Մեկնաբանություն

16.04.2020 23:17


Հեղափոխությամբ գունափոխվածը

Հեղափոխությամբ գունափոխվածը

2018–ին տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները ստացել են «թավշյա հեղափոխություն» անվանումը։

Ցանկացած հեղափոխության ժամանակ ժողովրդական ալիք է բարձրանում։ Ալիքն էլ իր հերթին ջրի երես է հանում ամեն ինչ, այդ թվում՝ տականքին։ Դա է պատճառը, որ ասում են, թե հեղափոխությունը պլանավորում են հանճարները, իրագործում՝ ռոմանտիկները, իսկ վայելում՝ տականքները։

Հեղափոխությունն այլ բաներից զատ ծնում է իր «հերոսներին»։ Այդ «հերոսներն» են՝ արագ գունափոխվածները, ճամբարից ճամբար թռածները, կեղծ մատնագրեր ներկայացնողները, «դանոսչիկները»։ ԱԺ «անկախ» պատգամավոր Արման Բաբաջանյանը հանդիսանում է բոլոր այս տեսակների խտացված մարմնավորումը։

Սա տարիներ շարունակ եղել է հաճախորդ և մինչև Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալը կատաղի կռիվ էր տալիս հեղափոխության դեմ։ Հենց որ Նիկոլը դարձավ «ժողովրդի» վարչապետ, Արմանն արագ գունափոխվեց, փոխեց իր ճամբարը և ինքնահռչակվեց որպես «թունդ հեղափոխական»։

Սույն «դանոսչիկն» այժմ ամենաքստմնելի ծառայություններն է մատուցում նիկոլական իշխանությանը՝ Նաիրի Հունանյանի համար «փաստաբանություն» անելուց մինչև կոնկրետ մարդկանց դեմ մատնագրեր ներկայացնելը։

Ժանրի կանոնների համաձայն սա նաև ռազմահայրենասեր է ներկայանում, քանզի տականքների վերջին հանգրվանը «հայրենասիրությունն» է։ Զինվորականների հետ է իշխանության «պասով» հանդիպում, նկարվում նրանց ֆոնին ու պաթետիկ ձևակերպումներով հանդես գալիս։

Ավելի մեծ անարգանք մեր բանակի հանդեպ, քան Արման Բաբաջանյանի առաջ զորք կանգնեցնելը, դժվար է պատկերացնել։ Մարդ, ով ապօրինաբար «թռել» է բանակից՝ մինչև այդ ընկնելով փաստաթղթերի կեղծման ամոթալի պատմության մեջ, մարդ, ով դատվել է այդ ապօրինության համար՝ մինչև այդ փորձելով սեփական մոր դեմ ցուցմունք տալու միջոցով ազատվել պատժից, պարզապես իրավունք չունի բանակի մասին խոսել անգամ, էլ ուր մնաց թե «փիառվել» բանակի հաշվին։

Բայց դե այդպիսի ժամանակներում ենք ապրում։ Հեղափոխական կոչված ժամանակներում։ Երբ շարքային դասալիքը բանակն օգտագործում է սեփական քաղաքական նպատակներով, քոքված հաճախորդը հանդես է գալիս որպես երդվյալ հեղափոխական, իսկ դանոսչիկն ու ստուկաչն օժտվում է պատգամավորական մանդատով։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը