Մեկնաբանություն

21.04.2020 10:30


«Կուկուռուզն» էլի թարս բուսնեց

«Կուկուռուզն» էլի թարս բուսնեց

Նիկոլի 34 րոպեանոց կիրակնօրյա «հախուռն լայվ-շոուի» նպատակը կարծես ուրբաթ օրվա «ուղերձ-շոուի» արտահոսքից ծնված «Թաթուլի հետ համատեղ հոլովակ-շոուի» ծանր տպավորությունը ջրելն էր, բայց ստացվեց ինչպես միշտ. էլի՛ «խիյարը թարս բունեց»`վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը փորձեց վրեժխնդիր լինել «չգիտես ումից» իրեն կադրից դուրս ցույց տալու համար, «արդյունքում» ավելորդ անգամ ինքն իրեն ծաղուծանակի առարկա դարձրեց։

Ո՛չ մի վենդետա, ոչ մի բան` միայն համատարած թավիշ

«Ովքեր մեզ մեղադրում են թավշյա լինելու մեջ, մոռանում են, որ մենք Հայաստանում իրականացրել ենք թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխություն, և իրար հետ ենք իրականացրել, և այդ հեղափոխությունը անվանել ենք սիրո և համերաշխության հեղափոխություն։ Եվ էդ հեղափոխության համատեքստում ասել ենք, որ վենդետաներ չեն լինելու։ Ըստ էության, թավիշը և վենդետաների բացակայությունը մեր գաղափարախոսությունն է եղել և մեր գաղափարախոսությունը շարունակում է մնալ։ Եվ այդ գաղափարախոսությամբ երկիրը ղեկավարելու մանդատ մենք ստացել ենք ժողովրդից»,-առանց կարմրելու ասաց Փաշինյանը`նայելով ուղիղ հպարտ Պողոսի աչքերի մեջ

Ինչո՞ւ այդ անանձնական «սերն ու համերաշխությունը» թունավոր պտուղներ տվեց, դարձավ այն, ինչ կա` այն, ինչից ինքն ու իր թրաշամանուկներն էլ են արդեն նեղվում`ընդդիմախոսներին լռեցնելու նորանոր մեխանիզմներ մտածելով, և ինչու է հասարակությունն այսօր պառակտված` առավել, քան երբևէ հնարավոր էր պատկերացնել, ինչու է բաժանված սևերի և սպիտակների`չբացահայտեց։ Հո չէ՞ր կարող «ցիտել» աստվածաշնչյան հայտնի թեզը, որ «չար ծառը բարի պտուղ չի տալիս» կամ, որ նույնն է, բարի ծառը չար պտուղ չի տալիս, խոստովանել, որ «սիրո և համերաշխության հեղափոխությունն» անհամատեղելի է կենդանի մարդկանց «հուղարկավորությունների» տեսարանների, փողոցային հայհոյանքների հետ։

«Փոխարենը» բացատրեց, թե ինչու իշխանությունը ձեռքը գցելուց հետո կադրային ջարդ չի արել` «հների» մի մասին (նրանց, ովքեր «իրենք իրենցով կոռուպցիայի սիմվոլ չեն եղել»), նոր Հայաստանում ապրելու, «նոր Հայաստանի նոր քաղաքացի դառնալու» շանս է տվել։ Ձեռի հետ էլ հպարտ քաղաքացիներին մեղադրեց կաշառակերության`փողով քվեարկելու մեջ, թե բա` եթե նրանք փոխվել են, է՛լ իրենց ձայնն «էժանով» չեն ծախում, մի գիշերում «թավշյա» դարձած պաշտոնյաներն ինչո՞ւ չէին կարող փոխվել. «նրանք, ովքեր օգտագործել են այդ շանսը, պիտի վայելեն իրենց որոշումը, իսկ նրանք, ովքեր թավիշը չարաշահել են», «շատ թավշյա ձևով» դուրս կշպրտվեն պետական կառավարման համակարգից։

Փաստորեն`Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, Վիգեն Սարգսյանը, Վարդան Արամյանը, Արծվիկ Մինասյանն ու Դավիթ Լոքյանը, Վաչե Գաբրիելյանը, մյուսները «կոռուպցիայի սիմվոլներ» էին, դրա համար էլ շանս չստացան`«նոր Հայաստանում ապրելու և Նոր Հայաստանի նոր քաղաքացի դառնալու»։ Բայց «շանս ստացածներն» էլ մի բան չեն, որովհետև եկել է համակարգը «Սերժի մնացորդներից» մաքրելու ժամանակը`ով իրեն տրված շանսը չի օգտագործել` «մեղքը իր վիզը»։

Հույսներդ կտրեք` կիսման պրոցես չկա ու չի լինելու

Այստեղից Փաշինյանն անսպասելի անցում կատարեց Հայաստանում կարծրացած «մաֆիոզ մտածելակերպին»։ Պարզվում է` «մաֆիոզ մտածողությունն» այնքան խորն է նստած մեր մեջ, որ անգամ ապրիլյան շատ թավշյա հեղափոխությունից հետո շարունակում է անելի իր սև գործը. «Նու, որ հակահեղափոխականների մեջ նստած ա` հակահեղափոխականների մեջ նստած ա, էդ պարզ ա, բայց նաև իրենց հեղափոխական համարող բազմաթիվ մարդկանց մեջ մաֆիոզ մտածելակերպը արմատացած է։ Նկատի ունեմ կիսելու` Հայաստանը, պայմանականորեն ասեմ, կիսելու էդ մղումը`ինչ-որ մի կտոր, ազդեցության ոլորտ, եկամուտի ինչ-որ մի հատված։ Այսինքն, անընդհատ էդ մրցավազքը, անընդհատ էդ առաջարկը օդում կախված ա` իսկ երբ ենք ի վերջո բաժանելու, երբ ենք ի վերջո բաժանելու»։

Ինքը, ինչպես հասկանում եք, որևէ մեկի հետ «կիսելու» բան չունի` չի ուզում կիսվել, և վերջ. և՛ վարչապետ է, և՛ գլխավոր դատախազ, և՛ ՀՔԾ պետ, և՛ ԲԴԽ-ի, և՛ Վճռաբեկ դատարանի նախագահ (ՍԴ նախագահ դառնալ չհաջողվեց, դրա համար ՍԴ-ն ուզում է քանդել, նորից հավաքել), և՛ Քաղավիացիայի վարչության պետ, և՛ ՊԵԿ նախագահ, ընդհուպ` մաքսատան «վարիչ», և՛ գլխավոր համաճարակաբան, և՛ գլխավոր վիճակագիր, ու «ոչ մի անգամ չի մտել կիսելու էդ տրամաբանության մեջ»։ Եվ «քանի որ չկա կիսման պրոցես, հասունանում ա դժգոհություն. իսկ բա ե՞րբ ենք բաժանելու, ի վերջո, բա՛ արդյունքները ե՞րբ ենք բաժանելու։ Եվ քանի որ բաժանման պրոցես չկա, ոչ մեկ փայ չի ստանում, և հետևաբար դժգոհությունը ալիքաձև և ամենուր տարածվում ա»։

Այսինքն` այն, որ իր վերջին չորս ժամանոց «հարցուպատասխան լայվ-շոուի» ժամանակ ասում էր` ոչ մի դժգոհություն էլ չկա, ինձ քննադատողները «մարգինալ երևույթներ են», որոնք հանրային կարծիք չեն ստեղծում, այնքան էլ այդպես չէ` դժգոհությունն ամենուր է. «Խորքային առումով Հայաստանում տեղի ա ունենում մեծ հիասթափություն։ Ո՞րն ա էդ մեծ հիասթափությունը։ Որովհետև չկա` էն փայերը, որի ակնկալիքները ունեին շատ-շատերը, էդ փայի բաժանումը տեղի չի ունենում։ Բոլորը հիասթափված են` նրանք, ովքեր սպասում էին, որ փայ պիտի ստանան, նրանք, ովքեր սպասում էին, որ չպիտի կորցնեն իրանց փայը, նրանք, ովքեր սպասում էին, որ պիտի մեծացնեն իրենց փայը` բոլորը հիասթափված են, որտև փայերի բաժանում չկա»։

Ընդ որում, այնպես էլ չէ, թե ինչ-որ մեկն իրեն առաջարկել է այսինչ բանը, բլիթը, ոլորտը տալ իրեն, և ինքը մերժել է։ Ո՛չ։ Ասում է` «կոնտեքստն է այդպիսին»։ Հետևաբար`«մենք պետք ա դուրս գանք բաժանելու`երկիրը, ազդեցության գոտիները, չգիտեմ` բաները, բիզնեսները, եկամուտները, բլիթները բաժանելու այս խորը մտածելակերպից, որովհետև ոմանք մտածում են էսպես` հա, հեղափոխություն էր, ուրախացանք, անցավ-գնաց, իսկ եկել ա արդեն բաժանելու ժամանակը»։

Լրագրողները «կատաղել» են, որովհետև չեն ծեծում, չեն խփում...

Մի քսան րոպե յուղ վառելուց հետո Փաշինյանը վերջապես հասավ լրատվամիջոցներին ու լրագրողներին, որոնց աչքով աչք չունի`տեսնելու. «Հիմա ով ոնց ուզում` հայհոյում է վարչապետին։ 18 թվականից առաջ նման բան չի եղել` չեն հայհոյել, որովհետև իմացել են, որ կարող է` խփեն, բառիս բուն իմաստով կրակե՛ն, սպանե՛ն։ Որովհետև էս երկիրը Հոկտեմբերի 27 ա տեսել, քաղաքական սպանություններ ա տեսել, երբ բոլորը իմացել են`ով ա արել, ինչի համար, ու ոչ մի բան չի բացվել։ Իմացել են, որ կարող ա` պադյեզդներում ծեծեն։

Բոլորը գիտեն, որ էսօր ո՛չ խփող ա իշխանությունը, ո՛չ ծեծող ա, և լկտիացել են։ Բայց հիմա լկտիացել են` ինչի՞ համար։ Որովհետև ուզում են իշխանությանը բանից հանել`հունից հանել։ Ուզում են, որ մենք սկսենք ծեծել, ուզում են, որ սկսենք խփել, կամ առնվազն, եթե չէ, ուզում են, որ ժողովուրդը բան անի` մտածի, էս ով ա էս թուլամորթ, անկամ, անինքնասեր իշխանությունը, և սկսի հիշել էն հին և բարի ժամանակները, երբ որ այ, կես բառ ասելու համար` ով կես բառ կասեր, ծեծում էին, ծեծում էին պադյեզդներում, ծայրահեղ դեպքում նաև խփում էին»։ Իսկ հիմա միայն հայհոյում են, ձվեր են շպրտում, շատ-շատ`սպառնում կամ բանտարկում լրատվամիջոցների ղեկավարներին ու զրկում գոյատևման հնարավորություններից`սառեցնում նրանց հաշիվները։

Եվ լա՛վ էլ անում են, որովհետեւ «լրատվամիջոցների 99 տոկոսը, լրագրողների 70 տոկոսը իշխանությունից կոնկրետ փող ա ստացել։ Տենց ա կառավարվել։ Հիմա չի ստանում էդ փողը, և ամբողջ լրատվական դաշտը կատաղած ա, որ իրանք փող էին ստանում, հիմա չեն ստանում։ Հիմա եթե ստանում են ուրիշ տեղերից, վախվխելով են ստանում, կարող ա ինչ-որ տեղ ինչ-որ բան բացահայտվի, ու խայտառակ լինեն։ Եվ տեղի ա ունենում էս ամեն ինչը»։ Երևի լավ չեն փնտրել, կամ փնտրել ու չեն գտել «միլիոնները», որ, ինչպես բազմիցս հայտարարել է, ծախսվում են իրեն և իր ընտանիքին «վարկաբեկելու» համար։

Ինչո՞վ էր ի՛նքը զբաղված իր «նախորդ կյանքում», հատկապես 1998-2008թ., երբ շատ արմատական թերթի խմբագիր էր և օրը ամենաքիչը երեք հայհոյախոսական հոդված էր «շրխկացնում» նախագահի ճակատին (եթե մոռացել է, կարող է բացել արխիվները և վերընթերցել իր հրապարակումները), ումից էր ֆինանսավորվում, ինչպե՞ս և ինչքան`վախվխելո՞վ, թե՞ առանց թաքնվելու` կարևոր չէ։ Ինչպես և այն, որ «չբացված գործերը», որ նախորդ իշխանությունը կոծկում էր, այսօր էլ մնում են չբացահայտված, երբ ամբողջ իրավապահ համակարգն իր բռի մեջ է`իր դռանը «կաղկանձում» է։

«Թավիշից թավշյա սամասուդ» կես քայլ է

Հիմնական ասելիքը Փաշինյանը թողել էր վերջում, երբ թվում էր` ամեն ինչ ասել, պրծել էր. թավիշը թավիշ, բայց վհուկների որսը ոչ մեկը չի չեղարկել։

«Հեղափոխությունից հետո ոչ մի բան չէր խանգարում`հենց հեղափոխության ժամանակ հատ-հատ էդ մարդկանց տներից հանել և սամասուդ անել` բառիս բուն իմաստով։ Ո՛չ մի բան չէր խանգարում։ Ոչ մի բան չէր խանգարում, չէ՞։ Մենք ատելություն տարածող ըլնեինք, էսօրվա... կամ էսօր էլ չի խանգարում իմիջայլոց էսօրվա հոխորտացող թափթփուկներին բանի ենթարկել` սամասուդի ենթարկել։ էն հեղափոխության ժամանակ, նույնիսկ 23-ից հետո, երբ ո՛չ իշխանություն էինք ֆորմալ, ո՛չ էլ հաստատ ընդդիմություն էինք, տենց մեծ պատասխանատվություն էլ չկար։

Էդ ատելություն սերմանող ըլնեինք, էսօրվա հոխորտացող թափթփուկներին ընդամենը մեզ պետք էլ չէր... պետք էր չնկատելու տալ, պետք էր չնկատելու տալ` մարդիկ պահանջում էին մեզնից, որ չնկատելու տանք, որպեսզի էսօր հոխորտացող թափթփուկներին տներից հանեն, փողոցում սատկացնեն, չէ՞, բայց մենք ասել ենք` չէ։ Էդ չի մեր գործելակերպը»։

Իրենք ոչ թե բիրտ, այլ «թավշյա» սամասուդի կողմնակից են։ Ա՛յ, «հեսա» կմաքրեն պետական համակարգը «Սերժի մնացուկներից», ու կանցնեն մյուս ինստիտուտներին. «Հիմա էլ արդեն գալիս ա` վնգստացող դատավորների հերթն ա գալիս, որոնք արդեն պետք ա վեշերները հավաքեն։ Հեսա Սահմանադրական դատարանի հերթը կգա` կորոնավիրուսային դատարանի, որոնք փրկվեցին, այսինքն` ժամանակ են շահում կորոնավիրուսի շնորհիվ։ Բոլորի՛ հերթը գալու ա»։ Հիշեցնենք` սա ասում է մեկը, ով դատարաններն արգելափակելուց և գաղտնալսված հեռախոսազրույցների հետ կապված սկանդալային բացահայտումներից հետո էլ երդվում էր, թե չի միջամտում դատական համակարգի գործերին։

Իսկ ամենավերջում`երկար սպասված բարի լուրը ընդդիմադիրներին կուլակաթափ անելու մասին. «Այո, ապօրինի ձեռք բերված ունեցվածքները ձեռներից առնելու ենք, տներն ու դղյակները ձեռներից առնելու ենք, թող չը... բան չանեն։ Ինչքան ուզում ա`հիստերիաներ կապեն, ուտեչկեք տան, ինչքան ուզում ա ներսի իրանց ռեսուրսը օգտագործեն։ Ձև չունե՛ն, թավիշը էդ առումով ավելի դաժան ա»։ Ինքը «կես ճամփին» կանգնողը չի` ձեռք է տվել, պիտի խաղա. «Բոլորը հատ-հատ պատասխան են տալու, հատ-հատ պատասխան են տալու ամեն գողացած կոպեկի համար, և պետք ա վերադարձնեն»։

Այդ ճանապարհին «իրան» մենակ «ժողովուրդը կարա կանգնացնի». «Ժողովուրդը մեր ղեկավարն ա, մեր տնօրենն ա, մեր թագավորն ա, ժողովուրդը Հայաստանում բարձրագույն իշխանություն ա»։

Հետո ինչ, որ ինքն ու իր ընտանիքը ապրում են թագավորական կյանքով, թագավորական պալատներում, թագավորական կայֆերով (քիչ էր մնում 50 միլիոնանց նոր ինքնաթիռ առներ, ընդդիմությունն էնքան խոսեց, որ գործարքը հետաձգվեց`բյուջեն լցնի «թալանված» փողերով, հերթը դրան էլ կհասնի), իսկ «բարձրագույն իշխանությունն» առաջվա պես բավարարվում է փշրանքներով...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը