Մեկնաբանություն

21.04.2020 13:02


Չհիասթափվածը (տեսանյութ)

Չհիասթափվածը (տեսանյութ)

Ամեն մարդ դատողություններ է անում ու գնահատականներ տալիս սեփական կրթվածության, դաստիարակության, կարդացվածության կամ փչացածության աստիճանից ելնելով։ Նիկոլ Փաշինյանը բացառություն չէ։ Նա երեկ «Մեծ հիասթափության» տեսություն էր առաջ քաշել ու հերթով նշում էր, թե ովքեր են հիասթափված «թավշյա» հեղափոխությունից։

Նրա գնահատականների հիմքում լափամանն էր։ Ուտելիքը։ Եթե առաջնորդվենք «ժողովրդի» վարչապետի տրամաբանությամբ ու արժեհամակարգով, ապա հեղափոխությունից ու իր վարչապետությունից հիասթափված են նրանք, ովքեր իշխանական լափամանից հեռացել կամ հեռացվել են։ Իսկ դա նշանակում է, որ չհիասթափված են, ըստ Նիկոլի արժեհամակարգի, նրանք, ովքեր հիմա լափամանին մոտ են։

Եթե այդ լափամանային սանդղակով նայենք, ապա հեղափոխությունից թիվ մեկ չհիասթափվածը ինքն է՝ Նիկոլ Փաշինյանը։ Նրա կյանքը դարձել է ուրախ, իսկ ապրուստը՝ ձրի։ Նա փոխել է իր բնակարանը, նստել գերթանկարժեք ավտոմեքենան, ձեռքը մտցրել պետական բյուջեի մեջ ու չի հանում։ Ձեռքի հետ այդ բյուջեից պարգևավճարներ է նետում մյուս չհիասթափվածներին՝ իր նախարարներին, պատգամավորներին ու մյուս պաշտոնյաներին, որպեսզի իր չհիաթափվածությունը երկար տևի։

Ի դեպ, Փաշինյանը հիասթափվածներին անդրադառնալիս նշեց նաև իր ընկեր բարեկամներին, թե բա սրանք հույս ունեին, որ իր վարչապետ դառնալուց հետո բանի տեր կդառնային, բայց չեն դարձել։ Փաշինյանն այդպիսով ուզում է ցույց տալ, թե, իբր, ինքը հրաժարվել է խնամի, ծանոթ, բարեկամ սկզբունքից և կադրային ու այլ տիպի հարցերում առաջնորդվում է օբյեկտիվ ու պրոֆեսիանոլ չափանիշներով, բայց դա լկտի սուտ է։

Իր վարչապետ դառնալուց անմիջապես հետո կինը՝ Աննա Հակոբյանը, դարձել է զույգ հիմնադրամների նախագահ։ Այդ հիմնադրամներին մուծվում են աջից ու ձախից, վերևից ու ներքևից։

Վարչապետ Նիկոլի եղբոր տղան ու աներձագը պատգամավոր են դարձել։ Իր ընկերները, իր հետ քայլածները դարձել են պատգամավորներ, նախարարներ։ Գարիկի պես քաղաքականապես անմեղսունակը դարձել է Արարատի մարզպետ։ Իր ջրի շիշ բռնողը՝ պատգամավոր։ Իր կնոջ բարեկամ Մաշադյանը հարկայինի առանցքային պաշտոններում է։ Նիկոլի քավորին բրդում են Իջևանի քաղաքապետ։ Էլ ո՞րն ասենք, էլ ո՞րը․․․

Նիկոլի վերջին նշանակումներից մեկն էլ իր անմիջական ընկերական շրջապատից էր։ Ճիշտ է, նրա ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունքում տեղի ունեցավ ուղերձային հայտնի սկանդալը, բայց դե դա այն գինն է, որը պետք է վճարի հեղափոխությունից չհիասթափված Նիկոլ Փաշինյանը։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը