Կարծիք

14.04.2020 12:50


Այդպես էլ ոչ ոք չբացատրեց սովորական մարդուն, թե ինչու է վտանգավոր վիրուսը, ինչպես է պետք պաշտպանվել

Այդպես էլ ոչ ոք չբացատրեց սովորական մարդուն, թե ինչու է վտանգավոր վիրուսը, ինչպես է պետք պաշտպանվել

Ո՞րն է իմաստն այսպիսի «մխիթարանքների». «Մահացել է կորոնավիրուսով վարակված հիվանդը, նշենք, որ ուներ նաև ուղեկցող հիվանդություններ՝ բարձր ճնշում, դիաբետ, ևն»։

Իբր ամբողջ ազգը պողպատյա առողջություն ունի, ու միայն հատուկենտ դժբախտնե՞րն են, որ տուժելու են։ Բարձր ճնշում, բարձր շաքար, սրտանոթային հազար ու մի հիվանդություն, դրանք այդքան հազվագյուտ հիվանդություննե՞ր են։ Ձեզնից կամ ձեր հարազատներից ոչ ոք չունի՞։

Շաքարախտը, ասենք՝ ցանկացած վիրահատություն բարդացնող գործոն է։ Մի հատ լսեք, էլի. «Չվերապրեց սրտի վիրահատությունը, բայց հաշվի առեք, որ համ էլ դիաբետ ուներ»։ Էհ, ուներ, և՞...

Պատկերացրե՛ք, մարդ է մահանում, ու սենց խոսակցություն. «Մեռավ, բայց բարձր ճնշում էլ ուներ»։ «Հա՞, բարձր ճնշում ունե՞ր։ Ուրեմն էդ հաշիվ չի...»։

***

Կենտրոնը ցերեկը համարյա դատարկ էր, երևի թե սովորականի 10 տոկոսի չափ մարդ կար։

* * *

Ամենայն հավանականությամբ շատերը ձեռնոցի իմաստն չեն հասկանում. ձեռնոցներով են, բայց նույն ձեռնոցով ամեն ինչին կպնելուց հետո վերցնում են հեռախոսը, զանգում, այդ հեռախոսը քսում դեմքին, բերանին, որտեղ ասես։

Կանգառներում լռված տաքսիստներին կարելի է ճապոնացի կամիկաձեների էն սպիտակ գլխաշորերից տալ. ի՞նչ սոցիալական դիստանցիա, ի՞նչ դիմակ, ի՞նչ բան, իրար գլխի հավաքված ասում, խոսում, խնդում, իրարից պապիրոս կրակում և այլն, և այլն...

Ինձ հանդիպած ոստիկանների կեսից շատն առանց դիմակ էին։ Բայց մի քանի խումբ էլ հանդիպեցի՝ լրիվ դիմակավոր, ձեռնոցներով։ Ենթադրում եմ, որ կոնկրետ պարեկի հրամանատարից է գալիս դիմակ հագնել-չհագնելը։

Փողոցով զբոսնող և ուրիշներից հեռու մնացող քաղաքացուն դիմակ պետք չէ, այո, բայց նրանց, ովքեր գործի բերումով պետք է անընդհատ այլ մարդկանց հետ շփվեն թե՛ դիմակներ են պետք, թե՛ ձեռնոցներ, թե՛ ինչ-որ աշխատակարգեր։

Արձանագրենք, որ այդպես էլ ոչ ոք չբացատրեց սովորական մարդուն, թե ինչու է վտանգավոր վիրուսը, ինչպես է պետք պաշտպանվել, և այլն, և այլն։

Հ.Գ. Բակերում ու ներքին փողոցներում լիքը մարդ կա, այո՛։ Գործի չեն գնում, պարապ են, դուրս են գալիս հարևանների հետ շփվելու, երեխեքին խաղացնելու և այլն։ Դա էլ է վիրուսը չհասկանալու հետևանք։ Իհարկե, այսպիսի շփումներից հետևանքներն այնքան մասշտաբային չեն լինի, ինչպես կլիներ, ասենք՝ եթե դպրոցում կամ 300-հոգանոց հիմնարկում, բայց մե՛կ է, վտանգավոր է։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը