Լրահոս

17.04.2020 13:46


Կորոնավիրուսով վարակված ԱԻՆ հինգ աշխատակցից երկուսն արդեն ապաքինվել են

Կորոնավիրուսով վարակված ԱԻՆ հինգ աշխատակցից երկուսն արդեն ապաքինվել են

Արտակարգ իրավիճակների նախարարությունում հինգ աշխատակից վարակվել էր նոր տիպի կորոնավիրուսով, որոնցից երկուսն արդեն ապաքինվել է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ արտակարգ իրավիճկաների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը։

«Մինչ այս պահը ԱԻՆ-ի համակարգում ունեցել ենք վարակվելու հինգ դեպք։ Նրանցից երեքն այս պահին բուժում են ստանում, երկուսն արդեն ապաքինվել են։ Բոլոր վարակվածների հետ շփում ունեցած ծառայակիցներն այս պահին մեկուսացված են։ Ունենք 42 մեկուսացված։ Մենք ունենք զորքի վերաբաշխման խնդիր և այս պահին պլանավորում ենք աշխատանքը, թե ինչպես պետք է վերաբաշխել ուժերը վարակի տարածման և այլ արտակարգ դեպքերի քանակի մեծացման ընթացքում»,- նշեց Հարությունյանը։

Հայաստանում ապրիլի 17-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1201 է, արձանագրվել է մահվան 19 դեպք: Ընդհանուր առմամբ կատարվել է 10 հազար 793 թեստ։

Հայաստանում ապրիլի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 44-ով և գումարային բուժվածների թիվը դարձել է 402։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 780 պացիենտ:

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ի ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Այս խորագրի վերջին նյութերը