Կարծիք

11.04.2020 21:00


Մտածելով միայն սեփական ստամոքսի և պարգևավճարների մասին՝ երկիր չեն ղեկավարում

Մտածելով միայն սեփական ստամոքսի և պարգևավճարների մասին՝ երկիր չեն ղեկավարում

Կառավարությունը որոշում է երկարացնել երկրում հայտարարված արտակարգ դրությունը։

Լավ, հարց չկա, այս վիճակում դա սխալ որոշում չէ։ Բայց դուք հաշվի չեք առնում այդ ամենից բխող հարցերը և տարատեսակ խնդիրները։ Որպես օրինակ`

1) Դուք որևէ կերպ որևէ օգնություն չեք ցուցաբերում հասարակ քաղաքացիներին։ Միայն թե չասեք` բայց այն 26.500 միանվագ օգնությունը։ Նախ, դուք այնպիսի նախապայմաններ եք առաջ քաշել այդ օգնությունը ստանալու համար, որոնք գրեթե անհաղթահարելի են ժողովրդի այն հատվածի համար, որն իսկապես ունի այդ օգնության կարիքը։ Չնայած նրան, որ սա ուղղակի ծիծաղելի գումար է, որը անգամ դուք եք գիտակցում, որ բավարար չէ անգամ երեխայի մեկ ամսվա մինիմալ կարիքները հոգալու համար (ու այս գումարի չափը որոշում են այն մարդիկ, ովքեր դժգոհում են 500.000 դրամ աշխատավարձից):

2) Ունենք տնտեսական մեծ խնդիր և այդ խնդիրը է՛լ ավելի է խորանալու ձեր անգործությունից։ Քանի որ որևէ քայլ չի ձեռնարկվում այդ ամենից խուսափելու համար։ Բազմիցս ասել եմ, թե ինչու չեք կարողանում և կարողանալու այդ խնդիրները լուծել. դա այս ոլորտի մասնագետների բացակայությունն է։

3) Ձեռնարկությունների հաշվին թողնելով աշխատակիցների փոխադրման ծախսերը՝ արդյոք դուք պատշաճ կերպով կարողանալո՞ւ եք վերահսկել այդ գործընթացը, որպեսզի գործատուն այդ ամենը չանի հենց տվյալ աշխատողի աշխատավարձի հաշվին։ Արդյոք պետությունը որևէ կերպ չի՞ պատրաստվում օգնել փոքր և միջին ձեռնարկատերերին այդ խնդրի լուծման հարցում։

Այս ամենը դեռ խնդիրների շատ փոքրիկ մասն է, որը ծանրացել է ժողովրդի ուսերին, որոնք դուք որևէ կերպ չեք փորձում թեթևացնել: Մտածելով միայն սեփական ստամոքսի և պարգևավճարների մասին՝ երկիր չեն ղեկավարում։

Իսկ միգուցե այս ամենից հնարավո՞ր էր խուսափել: Եթե դուք իսկապես լինեիք ազգասեր և ազգանվեր, այլ ոչ ազգադավ և ազգակործան, այս ամենից հնարավոր կլիներ խուսափել, և երկիրը այս ամենից դուրս կգար մինիմալ կորուստներով։ Բայց ի՞նչ էիք անում դուք`

1) Երբ ամբողջ աշխարհը ահազանգում և համատարած կարանտին էին հայտարարում, դուք անգործության էիք մատնված։
2) Երբ ամբողջ աշխարհում փակվում էին երկրների պետական սահմանները, որպեսզի կանխարգելվի վիրուսի ներթափանցումը և տարածումը, դուք հայտարարում էիք, որ այդ վիրուսը այդքան էլ վտանգավոր չէ, և հատուկ գործողությունների կարիք չկա։
3) Երբ բոլորը հորդորում էին խուսափել մարդաշատ վայրերից, դուք կազմակերպում էիք "այո"-ի քարոզարշավներ, և սա այն դեպքում, երբ երկրում արդեն կար վիրուսի հաստատված դեպք:

Ու նման օրինակներ դեռ շատ կան։ Ուստի վերջում հանկարծ չփորձեք այս ամենի մեղքը բարդել քաղաքացու վրա՝ կոծկելով սեփական անգործությունը։

Սարգիս Օհանջանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը