Լրահոս

21.04.2020 15:03


Մարգարիտա Գրիգորյանից բացի «Առաջին ալիքում» զբաղեցրած պաշտոնից կհեռանա նաև Պետրոս Ղազարյանը, հայտնի են նրանց փոխարինողները

Մարգարիտա Գրիգորյանից բացի «Առաջին ալիքում» զբաղեցրած պաշտոնից կհեռանա նաև Պետրոս Ղազարյանը, հայտնի են նրանց փոխարինողները

ՀՌԽ հայտարարությունը վարչապետի տեսաուղերձի հեռարձակմանն առնչվող միջադեպի վերաբերյալ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ ափոսոսանք հայտնելով ՀՀ վարչապետի տեսաուղերձի հեռարձակմանն առնչվող միջադեպի համար, որի հետևանքով Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը պարտավորված եղավ հրաժարական տալ։

«Խորհուրդը հարգում է գործադիր տնօրենի անձնական պատասխանատվություն կրելու որոշումը՝ ընդունելով նրա հրաժարականը։ Միաժամանակ Խորհուրդն իր գնահատանքն է հայտնում Մարգարիտա Գրիգորյանին՝ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնում արդյունավետ, պրոֆեսիոնալ և անձնվեր աշխատանքի համար։

Խորհուրդը Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական հարցերով տնօրենի տեղակալ Արմեն Սարգսյանին։

Իրենց դիմումների համաձայն՝ զբաղեցրած պաշտոններից ազատվել են նաև լրատվական ծառայության տնօրեն Պետրոս Ղազարյանը և հեռուստաընկերության պրոդյուսեր Վարդան Հակոբյանը։ Լրատվական ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տնօրենի տեղակալ Ռուբեն Շահինյանը։

Առաջիկայում Խորհուրդը կձևավորի մրցութային հանձնաժողով և կհայտարարի մրցույթ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնի համար»,- նշված է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ վարչապետի տեսաուղերձին նախորդել էր «կադրից դուրս» հատված, որն էլ վերջին օրերին մամուլում և սոցիալական հարթակներում բուռն քննարկման առիթ էր դարձել:

Հիշեցնենք նաև, որ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ կատարծվածի մեղքը Հանրային հեռուստաընկերության թիմինն է: Ավելի ուշ Հանրային հեռուստաընկերության ուղիղ միացման խմբի պատասխանատու Վարդան Հակոբյանն իր հերթին հայտարարել էր, որ ինքը զգուշացրել է, որ արդեն ուղիղ եթերում են և կատարվածը ոչ թե իր, այլ վարչապետի աշխատակազմի մեղքն է:

Միաժամանակ տեղեկացնենք, որ Վարդան Հակոբյանի ֆեյսբուքյան էջում բազմաթիվ գրառումներ են արված #մենքRecենք հեշթեգով:


Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը