Մեկնաբանություն

14.04.2020 19:30


Վարպե՛տ, պահի, հրապարակ իջնող կա՞, թե՞ կանգառից դուրս կանգառ չպահանջել

Վարպե՛տ, պահի, հրապարակ իջնող կա՞, թե՞ կանգառից դուրս կանգառ չպահանջել

Երթուղային միկրոավտոբուսների, խոսակցականով՝ «մարշրուտկաների» վարորդների այսօրվա բողոքի դրսևորումը, կարելի է ասել՝ արտակարգ դրության ռեժիմով պահանջվող սահմանափակումների հնարավոր սոցիալական հետևանքների «առաջին ծիծեռնակն» էր (դե, գարուն է, այնուամենայնիվ, ծիծեռնակ ասենք):

Հասկանալի է, առնվազն մեկ ամիս հարկադրված պարապուրդի մեջ գտնվող մեր այս հայրենակիցները գործնականում զրկվել են եկամտի աղբյուրից: Հասարակական տրանսպորտն, ըստ կարգի, չի գործում, երթուղայիններով ուղևորափոխադրումներ չեն իրականացվում, հազարավոր վարորդներն էլ, բնականաբար, եկամուտ չունեն: Ընդ որում, ոչ միայն մայրաքաղաքի կամ քաղաքների ներսում գործող երթուղայինների, այլև միջքաղաքային ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսների վարորդներն էլ են նման վիճակում: Խոսքը, կրկնենք՝ հազարավոր մարդկանց մասին է:

Այն մարդկանց, ի դեպ, որոնց ճնշող մեծամասնությունը «թավշյա հեղափոխության» կամ «իշխանափոխության» իրականացման զանգվածի մեջ էր, այսպես ասած՝ շահառու, իսկ ոչ այնքան վաղուց էլ՝ «Իմ քայլի» արտահերթ ընտրազանգվածի մի մասը: Սա համարենք ի միջի այլոց դիտարկում:

Կարևոր է այլ բան. այն, որ ինչպես հայտարարում էին այսօր արդեն բողոքի ելած երթուղայինների վարորդները, կառավարության սոցիալական ծրագրերի «փաթեթներից» ոչ մեկում իրենց չէին գտել: Պարզ ասած՝ իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերը իրենց շրջանցել են: Հնարավոր է, իհարկե, առաջիկայում, այսինքն, այն բանից հետո, երբ մարդիկ բողոքի ձայն բարձրացրեցին, կառավարությունում կամ պարետատանը ինչ-որ պաշտոնյաներ իրար գան ու ինչ-որ բան ձեռնարկեն՝ գոնե բողոքի ձայնը մարելու համար:

Հատկանշական է և այն, որ մարդիկ, արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումները (այդ թվում՝ բողոքի ակցիաների, ցույցերի սահմանափակումը) ընկալելով հանդերձ, ելել էին իրենց բողոքը խմբովի արտահայտելու: Այսինքն, վիճակն այնպիսին է, որ մարդիկ, վարորդներն իրենց մասին հիշեցնելու այլ հնար չեն տեսել: Մինչդեռ, վիճակը գնալով ավելի կարող է բարդանալ, անկեղծ ասած: Ու խոսքը առաջին հերթին հենց սոցիալ-տնտեսական վիճակի մասին է: Հարկավ, հատկապես օրավարձով աշխատող, ընտանիք պահող հայրենակիցների սոցիալական կացության:

Ինչպես մի որոշ ժամանակ առաջ սոցցանցերի «աստղ» դարձած նրանց կոլեգան կնկատեր՝ «բոլոլա է լինելու և մեծ բազառ»:

Հարցեր է, որ ծագում են:

Օրինակ, ինչպե՞ս է, որ այս մարդկանց օգնություն չի հասել: Ինչպե՞ս է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե օրավարձով աշխատողներ չկան, բայց նրանք կան: Ինչպե՞ս է, որ ասվում էր, թե օրավարձով աշխատողներին էլ կօգնեն, բայց կոնկրետ տվյալ մարդկանց այնքան չեն օգնել, որ ստիպված էին իրենց գոյության մասին հիշեցնել: Ինչպե՞ս է, որ այդքան պրեմիավորված կառավարական ու խորհրդարանական իշխանավորների շարքերում ոչ մեկը չի գտնվել, որ նման հարցերի մասին նախօրոք մտածեր: Իրենք էլ, իբր, «ոտքով շրջող», ասել կուզի՝ նաև հանրային փոխադրամիջոցներով, «մարշրուտկաներով» գործի գնացող պաշտոնավորներ են, չէ՞:

Հիմա ի՞նչ, վարպետ, պահի, հրապարակ իջնող կա՞, թե՞ կառավարության արդեն նախանշած սոցիալական «կանգառից» դուրս կանգառ չպահանջել:

Եվ էլի: Այսօրվա բողոքի երևույթը դեռ միայն առաջին «ծաղիկն» է:

Արտակարգ դրության, փաստացի արդեն երկրորդ ամսվա մեջ մտած ռեժիմը դեռ նոր հարցեր էլ է առաջացնելու: Մոտ մեկ ամիս առաջ նկատել ենք, մի հատ էլ արժե կրկնել. այս կորոնավիրուսային վիճակը առաջնահերթ հարվածելու է, այսինքն՝ արդե՛ն հարվածել է զբոսաշրջության ոլորտին և այդ ճյուղի հետ շաղկապված տնտեսվարողներին, այդ բնագավառում աշխատողներին: Խոսքը թե՛ տուր-օպերատորների մասին է, թե՛ ավտոէքսկուրսիաներ իրականացնող վարորդների, թե՛ սննդի ու զվարճանքի, ժամանցի օբյեկտների:

Երբ լսում ես իշխանավորներին, հատկապես վարչապետին, թվում է կամ ավելի ճիշտ՝ իրենք փորձում են հավաստիացնել, թե բոլորի ու ամեն ինչի մասին մտածած է: Չնայած, երբ լսում ես այնպիսի «ճառեր», ինչպես օրինակ, վարչապետ Փաշինյանի գրառումը ԿԲ կողմից դոլար գնելու և նման թեմաներով, սկսում ես կռահել, որ այդ՝ «ամեն ինչի մասին մտածածը» այնքան էլ մխիթարական չէ:

Ի դեպ, կառավարությանը հուշենք, որ տաքսու վարորդների վիճակն էլ այն չէ: Ի դեպ, շինարարության արհեստավորների ու բանվորներինն էլ: Ի դեպ, վարսավիրներինն էլ: Ի դեպ...

Սպասել հաջորդ բողոքի դրսևորումների՞ն, թե՞... դուռը կամա՜ց փակեք:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը