Կարծիք

15.04.2020 14:29


Հիշեցում՝ Ալեն Սիմոնյանին

Հիշեցում՝ Ալեն Սիմոնյանին

Ապրիլի 14-ին Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը իր գրառման մեջ նշել է, որ ՀՀ հազարավոր քաղաքացիներ պահանջում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի փոփոխությունը՝ գուցե ակնակարկելով, որ արտակարգ դրության ավարտից հետո Ազգային ժողովը կարող է նույնիսկ ինչ-որ գործընթաց նախաձեռնել այդ հարցով։

Այս կապակցությամբ, պարոն Սիմոնյանին ցանկանում եմ հիշեցնել հետևյալը՝

ա) Համաձայն ՀՀ Սահմանադրության Հոդված 17-ի՝

1. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը:

2. Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից:

Լինելով բարձրաստիճան պետական պաշտոնյա՝ պարոն Սիմոնյանը պետք է հարգի Սահմանդրությունը և երաշխավորի Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու գործունեության ազատությունը, և իր հայտարություններով չփորձի միջամտել նրա գործունեությանը։

բ) Համաձայն ՀՀ Սահմանադրության Հոդված 18-ի՝

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:

Լինելով բարձրաստիճան պետական պաշտոնյա՝ պարոն Սիմոնյանը պետք է ևս մեկ անգամ հարգի Սահմանդրությունը և ճանաչի Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու բացառիկ առաքելությունը մեր ժողովրդի հոգևոր կյանքում, և չփորձի նսեմացնել այն՝ եկեղեցու վեհափառ հայրապետին ուղղված արհամարական արտահայտություններով։

Որպես հայ քրիստոնյա՝ լրացուցիչ իմ կողմից նշեմ, որ եկեղեցին ոչ միայն նրա հովիվներն են, այլև իմ պես բազմաթիվ հավատավոր մարդիկ, և եկեղեցուց դուրս որևէ մեկը իրավունք չպետք է վերապահի իրեն մեր անունից խոսել, կամ էլ մեզ ցուցումներ տալ։ Իրականացրե՛ք Սահմանադրությամբ ձեզ վերապահված լիազորությունները և մի՛ փորձեք դուրս գալ դրանց շրջանակներից, դուք դրա հետևանքերը, կարծես, լավ չեք գիտակցում։

Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը