Մեկնաբանություն

18.04.2020 19:55


Ո՞րն էր Փաշինյանի «մեսիջը»՝ ամենը նորմալ է, մնաց, որ նոր ռեֆլեքսնե՞ր ձեռք բերենք

Ո՞րն էր Փաշինյանի «մեսիջը»՝ ամենը նորմալ է, մնաց, որ նոր ռեֆլեքսնե՞ր ձեռք բերենք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսաուղերձի խորապատկերն, ինչ խոսք, էպիկական էր: Հոլիվուդի ու մի քիչ էլ՝ Բոլիվուդի ռեժիսորներն ապոկալիպտիկ որևէ ֆիլմի համար երևի նման պատկեր կընտրեին. բազմահազարամյա քաղաքի վրա տարածված վերջալույսի բոսորագույն մարող ցոլք, որ տագնապալի սպասում է հարուցում, մերթընդմերթ կադրում երևացող ոչ այն է ծիծեռնակներ, ոչ այն է՝ չղջիկներ: Եվ իհարկե՝ «դասականությունը» լրացնող կարևոր երանգ՝ եկեղեցական զանգի ղողանջ: Ի դեպ, զանգի ձայնը ակամայից Հեմինգուեյի հանրահայտ ստեղծագործություններից մեկը հիշեցրեց...

Ինչևէ: Համաձայնեք, որքան էլ չարագուշակ կամ տագնապահարույց պատկեր է, բայց տպավորիչ է: Ի դեպ, կառավարության շենքի աշտարակային ժամացույցի զանգերն իսկապես էլ՝ եկեղեցական են:

Ամփոփելով ֆոնային տարրերի պահը՝ նկատենք միայն, որ վարչապետի ուղերձի տեսանյութում բացակայում էին Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանշանները՝ Դրոշը և Զինանշանը: Այո՛, խորապատկերում մի պահ շենքերից մեկի տանիքին երևացող դրոշ կար, բայց դա պետական խորհրդանշանների բացը չէր լրացնում:

Հա, ուղերձի մասին:

Այն որոշակի առումով տարբերվում էր Նիկոլ Փաշինյանի այլ հրապարակային ելույթներից:

Ամենից առաջ, ապրիլի 17-ի ուղերձը Նիկոլ Փաշինյանի հրապարակային այն քիչ ելույթներից է, երբ նա շուրջ 20 րոպե խոսեց, սակայն ոչ մեկի կամ որևէ քաղաքական ուժի, հասարակական խմբի հասցեին թիրախավորված ատելության կամ չարության դրսևորում չունեցավ: Հնարավոր է, «ատելության խոսքի» չափաբաժինը պարպվել էր ԱԺ-ում վերջին ելույթների ժամանակ: Իսկ այս ուղերձն այդ առումով գրեթե անթերի էր:

Թեթևակի «բաժին հասավ» անբարեխիղճ որոշ գործատուների, որոնց անպարտաճանաչության, իսկ գուցե նաև ապօրինի գործունեության (ինչպես վարչապետն ասաց) հետևանքով առանձին քաղաքացիներ չեն կարողանում գործնականում օգտվել կառավարության մշակած հակաճգնաժամային կամ աջակցության ծրագրերից: Բայց դա էլ լիովին «բարեգութ ու ողորմած թագավորի և չար ու անխիղճ վաճառականների» հինավուրց ոճի մեջ է, ու առանց դրա էլ չի լինի:

Մյուս հետաքրքիր հանգամանքն այն է, որ Նիկոլ Փաշինյանը ուղերձի ընթացքում բավականին շատ կոնկրետ թվեր նշեց, ու ոչ միայն վարակվածների, ապաքինվողների, առհասարակ, կորոնավարակի համաճարակի հետ կապված, այլև՝ կառավարության հակաճգնաժամային ծրագրերով (դրանց թիվը 13-ն է) իրականացվող քայլերի, գումարային հատկացումների, շահառուների, աջակցության ծրագրերից արդեն օգտված քաղաքացիների քանակության վերաբերյալ:

Այ, եթե Հայաստանի քաղաքական կյանքն ու նաև՝ «չորրորդ իշխանությունը» բնականոն առաքելություններից հետ սովորած չլինեին, ապա կարելի էր գնալ հնչեցված վարչապետական հաշվետվության տվյալների ետևից, ստուգել և պարզել, թե ինչը՝ ինչպես է: Բայց դա էլ, երևի, հետագայում:

Հիմնականում ուշադրություն գրավեց Նիկոլ Փաշինյանի ելույթում մի քանի դրվագով արված թափանցիկ ակնարկը, որ այս համաճարակի հետ կապված, աշխարհի շատ երկրների հետ համեմատած, Հայաստանում վիճակը նկատելիորեն լավ-լավ է, և այդ ամենը, հասկանալի է՝ շնորհիվ Հայաստանի «թավշյա» կառավարության, դե, պարզ է, թե ում գլխավորությամբ: Իզուր չեն ասում՝ ինքդ քեզ չգովես, փնովված կմնաս:

Ի դեպ, կառավարության հակաճգնաժամային ծրագրերի, աջակցությունների մասին: Երբեք չպետք է մոռանալ, որ նման ծրագրերը, բնակչությանը նման դեպքերում աջակցելը իշխանության, կառավարության, վարչապետի հիմնական պարտականությունն է, այլ ոչ թե ինչ-որ լավություն: Վերջին հաշվով, որևէ իշխանություն եթե նման քայլեր չանի, ապա պե՞տք է այն որևէ ժողովրդի:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ կարծես ակնարկել էր, որ մոտ 300 միլիոն դոլարին համարժեք ծրագրեր են արվելու: Ուղերձի ընթացքում հնչեցված հաշվետվության մեջ ընդհանուր առմամբ խոսվեց 27,8 միլիարդ դրամի կամ մոտ 55,5 միլիոն դոլարի ծրագրերի մասին: Դա ավելի վաղ ասվածի 1/5-րդի և 1/6-րդի միջակայքում է: Հնարավոր է, մնացյալ միջոցները կծախսվեն ծրագրերի շարունակության ընթացքում:

Ուղերձի վերջնամասը, կարելի է ասել՝ տիպական էր Նիկոլ Փաշինյանի համար:

Տպավորությունն այն է, որ ընդհանուր առմամբ, ամեն ինչ նորմալ է ընթանում, մնում է միայն մարդիկ նոր ռեֆլեքսներ ձեռք բերեն, միմյանց հետ առնվազն 2 մետր հեռավորության վրա շփվեն, ձեռքերը հաճախակի լվան կամ ալկոգելեն, ու՝ վերջ: Մեծ հաշվով, էլի խոսքն այնպես տարավ, որ ստացվում է՝ քաղաքացիներից յուրաքանչյուրն է պատասխանատու կամ էլի՝ «այդ մեկ մարդը դու ես» ու նորից հին ձայնապնակը, որ ճիշտն ասած, ձանձրալի է դարձել: Դատելով այն դիտարկումներից, որ ուղերձին օն-լայն հետևողների թիվը բավականին համեստ էր (Փաշինյանի այլ ելույթների համեմատ), «ձայնապնակը» ձանձրալի է դարձել շատերի համար:

Սպասենք հաջորդ ուղերձին:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը