Մեկնաբանություն

15.04.2020 10:10


Երբ վարչապետը շարքային Պողոսից ավելին չէ

Երբ վարչապետը շարքային Պողոսից ավելին չէ

Եվ այսպես, Նիկոլի դուրը չի եկել, որ Ռոբերտ Քոչարյանը «հրապարակայնորեն արտահայտված զրպարտության» համար դատի է տվել իրեն ու 2 միլիոն դրամ փոխհատուցում է պահանջում։

Չի հասկանում`«ո՞րն է նպատակը», չգիտի` իր «հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունների» կոնկրետ ո՞ր դրվագի համար է իրենից հաշիվ պահանջում։ Բայց «անորոշ ենթադրություններ» ունի, թե «ամենայն հավանականությամբ, խոսքը այն հայտարարության մասին է, որ հակակոռուպցիոն պայքարի արդյունքում վերադարձվող գումարները պիտի ուղղվեն բանակին, իսկ այդ փողերը Սերժ Սարգսյանի մոտ են եւ նրա ընտանիքի, Ռոբերտ Քոչարյանի մոտ են եւ նրա ընտանիքի, Գագիկ Խաչատրյանի մոտ են եւ նրա ընտանիքի»։

Եվ «զարմանքով» արձանագրում է. «Փաստորեն Ռոբերտ Քոչարյանը համարում է, որ դա զրպարտություն է, այսինքն`կամ ինքը չի թալանել, կամ էլ այդ փողերն իր եւ իր ընտանիքի մոտ չեն»։ Ինքը պարզ «թվաբանական վարժություն» է արել (գիտեք, որ վերջերս խորացել է թվաբանության մեջ) և պարզել, որ դրանով կարելի է մոտ 800 պիցցա առնել` ոչ ավելի։

Իսկ թե ինչո՞ւ է պիցցա առ պիցցա հաշվել բարոյական վնասի փոխհատուցումը, որ պահանջում է երկրորդ նախագահը, ոչ թե քյաբաբ առ քյաբաբ կամ պեռաշկի առ պեռաշկի`երևի պետք չէ բացատրել. «մոտ» մեկուկես տարի է, Նիկոլի և իր «ոչխարների» քառակուսի ուղեղներում հակահեղափոխությունն անմիջականորեն ասոցացվում է պիցցայի հետ` աչքներին բան չի գալիս, բացի պիցցայից։

Բարձրաստիճան պաշտոնյաներին (նախկին թե գործող`կարևոր չէ) հրապարակավ զրպարտելը` որևէ փաստ, ապացույց չներկայացնելով, Նիկոլի համար, ինչ խոսք, նորություն չէ` նա մի քանի անգամ դատական կարգով պատասխանատվության է ենթարկվել դրա համար թե՛ Տեր-Պետրոսյանի, թե՛ Քոչարյանի օրոք։ Արտառոցն այն է, որ հիմա նա դա անում է ոչ թե որպես շարքային լրագրող, թունդ արմատական խմբագիր կամ սուտ ընդդիմադիր պատգամավոր, այլ` վարչապետ, և ի պաշտոնե պարտավոր է հարգել անմեղության կանխավարկածը`չստուգված, անհերքելի փաստերով ու դատական վճիռներով չամրապնդված մեղադրանքներ չհնչեցնել սրա-նրա, առավել ևս` երկիրը 10 տարի ղեկավարած նախագահի հասցեին։

Այսինքն` իրեն պահում է սովորական Պողոսի պես, և մեկ անգամ արդեն իր «թքածը լիզել» է (երբ նույն Ռոբերտ Քոչարյանը քաղաքացիական հայց էր ներկայացրել Նիկոլի դեմ` պահանջելով ներողություն խնդրել նրա համար, որ Ֆրանսիայում գտնվելով` իրեն մարդասպանի պիտակ է կպցրել). յուր փաստաբանի միջոցով խոսքից հետ էր կանգնել, թե բա` բան է, ասել եմ` կոնկրետ անձի, տվյալ դեպքում`երկրորդ նախագահին նկատի չեմ ունեցել։

Ավա՜ղ, անցյալի փորձից դասեր չի քաղել`այս դեպքում խիստ հասցեական` անվանական «մեղադրանք» է առաջադրել Քոչարյանին ու չի կարող «կռուտիտ» անել` «պլստալ» սեփական խոսքերի համար պատասխան տալու տհաճ պարտականությունից։ Երկու տարի իրավապահ ողջ համակարգը մոբիլիզացրել է`կաշվից դուրս է գալիս`տեղորոշելու և «կոնֆիսկացնելու» Ռոբերտ Քոչարյանի առասպելական ունեցվածքը, փորում է «չորս միլարդի թալանը», փորում, փորում, ու չի գտնում։ Եվ, ի դեմս իր ընտանեկան կայքի անանուն հոդվածագրի, ափսոսանքով խոստովանում է. «Նրա թալանի վերաբերյալ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ առայժմ չկա (հույսը վերջինն է մեռնում-Լ.Պ.), ու հենց սրանից էլ օգտվում է Քոչարյանը` դատի տալով Փաշինյանին»։

Բայց Նիկոլին փաստերով, առավել ես` փաստերի բացակայությամբ չես խեղճացնի. հարցրեք ցանկացած պողոսի, և կհամոզվեք` մարդուն «թալանի» մեջ մեղադրելու համար ոչ փաստեր են պետք, ոչ էլ ուժի մեջ մտած դատավճիռ. «Անկախ դատավճռի առկայությունից կամ բացակայությունից` բոլորն էլ գիտեն, թե ինչպես են ձեռք բերվել նրա ընտանիքի միլիոնները»։

Որպեսզի «քիչ չթվա», անանուն հոդվածագիրը (դե, «բոլորն էլ գիտեն»`ով է նա, ով է նա, ով է նա), զրպարտության վերաբերյալ «հակընդդեմ» հաղորդագրություն է ներկայացնում`Քոչարյանին հիմա էլ զրպարտելու մեջ մեջ մեղադրելով. «Զրպարտության մեջ դիմացինին մեղադրում է մի մարդ, որը 2008-ի մարտի 1-ի նախօրեին հեռուստատեսությամբ հայտարարեց, թե ցուցարարները զինված են ու ավտոմեքենաների ետեւից կրակում են ոստիկանների վրա (հետագայում դա հաստատող որեւէ փաստ չներկայացվեց), իսկ մարտի 2-ին հեռուստատեսությամբ կադրեր էին ցուցադրվում, թե ինչպես է Ազատության հրապարակն ու Մյասնիկյանի արձանի հարակից տարածքը հեղեղված ներարկիչներով ու օղու դատարկ շշերով։

Այսինքն` Քոչարյանի ղեկավարած իշխանությունները հարյուր հազարավոր մարդկանց ներկայացնում էին որպես ալկոհոլի ու թմրանյութերի ազդեցության տակ գործող զինված բանդաներ։ Իսկ այդ բացահայտ զրպարտության արդյունքը եղավ այն, որ իրենց իսկապես հրոսակների պես պահող ուժայինների հատուկ ստորաբաժանումներն ու անհայտ խմբավորումները հարձակվեցին ժողովրդի վրա` խլելով տասը հոգու կյանք։ Հիմա այդ ամենի պատասխանատուն դատի է տալիս այդ նույն ժողովրդի կողմից ընտրված վարչապետին ու 2 միլիոն դրամ (մոտ 800 պիցցա) պահանջում»։

Մի կողմ թողնենք, որ Քոչարյանը ոչ թե մարտի 1-ի նախօրեին է ասել զինված ցուցարարների մասին, որոնք ավտոմեքենաների ետևից դուրս էին գալիս կրակում, հետո նորից թաքնվում, այլ մարտի 1-ի երեկոյան, երբ արդեն տեղեկություններ կային վիրավորների մասին։ Եվ այդ մասին հայտարարել է ոչ թե մատից հոտ քաշելով, այլ` իրավապահ մարմիններից ստացած հաղորդագրությունների հիման վրա, որոնք ապացուցված են համացանցում շրջանառվող ոչ թե մի, այլ մի քանի տեսանյութերով (այլ բան է, որ դրանք, չգիտես ինչու, Նիկոլի և իր «անանուն» հեղինակի աչքով չեն ընկել)։ Ինչ վերաբերում է Ազատության հրապարակի «կադրերին», այդ կադրերը, բնականաբար, օդից չեն ընկել` նկարահանվել են դեպքի վայրում։

Ուշագրավն այստեղ այն է, որ Նիկոլի կայքը հընթացս սրբագրել է ՀՔԾ-ի կողմից Քոչարյանին առաջադրված շինծու մեղադրանքը. պարզվում է` տաս մարդ «հանուն ոչնչի» զոհվել է` ոչ թե որովհետեւ նախագահը «տապալել է սահմանադրական կարգը» կամ «բանակը ներքաշել քաղաքականության մեջ», ինչպես գրված է մեղադրական եզրակացության մեջ, այլ` «զրպարտության» պատճառով։ «Թալանն» էլ չափվում է ոչ թե «միլիարդներով», այլ «միլիոններով»։

Վաղը կարող է պարզվել, որ խոսքը ոչ թե միլիոնավոր դոլարների, այլ դրամների մասին է։ «Առաջընթացն», ինչպես տեսնում եք, ակնհայտ է...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը