելու» շարժառիթները: Այդ հակահասարակական դատարկաբանությանը նույնիսկ հատուկ անդրադառնալու անհրաժեշտություն չէր լինի, եթե բանախոսը ՀՀ վարչապետի, երկրի փաստացի ղեկավարի կարգավիճակը չունենար:

Նիկոլ Փաշինյանը, կներեք, ՀՀ վարչապետը, նոր կորոնավարակի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության, դրա հետևանքով բնականոն վիճակից շեղված երկրի տնտեսության խնդիրների, արդեն տեսանելի լրջագույն մարտահրավերների պայմաններում այնքան ազատ ժամանակ ու հավես ունի, որ չի ալարել, նստել ու ժամանոց ճառ է կազմել «բոբո» լրատվամիջոցների, «հիասթափվածների», նախկինների դավադիր շոշափուկների, քաղաքականությամբ զբաղվող հոգևորականների, հաշվարկով ու ակնկալիքով «քալարածների» մասին:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի այդ ելույթում ի սկզբանե իմաստային ճչացող անհամապատասխանություն կար: Նա շարունակ նշում էր հիասթափվածներ, հիասթափվածներ, դասակարգում նրանց խումբ-խումբ ու, իր կարծիքով, մոդելավորում «մեծ հիասթափությունը»: Անհամապատասխանությունն այն է, որ հիասթափվելու համար պետք է նախ՝ հիացած կամ ոգևորված լինել: Իսկ դասակարգված խմբերի մեծ մասի ներկայացուցիչներին, որոնց որպես հիասթափվածներ թվարկում էր «միակ ճշմարտախոսը», հազիվ թե երկու տարի առաջ կատարված իշխանափոխությամբ ու դրա հետագա ընթացքով հիացած կամ ոգևորվածներ լինեն, որ մի հատ էլ հիմա հիասթափվեին:

Հիասթափվել կարող էին և, ըստ առկա հանրային տրամադրությունների ընթացիկ դրսևորումների՝ արդեն հիասթափվել են հասարակության գերազանցապես այն ներկայացուցիչները, որոնք ոգևորված էին երկու տարի առաջ, քայլում էին, փողոցներ փակում, վուվուզել փչում, «դըմփ-դըմփ-հու» անում:

Կային մի շարք այլ անհամապատասխանություններ Նիկոլ Փաշինյանի ասածներում: Վերցնենք թեկուզ հիասթաված «ընկեր-ծանոթ-հարազատների» թեզը: Հիասթափված այն պատճառով, որ վարչապետ դառնալուց հետո, Փաշինյանն իրենց մի «գործ» կամ պաշտոն չի տվել, ինչպես ինքն է հավաստացնում: Գուցե կան Փաշինյանի անձնական շրջապատում նման հիասթափվածներ, բայց դա իր ու իր անձնական շրջապատի խնդիրն է: Փոխարենը, փաստ է, որ Փաշինյանի բազմաթիվ ընկերներ, այդ թվում՝ իր թերթի խմբագրակազմի անդամներ, էլ չենք նշում՝ ազգուտակի ներկայացուցիչներ իշխանության մեջ են, ստացել են ամենատարբեր պաշտոններ, դարձել են ԱԺ պատգամավորներ, իսկ դա արդեն երկրի ու հասարակության խնդիրն է: Ըստորում, եթե այդքանից ու նաև առասպելական պարգևավճարներից հետո նրանք հիասթափված են, ապա երևի պարզապես անշնորհակալ են:

Հիմնականը. Նիկոլ Փաշինյանը ամեն անգամ ձգտում է այնպես ներկայացնել, թե իրականում ամեն ինչ ուղղակի փայլուն է, և միայն այդ վատ, չարախոսող, 99 տոկոսով նախկինների կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցներն են «բոլորին իրար խառնում» այսպես ասած:

Լրագրողների ու լրատվամիջոցների հանդեպ Նիկոլ Փաշինյանի թշնամական վերաբերմունքն ու դրա հերթական արտահայտությունը հուշում են, որ առաջիկայում իշխանությունը տոտալ հարձակման է անցնելու իր վերահսկողության տակ չգտնվող մամուլի վրա: Բնական է՝ դատական իշխանության կազմաքանդման փորձից հետո, միանգամայն կանխատեսելի էր, որ Նիկոլ Փաշինյանի «պերմանենտ հեղափոխականության» հաջորդ թիրախը, շատ ավելի կենտրոնացված ձևով, քան անցած երկու տարիներին, լինելու է մամուլի և խոսքի ազատությունը:

Մյուս հիմնական հուշումն այն է, որ Փաշինյանի իշխանությունը նոր թափով հարձակվելու է Հայ Առաքելական եկեղեցու և հոգևորականության վրա: Շատ ավելի կեղտոտ ու ցածր դրսևորումներով, քան վերջին երկու տարիներին եղան:

Նեոբոլշևիզմն իրեն դեռ ցույց կտա: Ու որքան ավելի են մեծանում իշխանությունը կորցնելու նրա տագնապները, այնքան ավելի ագրեսիվ ու անթաքույց են դրսևորվում այդ մտադրությունները:

Ի դեպ, հեռավոր 1917 թվականի հոկտեմբերին (նոյեմբերին) հեղաշրջմամբ իշխանությունը զավթելուց հետո, Իլյիչի տղա Վոլոդյան, նույն ինքը՝ Ուլյանով Լենինը առաջինների շարքում ընդունեց «Մամուլի մասին դեկրետը» (27-ը հոկտեմբերի (նոյեմբերի 9), 1917թ.): Ասե՞մ, որ այդ դեկրետով փակվում էին ոչ բոլշևիկյան բոլոր թերթերն ու տպագրատները:

Շարունակության մեջ, եթե իհարկե, Նիկոլ Փաշինյանը պահպանի իր իշխանությունը ավելի երկար, քան թվում է շատերին, կարելի է կանխատեսել համակենտրոնացման ճամբարների ձևավորում, այլ քաղաքական ուժերի արգելք և նրանց անդամների բանտարկություններ, զանգվածային ինքնադատաստաններ: Բայց շատ մի ոգևորվեք: Երբ բոլոր այդ «խանգարողները» սպառվեն, Փաշինյանը կգտնի նորերին, թեկուզ իր շրջապատից ու հատկապես նրանց շարքերից, ովքեր այսօր, հնարավոր է, ողջունում և վուվուզելում են «սամասուդի» թեմայով նրա ակնարկները: Նրանից, ով իշխանության հասնելուց հետո ինտենսիվ և ինքնամոռաց անում է այն ամենը, ինչը տարիներ շարունակ ծաղրել է ու այդ ծաղրելու միջոցով հասել իշխանության, սպասելի է ամեն ինչ, ամեն մի արարք:

Հա, իսկ բռնապետության մասին հեքիաթներ սիրողներն ավելի լավ է իրենք իրենց հարցնեն, թե դաժանագույն բռնապետության պայմաններում ինչպես էր հաջողում թերթ տպել Նիկոլ Փաշինյանը ու ոչ միայն ինքը: Երկուսից մեկը. կամ ստում են, որ բռնապետություն է եղել, կամ էլ՝ բռնապետական ռեժիմի հետ ունեցել են ինչ-ինչ հարաբերություններ, որպիսիք այսօր Փաշինյանը վերագրում է այլոց: Այդպես չէ՞:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը