Քաղաքական

21.04.2020 18:26


«Եթե մենք խոսում ենք դաշնակցային հարաբերությունների մասին, ապա այդ հարաբերությունները պետք է արտացոլվեն բոլոր ոլորտներում». Լավրովը պատասխանել է ռուսական գազի գնի մասին հայ լրագրողի հարցին (տեսանյութ)

«Եթե մենք խոսում ենք դաշնակցային հարաբերությունների մասին, ապա այդ հարաբերությունները պետք է արտացոլվեն բոլոր ոլորտներում». Լավրովը պատասխանել է ռուսական գազի գնի մասին հայ լրագրողի հարցին (տեսանյութ)

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ նույնիսկ էներգակիրների գների ներկայիս անկման պարագայում պայմանագրերով նախատեսված պարտավորությունները շարունակում են նույնը մնալ, այդ թվում՝ Բելառուսի և Հայաստանի համար:

Հայ լրագրող Հայկ Խալաթյանի հարցին այն մասին, թե ինչու է Ռուսաստանի դաշնակից Հայաստանի համար ռուսական գազի գինը շարունակում բարձր մնալ այն պարագայում, երբ այդ գինը, անգամ հետին ամսաթվով, նվազում է ԵՄ անդամ մի շարք երկրների, օրինակ՝ Բուլղարիայի համար, ՌԴ արտգործնախարարը պատասխանել է, որ դա կապված է պայմանագրային պարտավորությունների հետ:

«Երբ գազի գինը Հայաստանի և Բելառուսի համար 2-3 անգամ ավելի ցածր էր շուկայականից, բոլորը դա իրողություն էին ընդունում և ոչ ոք չէր ասում, որ դա քաղաքականություն է: Ես, իհարկե, կարծում եմ, որ դաշնակիցները պետք է ստանան տնտեսական առավելություններ, դրանում կասկած չկա: Բայց անգամ այս դեպքում, երբ գինը հասել է այնտեղ, որտեղ հիմա է, կան պայմանագրային պարտավորություններ... Իսկ եթե մենք խոսում ենք դաշնակցային հարաբերությունների մասին, ապա դրանք պետք է արտահայտվեն բոլոր ոլորտներում: Տնտեսության մասին խոսելիս մենք հույս ունենք, որ վերջին երկու տարիներին մեր համատեղ ձեռնարկությունների, այդ թվում՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի դեմ հարուցված դատական գործընթացները կկարգավորվեն` առանց դաշնակիցներին ոչ սազական քայլերի: Ես դրա մասին անկեղծ եմ խոսում, քանի որ ռուսական մի քանի ընկերություններ հայտնվել են այսպիսի դժվարին իրավիճակում»,-հայտարարել է Լավրովը:

ՌԴ արտգործնախարարը հավելել է, որ գազի գնի մասին հայ լրագրողի հարցում ինքը տրամաբանություն տեսնում է, սակայն «այդ դեպքում պետք է տրամաբանական լինել մինչև վերջ»:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը