Մեկնաբանություն

13.04.2020 17:33


Երբ մոտեցման առանցքը պոպուլիզմն է, քառակի «արտակարգ ժամկետն» էլ չի օգնի

Երբ մոտեցման առանցքը պոպուլիզմն է, քառակի «արտակարգ ժամկետն» էլ չի օգնի

Կանխատեսելի էր, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «թավշյա» կառավարությունն, ի վերջո, կգնա արտակարգ դրության ժամկետը ևս մեկ ամսով երկարաձգելու քայլին: Հիմնական պատճառն այն է, որ Covid-19 կորոնավիրուսի վարակը երկրում, այնուամենայնիվ, տարածվում է, վարակվածների, ցավոք, նաև՝ մահացու ելքով դեպքերի քանակն ավելանում է: Դաժան վիճակագրություն է, իհարկե:

Արտաքուստ, թվում է, որ արտակարգ դրության ժամկետը երկարաձգելն այլընտրանք չուներ. դա էին պահանջում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ երկրում ձևավորված պատկերն ու վերը ակնարկված դաժան վիճակագրական տվյալները:

Բայց որքան ավելի է երկարում այս վիճակը, այնքան ավելի ու ավելի սուր է դրվում հարցը, թե ինչո՞ւ, ինչ գործոնների ազդեցության հետևանքով մենք հայտնվեցինք նման դառը իրողությունների, այդ թվում՝ «արտակարգ դրությունը» երկարաձգելու անհրաժեշտության առաջ: Ու գնալով ավելի շատ մարդիկ են այդ հարցը տալիս: Եվ հարցեր տալիս են արդեն նույնիսկ այն հայրենակիցները, որ մինչև բոլորովին վերջերս յոթ երգ գիտեին, յոթն էլ՝ Փաշինյանին գովաբանող:

«Թավշյա» ժամանակահատվածի տարածված երգերից մեկն էլ, հիշեցնեմ, սկսվում էր այս մոգական արտահայտությամբ՝ «թողեք, թող աշխատեն»: Ասել կուզի՝ Փաշինյանի գլխավորած իշխանությանը մի խանգարեք (թե ո՞վ էր, էլի, խանգարում), թողեք, թող աշխատեն: Ճիշտ է, այդ շինծու կամ «փուչիկ» հորդորը գործածողները, սովորաբար, խանգարող էին համարում և ոմանք դեռ համարում են կառավարությանն ուղղված քննադատությունն ու քննադատողներին: Խանգարողը, ո՞րն է: Ամենակեղտոտ հայհոյանքներով, անեծք-լուտանքով վրա էին տալիս:

Չշեղվենք բուն հարցից:

Իսկ բուն հարցն այն է, որ «Արտակարգ դրություն» ասվածը գրեթե իդեալական վիճակ է ցանկացած կառավարության (իշխանության) համար. գերլիազորություններ, բազմապիսի սահմանափակումներ կիրառելու գրեթե անսահմանափակ հնարավորություն, անմենատարբեր ռեսուրսների մոբիլիզացիայի լեգիտիմ և հիմնականում ըմբռնումով ընդունվող հնարավորություն, զրոյական քաղաքական դիմադրություն՝ ընդդիմադիր ուժերի կողմից:

Այս վերջինի պահով, նկատենք. խոսքը տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների քննադատական գնահատականների մասին չէ: Խոսքն այն մասին է, որ բոլոր քաղաքական ուժերը, առաջին հերթին՝ ընդդիմադիրները, իշխանության որոշումների կիրառմանը քաղաքական և գործնական դիմադրություն չեն ցուցաբերում, նման կոչեր չեն անում, հակառակը՝ իրենց ուժերի չափով փորձում են նաև օգտակար լինել:

Եվ ահա նման, գրեթե իդեալական «թողեք, թող աշխատեն» պայմաններում, Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը «կարողանում» է հասնել այն կետին, որ 1 ամսվա մեջ վարակվածների քանակը 50-55-ից աճում է մինչև 1000, երկրի «կորոնավիրուսային» քարտեզի վրա հայտնվում են նոր կետեր, վարակի տարածումն, ըստ էության, ընդլայնվում է: Նման «արտակարգ» կառավարման համար, իսկապես որ, հատուկ «տաղանդ» է պետք ունենալ:

Նախնական փուլում, երբ պահանջվում էր արագ և օբյեկտիվ գնահատել վտանգը, այս կառավարությունն ու անձամբ Փաշինյանը մի քանի անգամ սայթաքեցին: Հետո, երբ արդեն բանը հասավ «արտակարգ դրություն» հայտարարելուն, հաջորդեցին նոր վրիպումներ:

Օրինակ, մի պահ հույսը լրիվ դրեցին «քաղաքացիների ինքնագիտակցության» վրա: Դա բավականին գեղեցիկ ու սիրաշահոտ է հնչում, բայց նմանօրինակ վիճակներում բացարձակ անհեռանկար բան է: Եթե կոշտ սահմանափակումներ ես մտցնում, ուրեմն՝ մտցնում ես, ու վե՛րջ: Իսկ մեր դեպքում հիմնականում տեսնում էինք կիսամիջոցներ: Նախազատկական օրը «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի լեցուն վաճառասրահն ու դռների մատույցների մոտ ձևավորված պատկերներն էլ, որպես վերը ասվածի վառ ապացույց: Ի՞նչ «ինքնագիտակցության» մասին է խոսքը:

Եթե արտակարգ դրության պայմաններում վարակը նման տարածում է ստանում, նշանակում է, որ իրական սահմանափակումներն էլ անհրաժեշտ խստությամբ չեն կիրառվել: Այ թե ո՛րն է հարցը: Ոչ պակաս հարց է նաև կասկածելի (վարակվածույթան առումով) անձանց ստուգման արագությունն ու թեստավորումը:

Հարցը այն է նաև, որ ներկա փուլում, ու դա շատ-շատերն են նշում, առաջնահերթ է դարձել բնակչության հնարավորինս ընդգրկուն թեստավորումը: Սակայն այնպիսի տպավորություն է, որ կառավարությունն այս հարցի լուծման դեպքում էլ է ուշանում, անգամ թվում է՝ տեղապտույտի մեջ ենք հայտնվել (Մարտունու հիվանդանոցի դեպքը բոլորիս աչքի առաջ է):

Իսկ մեծ հաշվով, հիմնական խնդիրը այլ է, կամ «շան գլուխն այլ տեղ է թաղված»:

Բանն այն է, որ երբ իշխանության ղեկավարի մոտեցման առանցքը ամբոխահաճությունն է (նույն ինքը՝ պոպուլիզմը), ապա կառավարությանը քառակի «արտակարգ ժամկետն» էլ չի օգնի: Առավել ևս, երբ կառավարիչների գործնական ունակություններն էլ մի եսիմ ինչ կարգի փայլուն չեն, ի տարբերություն՝ ստացած պլպլան պրեմիաների:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը