Կարծիք

11.04.2020 19:51


Ե՞րբ կավարտվի կորոնավիրուսի ճգնաժամը, ինչպիսի՞ն է վիրուսի դեմ պայքարի միջազգային փորձը և ինչո՞ւ Հայաստանն ամենավատ ցուցանիշն ունի ԵԱՏՄ-ում․ մաս 3-րդ

Ե՞րբ կավարտվի կորոնավիրուսի ճգնաժամը, ինչպիսի՞ն է վիրուսի դեմ պայքարի միջազգային փորձը և ինչո՞ւ Հայաստանն ամենավատ ցուցանիշն ունի ԵԱՏՄ-ում․ մաս 3-րդ

Հոդվածի մաս 1-ինն՝ այստեղ, մաս 2-րդն՝ այստեղ։

Այս վարակի մասին դեռ բավարար տեղեկատվություն չկա, որպեսզի պարզ լինի, թե երբ այն կարող է ավարտվել: Ակնհայտ է, որ վարակի կանխումը նաև մեծապես կախված է վակցինայի ստեղծումից: Սակայն այդ վակցինայի ստեղծման ժամկետների վերաբերյալ նույնպես հստակություն չկա: Այդ իսկ պատճառով դժվար է կանխագուշակել, թե այս վիրուսի հետևանքով ինչպիսին կլինեն համաշխարհային տնտեսական անկման չափերը: Նշենք, որ այս պահի դրությամբ համաշխարհային տնտեսության մոտ 75 տոկոսը փաստացի կանգ է առել: Աշխատուժի մոտ 81 տոկոսը նստած է տանը: Ըստ միջազգային հեղինակավոր կառույցների գնահատականների՝ ներկայիս տնտեսական ճգնաժամի արդյունքում համաշխարհային տնտեսության անկումը 2020 և 2021 թվականներին կարող է կազմել 5-ից 8 տրլն դոլար: Այսինքն անկումը կարող է լինել 6-10 տոկոսի սահմաններում:

Սակայն բոլոր այս գնահատականները խիստ պայմանական բնույթ են կրում, քանզի պարզ չէ, թե երբ կարող է ավարտվել այս վիրուսային հաղթարշավը:

Այնուամենայնիվ, վերլուծելով առողջապահական բոլոր փորձագետների տեսակետները, կարելի է հետագա զարգացման սցենարները պայմանականորեն բաժանել երեք մասի՝ լավատեսական, իրատեսական և հոռետեսական:

Լավատեսական զարգացման սցենար

Այս սցենարի պարագայում վիրուսը կգոյատևի մինչև մյուս տարվա հունվար-փետրվար ամիսներ:

Այդ պարագայում վիրուսը կունենա հետագա երկու բռնկման փուլ: Այս ապրիլից սկսած վիրուսը կսկսի զարգանալ երկրաչափական պրոգրեսիայով մինչև մայիսի կեսեր: Որից հետո կսկսվի վիրուսի զարգացումն արդեն թվաբանական պրոգրեսիայով: Հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսները կլինեն համեմատաբար հանդարտ ամիսներ: Այդ ժամանակահատվածում նույնիսկ կարող են վերացվել համընդհանուր կարանտինի ռեժիմները: Այդ փուլում համաշխարհային տնտեսությունը կսկսի աշխուժանալ, սակայն զբոսաշրջությունը, ժամանցային բիզնեսը փաստացի կմնան կիսամահացած վիճակում:

Սկսած այս տարվա հոկտեմբերից վիրուսը նորից կսկսի զարգանալ ավելի արագ տեմպերով, որի պիկը կարող են լինել այս տարվա դեկտեմբեր և գալիք տարվա հունվար-փետրվար ամիսները: Եվ եթե այդ ժամանակ վակցինան արդեն հայտնագործված լինի, մարդկությունը կարող է նշել իր «երկրորդ ծնունդը»:

Իրատեսական զարգացման սցենար

Վիրուսի տարածումը կարող է շարունակվել մինչև մյուս տարվա հուլիս-օգոստոս ամիսներ, երբ արդեն վարակված կլինի մարդկության մոտ 20-25 տոկոսը: Այդ ժամանակ արդեն տնտեսության անկման չափը կլինի ոչ թե 5-10 տոկոս, այլ մինչև 20-25 տոկոս: Այս սցենարի զարգացման պարագայում մենք կարող ենք ունենալ բոլորովին այլ հետկորոնավիրուսային աշխարհ: Դա կվերաբերի և՛ մեր կենսակերպի փոփոխությանը, և՛ արժեհամակարգային փոփոխություններին, և՛ պետությունների տեղի ու դերի նոր ֆորմատներին: Այդ ժամանակ համաշխարհային տնտեսական հարաբերությունները նույնպես կարող են այլ լինել:

Հոռետեսական զարգացման սցենար

Վակցինան չի հայտնաբերվում, ոչ մեկ, ոչ էլ երկու տարի անց: Իսկ դա հնարավոր է։ Չէ՞ որ ՁԻԱՀ-ի դեմ դեղամիջոց այսօր նույնպես չի հայտնագործվել:

Այս պարագայում մարդկության մոտ 30-40 տոկոսը կվարակվի և կգործի, այսպես կոչված, «հոտային իմունիտետը»: Այդպես եղավ նաև 1918 թվականի «իսպանկայի» տարածման ընթացքում: Այն ժամանակ երկրագնդի վրա ապրում էր մոտ 1,5 մլրդ մարդ: Երկու տարվա ընթացքում վարակվեց մարդկության մոտ 30 տոկոսը՝ մոտ 550 մլն մարդ: Դրա արդյունքում մարդկությունը ձեռք բերեց «հոտային իմունիտետ» և վիրուսը հետ նահանջեց: Այն ժամանակ այդ վիրուսից մահացավ մոտ 50 մլն մարդ:

Եթե հաշվի առնենք, որ այս կորոնավիրուսից վարակվածների մոտ 15 տոկոսն է հայտնվում ծանր վիճակում, ապա հաշվի առնելով թոքերի մաքրման սարքավորումների ներկայիս պակասի հարցը՝ կարելի է կանխագուշակել, որ հոռետեսական սցենարի զարգացման պարագայում կարող է մահանալ մոտ 150 մլն մարդ:

Իհարկե, այս վատատեսական սցենարը քիչ հավանական է, սակայն մենք պիտի հաշվի առնենք, որ այս տարբերակն էլ կարող է լինել:

Վիրուսի դեմ պայքարի միջազգային փորձը

Այսօր արդեն ակնհայտ է, որ տարբեր երկրներ տարբեր հաջողությամբ են կարողանում պայքարել այս վիրուսի դեմ: Այստեղ կան թե՛ օբյեկտիվ, և թե՛ սուբյեկտիվ պատճառներ:

Օրինակ, Չինաստանը, Ճապոնիան, Թայվանը, Հարավային Կորեան կարողացան հաջողությամբ պայքարել այս վիրուսի դեմ: Կարելի է ասել, որ այս երկրներն են քաղելու հետկորոնավիրուսային նոր աշխարհակարգի հիմնական պտուղները: Այստեղ առկա է սուբյեկտիվ գործոն նույնպես: Այս ժողովուրդները շատ կարգապահ են, ունեն ուժեղ կոլեկտիվիստական գիտակցություն և նախկինում էլ իրենց կենցաղում խիստ են պահպանել հիգիենայի կանոնները:

Ինչո՞ւ հենց Իտալիան դարձավ Եվրոպայում վարակի հիմնական աղբյուրը

Արդեն հայտնի է, որ Եվրոպա այս վիրուսը եկավ չինացի զբոսաշրջիկների միջոցով: Բայց առաջինը այս վիրուսի հարվածը ստացավ Իտալիան, հետևյալ գործոնների պատճառով․

Գործոն առաջին

Իտալիան չինացի զբոսաշրջիկների համար այս տարվա հունվար-փետրվար ամիսներին ամենահարմար վայրն էր Եվրոպայում իրենց հանգիստն անցկացնելու համար: Եվ վիճակագրությունը ցույց է տվել, որ այդ ժամանակահատվածում հենց Իտալիայում են եղել ամենամեծ քանակով չինացի զբոսաշրջիկները:

Գործոն երկրորդ

Երբ վիրուսը սրընթաց սկսվեց տարածվել երկրով մեկ, այդ երկրի առողջապահության համակարգի պատասխանատուները նշում էին, որ «ոչ մի լուրջ վտանգ չկա և իմաստ չկա մարդկանց ավելորդ խուճապի մեջ գցել»:

Գործոն երրորդ

Իտալական ժամանցային և զբոսաշրջային բիզնեսի ներկայացուցիչները չէին ուզում կորցնել իրենց գերեկամուտները: Նրանք ավանդաբար ունեն ամուր դիրքեր իշխանության մեջ և շահագրգռված չէին, որ երկիրը հայտնվի կարանտինի մեջ:

Գործոն չորրորդ

Իրենք՝ իտալացիները, սիեստա սիրող ժողովուրդ են: Նրանց կենսակերպը, ապրելակերպն ու մենթալիտետը թույլ չտվեցին ժամանակին զգալ վտանգի աստիճանը:

Գործոն հինգերորդ

Երբ Իտալիայում արդեն լայնածավալ սկսվեց տարածվել այս վիրուսը, սույն թվականի փետրվարի 19-ին Միլանում անցկացվեց ֆուտբոլային հանդիպում տեղի «Ատլանտայի» և իսպանական «Վալենսիայի» միջև: Մարզադաշտում այդ ժամանակ կար մոտ 45 000 մարդ: 2500-ը՝ Վալենսիայից, մնացածը՝ Բերգամոյից:

Ըստ իտալացի փորձագետների՝ այս ֆուտբոլային հանդիպումը «վիրուսային պայթունի» դեր կատարեց Իտալիայի համար: Այս ամենին գումարած՝ Իտալիայի հյուսիսում 65-ից բարձր մարդկանց թիվը գերազանցում էր ընդհանուրի 30 տոկոսը:

Բոլոր այս գործոններն իրար հետ միասին փաստացի դարձրին Իտալիան Եվրոպայի վարակման կենտրոն:

Ակնհայտ է, որ վարակի վերացումից հետո ներկայիս Իտալիայի իշխանությունները փոխվելու են՝ իրենց երկիրը այս վիճակի մեջ գցելու պատճառով:

Ինչո՞ւ Իսպանիան դարձավ վարակի նոր կենտրոն

Իսպանիայում երկրի իշխանությունները կրկնեցին իրենց իտալացի կոլեգաների անպատասխանատու քայլերը: Իսկ դրանք հետևյալն էին․

Առաջին

Երբ սույն թվականի հունվարին ի հայտ եկան առաջին վարակակիրները, այդ երկրի առողջապահության համակարգի գլխավոր պատասխանատուներից մեկը՝ Գերնանդո Սիմոնը հայտարարեց, որ «...այս վիրուսը վտանգավոր չի լինելու երկրի համար...»: Իր այդ դիրքորոշմամբ նա հանդես էր գալիս մինչև մարտի կես:

Երկրորդ

Փետրվարի 19-ին կայացած ֆուտբոլային հանդիպումը «Ատլանտայի» և «Վալենսիայի» միջև «վիրուսային ռումբի» դեր կատարեց ոչ միայն Իտալիայի, այլև Իսպանիայի համար:

Երրորդ

Սույն թվականի մարտի 8-ին, երբ երկրի աջ ուժերը դեմ էին, որ այդ օրը կանայք տոնեին իրենց օրը զանգվածային միջոցառումներով, ներկայիս սոցիալիստ իշխանությունները առանձնապես չընդդիմացան կանանց կազմակերպությունների որոշմանը: Քանզի մարտի 8-ը տոնող կանանց կազմակերպություններն ավանդաբար աջակցում են այդ երկրի ձախակողմյան ուժերին: Իսկ այսօր Իսպանիան կառավարում են սոցիալիստներն ու նրանց դաշնակից նույնպես ձախակողմյան «Unidas Podemos» անունով քաղաքական ուժը: Մեծ թվով մարդկանց հավաքը նպաստեց վարակի տարածմանը։

Չորրորդ

«Եթե մենք կանգ առնենք, կանգ կառնի աշխարհը» հայտնի ձախակողմյան այս կարգախոսին միացան այդ երկրի պրոֆմիությունները: Վերջիններս վախենում էին, որ կարանտինի պարագայում աշխատավորների սոցիալական վիճակը կարող էր վատթարանալ:

Հինգերորդ

Այս համընդհանուր ձախակողմյան պոպուլիզմին միացան նաև Մադրիդի և Բարսելոնայի քաղաքապետերը:

Վեցերորդ

Երբ երկրում վիրուսն արդեն տարածվում էր երկրաչափական պրոգրեսիայով, Իսպանիայի իշխանությունները շփոթված փորձում էին լուծել ոչ թե առողջապահական, այլ սոցիալական խնդիրներ:

Այն ժամանակ, երբ Գերմանիայում օրական թեստավորվում էր 15 000 մարդ, Իսպանիայում այդ ցուցանիշը տատանվում էր... 200-ի սահմաններում:

Կարելի է ասել, որ Իսպանիայի իշխանության գործողությունները շատ նման էին մեր իշխանությունների գործողություններին:

Արդյունքում, այսօր Իսպանիան բացասական ցուցանիշներով նույնիսկ Իտալիային է գերազանցել: Ակնհայտ է, որ հետկորոնավիրուսայի ժամանակահատվածում ձախերը դեռ երկար ժամանակ կմոռանան իշխանության վերադառնալու մասին:

Այս ֆոնին պարզապես հիանալ կարելի է Հունաստանի իշխանությունների գործողություններով:

Գերմանիան իր բարձրորակ առողջապահական համակարգի շնորհիվ նույնպես կխուսափի լուրջ հետևանքներից:

Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի իշխանությունների պահվածքը շատ նման է իսպանականին:

Իսկ ինչպե՞ս են պայքարում այս վիրուսի դեմ ԱՊՀ տարածքում

Պետք է նշել, որ այս տարածքում վիրուսը ավելի ուշ մուտք գործեց, և հաշվի առնելով Իտալիայի փորձը՝ այս երկրները նախապես կարողացան «փակել» իրենց սահմանները, որպեսզի վիրուսի տարածման արագությունը վտանգավոր չափերի չհասնի:

Հենց այդ պատճառով էլ այս երկրներում վիրուսի տարածման աստիճանն Իտալիայից և Իսպանիայից մի քանի անգամ ավելի դանդաղ է: Այնուամենայնիվ այս տարածքում էլ կան հաջող և անհաջող գործող իշխանություններ:

Հայաստանը ԵԱՏՄ երկրների և իր հարևանների հետ համեմատ ունի ամենավատ ցուցանիշը

Դատեք ինքնե՛րդ․ ապրիլի 10-ի դրությամբ Ռուսաստանի գործակիցը մեկ միլիոն բնակչին բաժին ընկնող վարակվածների թվով 82 է, Ուկրաինայինը՝ 50, Բելառուսինը՝ 210, Ադրբեջանինը՝ 98, Ղազախստանինը՝ 30, Ուզբեկստանինը՝ 19, Ղրղզստանինը՝ 46, Վրաստանինը՝ 58: Այս շարքում առաջին ոչ պատվավոր հորիզոնականը պատկանում է Մոլդովային՝ 356, երկրորդը Հայաստանին՝ 316:

Այսպիսով այս ցուցանիշները ցույց են տալիս, որ կորոնավիրուսի դեմ ամենավատը պայքարել են Մոլդովայի ու Հայաստանի իշխանությունները: Եվ դա այն դեպքում, երբ անծայրածիր Ռուսաստանին շատ ավելի դժվար էր պայքարել այս վարակի դեմ, մանավանդ, որ Ռուսաստանը Չինաստանի հետ ուներ բավականին երկար սահման: Նույնը Ղազախստանի և Ղրղզստանի պարագայում է:

Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այս երկրում և՛ չինացի զբոսաշրջիկներն էին շատ Հայաստանից, և՛ Իտալիայի հետ ավելի սերտ կապեր կան, քան մեր դեպքում: Հիշեցնենք, որ Վրաստանը ԵՄ-ի հետ ուներ «առանց վիզա» ռեժիմ՝ ի տարբերություն մեզ:

Իսկ Ադրբեջանն ավելի սերտ կապեր ուներ հարևան Իրանի հետ, քան մենք: Բացի այդ, նույն չինացի զբոսաշրջիկների քանակով Ադրբեջանը Հայաստանին մի քանի անգամ գերազանցում է:

Ինչպե՞ս ստացվեց, որ ունենալով բարենպաստ պայմաններ՝ Հայաստանը հայտնվեց այս ցուցանիշներով ամենավատ վիճակներից մեկում:

Սա այն հարցն է, որն արժանի է լուրջ վերլուծության: Քանզի, եթե մենք այսօր էլ չսթափվենք, ապա մի քանի շաբաթ անց կարող ենք հայտնվել լրջագույն առողջապահական ցեղասպանության առաջ:

Շարունակելի․․․

Երվանդ Բոզոյան

Քաղաքական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը