Կարծիք

11.04.2020 12:26


Մի՛ հավատացեք հին շառլատաններին

Մի՛ հավատացեք հին շառլատաններին

Այ դուք, ով բողոքում է Նիկոլ Փաշինյանի ու Արսեն Թորոսյանի իրարամերժ հայտարարություններից, չեք ընկալում, թե ինչու է դա արվում:

Չէ որ ակնհայտ է, որ հազիվ թե նախարարը տեղյակ չլիներ իր կառավարության ղեկավարի ելույթներից, ու նաև ակնհայտ է, որ այդ ղեկավարը, հաշվի առնելով իր կառավարման տոտալ վերահսկողության սկզբունքը, չէր կարող տեղյակ չլինել իր նախարարի ելույթի բովանդակությունից:

Ենթադրությունս հետևյալն է`դա արվում է մտածված և ծրագրավորված:
Վատ նորությունները ու կանխատեսումները հանրությանը հասցնելու պարտավորությունը ստանձնել է առողջապահության նախարար Թորոսյանը, իսկ լավ նորությունների ու կանխատեսումների` Նիկոլ Փաշինյանը:

Ժողովուրդը նայելու է Թորոսյանի ելույթն ու ասելու է. «Էէէ, դու շա՞տ գիտես՝ ինչն ինչոցա, հրեն` Նիկոլը ասեց՝ շուտով լավա լինելու»,-ու մի կերպ, գոտին ձգելով, ապրելու է, «դիմանալու» է:

Իսկ հետո, երբ իրականանա վատ կանխատեսումը, վարչապետը մի հատ հրապարակավ լայվում «կջղայնանա» իրեն «ապատեղեկացնելու» համար, և քանի որ Թորոսյանն էլ ավելի վատ կանխատեսումներ է անում, քան իրականում կա և ըստ ամենայնի պարզ է լինելու որ ճշմարտությունը Նիկոլի ասածի և Թորոսյանի ասածի «ոսկի միջինն է», ապա կհամոզի, որ ամեն բան այդքան էլ վատ չէ:

Մի հին անեկդոտ կա, նույնիսկ, ասում են, իրողություն է:
Սովետական ժամանականներում մի հայկական գյուղում մի բախտագուշակ է լինում, որն, ըստ լեգենդի, հստակ որոշում է ապագա երեխայի սեռը: Հերթեր են գոյանում, մարդիկ գալիս, սպասում ժամերով, ներս են մտնում ու պատասխան ստանում:

Բախտագուշակը ուշադիր նայում է հղիին ու ասում` աղջիկ կամ տղա, կողքին էլ մի մատենավար է նստած, հաստ տետրում գրում է` Պողոս Պողոսյան. էս ինչ օրը, էս ինչ ժամին` տղա կամ աղջիկ, ու հարցվորին էլ մի տեղեկանք է տալիս` Պողոս Պողոսյան. էս ինչ օրը, էս ինչ ժամին` տղա կամ աղջիկ:

Իբր ամբողջը փաստաթղթավորված է, գումարն էլ հենց այնպես չեն ստանում, տեղեկանքն էլ գրում են, իբր, որ վաղը մյուս օր, եթե հարց լինի, հարցվորը գա, ասի սուտ էիք, թուղթը ներկայացնի գումարը հետ ստանա:

Եվ ի՞նչ է պարզվում:
Պարզվում է, որ մատենավարը տեղեկանքում գրում է այն, ինչ ասում է շառլատանը, իսկ մատյանում` դրա հակառակը:

Ու երբ զայրացած հայրիկը, «տեղեկանքը» ձեռքին, գալիս էր, որ գումարը հետ ստանա` մատենավարը գիրքը բացում, գտնում էր գրառումը և ասում. «Կներես, սխալվել եմ տեղեկանքը գրելուց, գլուխս խառն էր, հեսա, տես`այստեղ գրքում այլ բան է գրված»:
Զայրացած հայրիկը ձեռնունայն, գլուխը քորելով հեռանում էր ...

Առակս ի՞նչ կուսուցանե։
Մի՛ հավատացեք հին շառլատաններին:

Քրիստինա Նազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը