Քաղաքական

18.04.2020 10:55


Հայաստանում ՌԴ քաղաքացիների դեպքում ազգությունը շահարկելն անթույլատրելի է. ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը տեսաուղերձ է հղել (տեսանյութ)

Հայաստանում ՌԴ քաղաքացիների դեպքում ազգությունը շահարկելն անթույլատրելի է. ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը տեսաուղերձ է հղել (տեսանյութ)

Հայաստանում ՌԴ քաղաքացիների դեպքում ազգությունը շահարկելն անթույլատրելի է: Այս մասին հայտարարել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Նա տեսաուղերձով դիմել է ժամանակավորապես Հայաստանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիներին: Տեսաուղերձը հրապարակվել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան Facebook-յան պաշտոնական կայքում։

«Հարգելի համերկրացիներ, մենք մեծ աղետի ենք բախվել․ կորոնավիրուսի համավարակը կյանքեր, երկրներ ու մարդկանց է փոխում։ Առանձնահատուկ խնդիրների առաջ են կանգնած նրանք, ովքեր ստիպված են տնից հեռու՝ արտերկրում մնալ։ Ռուսաստանի քաղաքացիների վերադարձի հարցը գտնվում է ՌԴ կառավարության, արտգործնախարարության և այլ իրավասու դաշնային մարմինների ուշադրության կենտրոնում։ Ձեր վերադարձին աջակցելը Հայաստանում Ռուսաստանի դեսպանության հիմնական խնդիրն է, որի լուծումն ուղղակիորեն կախված է համաճարակաբանական իրավիճակի զարգացումից»,- հայտնել է Սերգեյ Կոպիրկինը։

Ըստ նրա՝ վիրուսի դեմ պայքարի շրջանակում շատ երկրներ՝ այդ թվում նաև Ռուսաստանը, անհրաժեշտ են համարել դադարեցնել հաղորդակցությունն այլ պետությունների հետ:

«Ներկայում Հայաստանի և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցությունը ժամանակավորապես դադարեցված է, փակ է Վրաստանի տարածքով անձնական մեքենաներով անցնելու համար տարանցիկ ճանապարհը, միևնույն ժամանակ այս հարցի լուծման ուղղությամբ քրտնաջան, գուցե աննկատ աշխատանք է տարվում»,- ասել է դեսպանը՝ հավելելով, որ այդ ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ Ռուսաստանի քաղաքացիների երկու խումբ վերադարձնել հայրենիք Վրաստանի տարածքով:

Այսօր, ըստ նրա, աշխատանքներ են տարվում Վրաստանի սահմանով ՌԴ քաղաքացիների տարանցումը հնարավոր դարձնելու ուղղությամբ․ «Կցանկանայի նշել, որ դրա ընթացակարգն ու պայմանները վրացական կողմն է որոշում, որը ելնում է երկրում համաճարակաբանական անվտանգության նկատառումներից։ Հարցի շուրջ վերջնական համաձայնության կգան Ռուսաստանի և Վրաստանի իրավասու մարմինները՝ հաշվի առնելով համաճարակաբանական իրավիճակի զարգացումը․ դեսպանատունն անհապաղ տեղյակ կպահի ձեզ այդ մասին։ Մեր մշտական վերահսկողության տակ է գտնվում նաև հնարավոր ավիաչվերթների իրականացումը Ռուսաստանի քաղաքացիների համար․ նման որոշում կայացվում է դաշնային օպերատիվ շտաբի մակարդակով, ուստի տեղեկատվության առկայության դեպքում կրկին անհապաղ տեղյակ կպահենք ձեզ»։

«Հարգելի հայրենակիցներ, մեզ համար շատ կարևոր է ձեզ հետ հետադարձ կապն ու շփումը, ինչի հետ կապված՝ դեսպանատունը շնորհակալություն է հայտնում մեր աշխատանքին ըմբռնումով մոտեցող Ռուսաստանի քաղաքացիներին, որոնք հասկանում են, որ ստեղծված աննախադեպ իրավիճակում դիվանագիտական առաքելության աշխատակիցները, արտգործնախարարությունը և այլ դաշնային իշխանության մարմինների աշխատակիցներ հնարավոր ամեն բան անում են ռուսաստանցիների՝ հայրենիք վերադարձը հնարավոր դարձնելու համար»։

Դեսպանը նաև շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին այդ հարցում աջակցության համար: Ըստ նրա՝ ժամանակ առ ժամանակ դեսպանատանը մեղադրում են անգործության և քաղաքացիների շահերն արհամարհելու համար: Կոպիրկինը նշել է, որ դիվանագիտական առաքելության աշխատակիցները փորձում են պատասխանել բոլոր հաղորդագրություններին, որոնք իրենք ստանում են մեծ քանակությամբ:

«Մենք նաև տեսնում ենք, որ սոցիալական ցանցերում երբեմն հայտնվում է տեղեկատվություն, որը խեղաթյուրում է իրականությունը և միտված է այն աշխատանքի սաբոտաժին, որն իրականացնում է դեսպանատունը քաղաքացիների խնդիրները լուծելու ուղղությամբ: Կցանկանայի ընդգծել, որ ստեղծված բարդ իրավիճակից ելք փնտրելու ընթացքում անթույլատրելի են շահարկումներն ազգային հողի վրա: Ես անգամ կասեի՝ ազգամիջյան տարաձայնություն սերմանելը: Դա արժանի քայլ չէ մեր եղբայրական ժողովուրդների համար»,-նշել է Կոպիրկինը:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը