Մեկնաբանություն

16.04.2020 21:29


Բայց դու ոնց որ բարկանում ես, «աղա ջան...» կամ՝ «կկվի կանչել»-ը հեռու չէ

Բայց դու ոնց որ բարկանում ես, «աղա ջան...» կամ՝ «կկվի կանչել»-ը հեռու չէ

Այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որևէ քննադատության հանդեպ ընկալունակ չէ, առանձնապես մի նորություն չէ: Մեկ կամ երկու անգամ չէ, որ կրկնվել է այդ տեսարանը, երբ ցանկացած քննադատություն, անգամ՝ ոչ խիստ դիտողություն նրան ուղղակի հունից հանում է: Ազգային ժողովի երեկվա հարցուպատասխանում պաշտոնյաների պարգևավճարների թեմայով նույնիսկ պայմանավորված, նախապես քննարկված (դա ինքը խոստովանեց) հարցին պատասխանելու փոխարեն հախուռն պոռթկման Փաշինյանի հերթական դրսևորումը նույն շարքից է: Թերևս կարելի է հայտնի հեքիաթի տարբերակով ասել՝ դու ոնց որ բարկանում ես, «աղա ջան»:

Ինչի՞ մասին է խոսքը: Իսկ խոսքն այն մասին է, որ 2018-ի մայիսից իշխանության եկած «թավշապետերը» իրենք իրենց բավականին ճոխ պարգևավճարներ են դուրս գրում: Երևույթին հանրությունն ուշադրություն դարձրեց դեռևս 2018-ի վերջերին, 2019-ի սկզբներին, երբ պարզվեց, որ ասենք, որևէ գերատեսչության ղեկավարի շարքային գործավարուհին, ժողովրդական բառուբանով ասած՝ «կոֆե դնողը» մի քանի միլիոն դրամի պարգևավճար է ստացել:

ԱԺ արտահերթ ընտրություններով «տեղը պնդեցրած» թավշյա իշխանափոխականները իրենք իրենց պարգևավճարներ (պրեմիաներ) դուրս գրելու առումով 2019-ին արդեն լիովին համին ընկան: Դե, «ախորժակն ուտելիս է բացվում»: Համացանցում վխտում են տարբեր հաշվարկներ ու փորձագիտական գնահատականներ առ այն, որ այս ամբողջ ժամանակահատվածում իշխանության ղեկավար և բարձր պաշտոններ զբաղեցնողների ստացած պարգևավճարների ընդհանուր գումարը հասնում է մի քանի տասնյակ միլիոն դոլարի: Նշվում է, օրինակ, 40-50 միլիոն դոլար ցուցանիշը:

Ընդգծենք. խոսքն աշխատավարձի մասին չէ՛, խոսքը պրեմիաների մասին է, այսինքն՝ աշխատավարձին ավելացող պարգևավճարների:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս թեմայով (կրկնեմ՝ յուրային կամ թիմակից պատգամավորի հետ նախապես պայմանավորված) հարցին անդրադառնալով նախ, միտումնավոր խեղաթյուրեց բուն խնդիրը և խոսեց պաշտոնյաների աշխատավարձերի ու դրանց բարձրացման մասին:

Անգամ 2018 թվականի իր մի «հեղափոխական» ելույթ հիշեցրեց, որտեղ ասում էր, թե ոստիկանների աշխատավարձերը պիտի բարձրացնի: Դեռ հարց է, իհարկե, թե վերջին երկու տարվա մեջ որքա՞ն, քանի՞ տոկոսով է բարձրացել կոնկրետ ոստիկանների աշխատավարձը: Արդյոք այն ևս կրկնապատկվե՞լ է, ինչպես, Նիկոլ Փաշինյանը, օրինակ, սուսուփուս, համարյա թաքուն կրկնապատկել է իր նախարարների աշխատավարձաչափերը, որ առանց այդ էլ՝ Հայաստանի չափանիշներով խիստ բարձր էին:

Բայց խեղաթյուրման «թակարդից» այսքանով խույս տանք, քանզի հանրային դժգոհության ու քննադատության բուն պատճառը, շեշտը, մեխը ոչ այնքան աշխատավարձերի բարձրացումը կամ դրույքաչափերն են, որքան՝ բազմամիլիոնանոց պրեմիաները, պարգևավճարները, որ նորիշխանավորները համատարած ու անխնա բաշխում են իրենք իրենց, ըստ որում, թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր մարմիններում:

Պարգևավճար, կներեք, ի՞նչ նվաճման կամ աշխատանքի այդ ո՞ր արդյունքի համար: Այն սուպեր-մասնագետների՞ն, որ օրենքի նախագծերը կոպիտ բացթողումներով են կազմում, ինչը տեսանք, օրինակ, երբ «Իմ քայլը» հապշտապ ուզում էր Սահմանադրության մեկ հոդվածի փոփոխության հանրաքվեի նախագիծ անցկացնել: Այդ ո՞ր որոշումների համար են պարգևավճարվում: Արդյոք այն որոշումների՞, որոնց ընդունումից անմիջապես հետո այս կամ այն գործունեությամբ զբաղվողները պաշարում են կառավարության թիվ 1 մասնաշենքի մատույցներն ու բողոքի ցույցեր անում, բացատրում, որ ախր, սխալ բան եք անում, այ նորապաշտոնյաներ, որ այ սրա, սրա ու այն մյուս հանգամանքի մասին ընդհանրապես չեք մտածել: Պարգև... ի՞նչ աշխատանքի համար:

Այ, բուժաշխատողներին սրտանց կարելի է ու պետք է պարգևատրել, պրեմիավորել՝ այս օրերին ցուցաբերած նվիրված աշխատանքի համար: Ու տրվել կամ տրվում է, կարծես, բայց այն էլ՝ տարբեր մեծահարուստ անձանց ու խոշոր ձեռնարկությունների բարեսիրական հատկացումների հաշվին:

Իսկ նախարարներին, փոխնախարարներին, կիսագրագետ ու կյանքից անտեղյակ «քայլա-պատգամավորների» մի մեծ մասի՞ն ինչու կամ ինչի համար պարգևավճար տալ, այն էլ՝ պետական բյուջեից:

Ինչի՞ համար են պարգևավճարվել պետական պաշտոնյաներն ու իշխանական պատգամավորները: Դատարանների դռները փակելու հակասահմանադրական ակցիայի՞, Հայ Առաքելական եկեղեցու և կաթողիկոսի հասցեին վայրիվերո ու վիրավորական արտահայտվելո՞ւ համար: Այդ ո՞ր պետական պաշտոնյաներն են պարգևավճարվում, նրա՞նք, որոնց պաշտոնային անհամապատասխանությունը, մեկը մյուսից անտեղյակությունն ու հակասական գործողություններն այս «արտակարգ» օրերին այնքան ակներև են, որ ոչ մի պոպուլիզմով չես թաքցնի:

Թե՞ չտեսների ձեռքը միանգամից ահռելի գումար է ընկել, չգիտեն, թե էլ ինչ անեն: Մեծական խոսք կա՝ «բոշի յուղը որ շատանում է, սկսում է մարմնի տարբեր մասերին քսել»: Է՜հ, չգիտե՞ք, թե ինչպես վարվեք պետական ու համաժողովրդական գումարների հետ, հարցրեք գոնե ձեր իսկ ընտրողներին, իրենք կասեն, թե՝ ինչ անել:

Եվս մեկ կարևոր երևույթ ու հարց:

Նիկոլ Փաշինյանը, իրեն բնորոշ վարքով ու ոճով, հակադարձում է, թե՝ դժգո՞հ եք, նախկիններին հետ բերեք, հետհեղափոխություն արեք, դուք դրա լեգիտիմ իրավունքն ունեք և այլն, և այսպես շարունակ: Նիկոլ Փաշինյանին երևի թվում է, որ դրսում դեռևս 2018 թվականի ապրիլն է կամ էլ դեկտեմբերը: Պարզ ասած, նա կարծես՝ այնքան էլ լավ չի ընկալում իր և իր թիմի՝ մի ժամանակ սիրած արտահայտությունը՝ «իրավիճակ է փոխվել»: Ավելին, իրավիճակը ոչ միայն փոխվել է, այլև գործող իշխանությունը կարծես՝ չի էլ տիրապետում այդ փոխված իրավիճակին: Ինչ-որ տեղ իրենք, կամ առնվազն Նիկոլ Փաշինյանը զգում է, որ «կկվի կանչելը» կարծես մոտ է, դրանից է գալիս թերևս այն, որ «աղա ջան»-ը ոնց որ բարկանում է:

Իսկ թե ի՞նչ կանի ժողովուրդը, ինչպե՞ս կվարվի հանրությունը, կներեք, Նիկոլ Փաշինյանի ասելով չէ, որ որոշվելու է: Այն իմաստով, որ եթե հանրային տիրապետող տրամադրությունը լինի գործող իշխանությունը կամ իշխանավորներին փոխելը, ապա դրանից հետո չեն գնալու իշխանությունից հեռացվածներին հարցնեն, թե ո՞ւմ բերեն կամ չբերեն: Ու հեղափոխություն կամ հետհեղափոխություն էլ պետք չէ: ԱԺ արտահերթ ընտրությունները լիովին բավարար գործիք են:

Թեթևակի հույս կա, որ հաջորդ անգամ ու էլի երկար ժամանակ գոնե դեմագոգ-պոպուլիստների ու ներքին պառակտումներ, ներքին թշնամանք հրահրող անպատասխանատուների չեն բերի իշխանության:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը