Լրահոս

18.11.2010 00:23


Սերժ Սարգսյանը քննարկումներ է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոսկվայում հայ-ռուսական երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման ընթացքն ու հեռանկարներն է քննարկել ՌԴ կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Նշելով, որ Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերը, Նախագահ Սարգսյանն ասել է, որ այս տարի Ռուսաստանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն աճել է 12 տոկոսով: Նախագահը խոսել է նաև անցյալ տարի Հայաստանի տնտեսության մեջ ՌԴ-ի կողմից արված ավելի քան կես միլիարդ դոլարի ներդրումների մասին, որոնք այս տարի ևս շարունակվում են:

«Մեր երկարաժամկետ տնտեսական կապերի ապացույցն են այն նախագծերը, որոնք մենք այժմ համատեղ իրականացնում ենք: Դա վերաբերվում է Մեծամորի ԱԷԿ-ի նոր բլոկի շինարարությանը, մեր երկաթուղային տրանսպորտի արդիականացմանն ու ընդլայնմանը: Կան մեծ և երկարաժամկետ ներդրումներ կապի ոլորտում: Իրականում, մենք շատ լավ զարգանում ենք»,-ասել է Նախագահ Սարգսյանը' մեկ անգամ ևս ՌԴ կառավարության նախագահին շնորհակալություն հայտնելով մեր երկրին տրամադրված վարկի համար: Հանրապետության ղեկավարի խոսքով' եթե չլինեին այդ գումարները, տնտեսության վերականգնման գործում Հայաստանը զգալի դժվարություններ կունենար:

Սերժ Սարգսյանը նշել է, որ, ցավոք, այդ ամենի հետ մեկտեղ, գյուղատնտեսության ոլորտում այս տարի անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով, ինչպես և Ռուսաստանում, արձանագրվել է անկում:

«Եթե մեր արդյունաբերությունն աճում է մոտ մինչև 10 տոկոս, ապա գյուղատնտեսությունում ունենք 17-18 տոկոս անկում: Սակայն լիահույս ենք, որ Ռուսաստանի հետ համագործակցության արդյունքում, մենք դուրս կգանք ճգնաժամից, քանի որ մեր հիմնական ձեռնարկությունները կա´մ համատեղ են, կա´մ ռուսական կապիտալով»,-ասել է Նախագահը:   

Վարչապետ Վլ.Պուտինը վստահեցրել է, որ Ռուսաստանն իմանալով Հայաստանի կարիքները, պատրաստ է այսուհետ ևս համագործակցելու և աշխատանքային մակարդակով բոլոր հարցերը համաձայնեցնելու:

«Չնայած, մեզ մոտ ևս այս տարի լուրջ դժվարություններ կան գյուղատնտեսությունում, և դրանք կապված են եղանակային պայմանների հետ, այնուամենայնիվ, մենք արձագանքեցինք մեր հայ բարեկամների խնդրանքին ու այս տարի սեպտեմբերին ցորենի սերմացու ուղարկեցինք, որպեսզի ցանքը ժամանակին կատարվի, և մյուս տարի լավ արդյունք ապահովվի»,-ի պատասխան ասել է ՌԴ կառավարության ղեկավարը:

Վլ. Պուտինը ևս նշել է, որ Ռուսաստանն ավանդաբար համարվում է Հայաստանի առաջատար առևտրատնտեսական գործընկերը և ավելորդ է համարել  այդ պարագայում ապրանքաշրջանառության մասին խոսելը' ընդգծելով, որ այն վատ մակարդակի վրա չէ:

 «Ճիշտ է, 2009թ. ճգնաժամային տարում ապրանքաշրջանառությունը մի փոքր նվազեց, բայց այժմ արագ վերականգնվում է: Նույնիսկ 2009թ. Հայաստանի տնտեսության մեջ աճել են ռուսական ուղղակի ներդրումների ծավալները' ընդհանուր առմամբ, դա մոտ 3 մլրդ. դոլար է, իսկ ավելի ստույգ' 2,8 մլրդ. դոլար: Նույնիսկ 2009թ. ռուսական ուղղակի ներդրումների ծավալն աճել է կես միլիարդով»,-ասել է վարչապետ Պուտինը, հիշելով անցյալ տարվա ամռանը' հունիսին,  Հայաստանին տրված 500 մլն դոլար պետական պարտքը: Ռուսաստանի վարչապետը հույս է հայտնել, որ այն օգտակար է եղել և տրվել է ժամանակին' սոցիալական ու տնտեսական ոլորտներում կայուն իրավիճակի ստեղծման համար:

«Մեր խոշորագույն ընկերություններն ակտիվ աշխատում են հայկական շուկայում, և մենք երախտապարտ ենք Ձեզ, որ Դուք և Հայաստանի կառավարությունն այդ աշխատանքի, համագործակցության համար ստեղծում եք անհրաժեշտ պայմաններ»,-Նախագահ Սարգսյանին ասել է ՌԴ կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինը:

Այս խորագրի վերջին նյութերը