Մեկնաբանություն

16.04.2020 13:50


Ախր շա՜տ սկզբունքային են, է՜, իրենց ապիկարության մեջ

Ախր շա՜տ սկզբունքային են, է՜, իրենց ապիկարության մեջ

Ուշադրություն դարձրի՞ք, թե երբ Ալեքսանդր Ազարյանի գլխին սարքելու` 5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցը փոխած դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու «բարի լուրը» դրվեց շրջանառության մեջ։

Ճի՛շտ է՝ այն ժամանակ, երբ հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանի գործը «քընընող» Աննա Դանիբեկյանը ավելի քան մեկամսյա «ինքնամեկուսացումից» հետո ապրիլի 17-ին «հնարավոր է»՝ ներկայանա աշխատանքի, վերադառնա իր պարտականությունների կատարմանը և վերջապես անդրադառնա 4 վարչապետների երաշխավորությամբ նախագահի կալանքը փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությանը. թափանցիկ ակնարկ, թե ինչ են սպասում իրենից շատ թավշյա «նոր» Հայաստանի թավիշի ավելցուկից` օրենքի և օրինականության հանդեպ նրբանկատությունից տառապող, Սահմանադրության տառը և ստորակետն «ամեն ինչից վեր» դասող, փայփայող, գուրգուրող երիտկառավարիչները։

Առաջին նախազգուշացումը Դանիբեկյանն ստացավ թավիշների սրտի դատավոր ընտրվելուց շատ առաջ՝ ավելի վաղ, քան համակարգիչը «երջանիկ պատահականությամբ» հե՛նց նրան կվստահեր «դարակազմիկ» այդ գործը քննելու պատասխանատու գործառույթը. երբ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը, օպերատիվ կերպով արձագանքելով Դավիթ Գրիգորյանի որոշմանը Քոչարյանին ազատ արձակելու և 300.1 հոդված սահմանադրականության հարցով ՍԴ դիմելու վերաբերյալ, հրահանգեց շրջափակել դատարաններն ու կաթվածահար անել դատական իշխանությունը, և անձա՛մբ գլխավորեց բառի բուն իմաստով «հարվածային» այդ գործողությունը։ Ի լրումն`քրեական գործ կարել տվեց դատավորի վրա` գլխավոր դատախազության կողմից ժամանակին մերժված անհեթեթ մի դրվագով, որի վրա անգամ եփած հավի ծիծաղը կգար։

Հաջորդ դաստիարակչական քայլը, որի միջոցով երիտկառավարությունը փորձեց Դանիբեկյանին և վեթինգի հեռանկարով արդեն ահաբեկված մյուս դատավորներին գլխանց «ճշմարիտ ուղու» վրա դնել, Փաշինյանի հայտնի հարցազրույցն էր «Ազատություն» ռադիոկայանին. երբ Սահմանադրական դատարանը, քննարկեց և մասամբ բավարարեց Քոչարյանի պաշտպանների դիմումը` ոչ իրավաչափ համարեց և Սահմանադրությանը հակասող ճանաչեց քրեական օրենսգրքի այն դրույթը, որով սահմանվում են անձի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հիմքերը` որևէ անդրադարձ չանելով սահմանադրական անձեռնմխելիության ինստիտուտին։

Ինչպես միշտ, իրադարձություններից առաջ ընկնելով, Դանիբեկյանի նախագահությամբ Քոչարյանի և մյուսների գործով տեղի ունենալիք անդրանիկ նիստի նախօրեին, որի ընթացքում քննարկվելու էր «արդարության և անկախության» էտալոն Արմեն Դանիելյանի խայտառակ որոշումը` նախագահին նորից բանտախուց ուղարկելու վճիռը հաստատելու կամ չեղարկելու հարցը, սա ի լուր ամենքի հրապարակեց իր սեփական «վերդիկտը». հայտարարեց, որ ՍԴ-ն «գերազանցել» է իր իրավասությունները` «անօրինական» որոշում է կայացրել, և ուրեմն` սահմանադրական նորմը, որի համաձայն՝ ՍԴ որոշումներն անքննելի են` վերջնական են և բեկանման ենթակա չեն, այդ որոշման վրա չի տարածվում։ «Շատ թավշյա»` խելքից դուրս ժողովրդավարական այդ հայտարարության ներքո էլ տիկին Աննա Դանիբեկյանը կայացրեց իր որոշումը, որի տակից մինչև հիմա դուրս չի գալիս՝ որոշեց, որ Քոչարյանը պետք է նստի այնքան ժամանակ, քանի դեռ վարչա(հրամայա)պետ Փաշինյանն այլ որոշում չի կայացրել։

Հիմա էլ, նկատի ունենալով կորոնավարակի պայմաններում կալանքի տակ գտնվող ռիսկային` տարիքի, առողջական խնդիրների բերումով խոցելի անձանց խափանման միջոցը փոխելու մասին եվրոպական կառույցների, այդ թվում` ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի ցուցումը Քոչարյանի հանդեպ չկատարելու «կենսական անհրաժեշտությունը», մեջտեղ են բերել Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու հարցը։ Որ տիկին Դանիբեկյանին հետ պահեն «չմտածված քայլերից», հավելյալ «մոտիվացիա» ստեղծեն նրա համար` մնալու նախապես գծված պլանային առաջադրանքի շրջանակներում և անկանոն շարժումներ չանելու։ Միևնույն ժամանակ` պատժելու «կարգազանց» դատավորին, որ մյուսներին դաս լինի. նրանց, ովքեր մոռացել են Դավիթ Գրիգորյանի ուսանելի նախադեպը։

Երևանի ընդհանուր իրավասության նախագահ Արթուր Մկրտչյանն էլ, որին բաժին էր ընկել Արմեն Թավադյանին ազատելու Ազարյանի որոշումը «չեղարկելու» վերաբերյալ դատախազության բողոքը քննելու «պատվավոր» առաքելությունը, որոշեց իր լուման ներդնել այդ գործում՝ վարույթը «փոխանցեց» այլ դատավորի։ Եվ հիմնավորեց դա նրանով, որ «պատիվ» է ունեցել`երկու ամսով երկարացնելու Քոչարյանին «փակի տակ» պահալու որոշումը և չի բավարարում «անկողմնակալության» չափանիշին։ Ինչից «մեխանիկորեն» հետևում է, որ Ազարյանը շրջանցել է «դատավորի էթիկայի» նորմերը`քննելով Թավադյանի գործը և նրա օգտին որոշում կայացնելով. այն դեպքում, երբ նման մի որոշում էլ նրա զինակից ընկեր Քոչարյանի մասով էր ընդունել։

Ինչ փույթ, թե Վերաքննիչի մեկ այլ դատավոր, իր որդու բացահայտ «հակաքոչարյանական» հայտարարություններն ու գործողությունների փաստն անտեսելով` լա՛վ էլ քննել է Քոչարյանի կալանքը վերացնելու հարցը՝ ի վնաս նախագահի որոշում կայացրել, և ոչինչ`այս դեպքում ոչ մի կարգապահական վարույթի խնդիր չի առաջացել։ Նույնը Արմեն Դանիելյանի դեպքում, երբ սա առանց պաշտպանական կողմին լսելու գնաց խորհրդակցական սենյակ և վերստին «փակել տվեց» Քոչարյանին։

Աննա Դանիբեկյանի մասին, որ մի ամսից ավելի «անհայտ կորած» վիճակում էր`որոշել էր քթի պլաստիկ վիրահատության ենթարկվել, և ոչ մեկը չգիտեր` ուր է, ինչ է անում, երբ է վերադառնալու և տեր կանգնելու իր վարույթում գտնվող գործերին, արդեն չենք խոսում։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը