Մեկնաբանություն

10.04.2020 17:27


Թորոսյանը «ծծում» է Փաշինյանի լավատեսությունը (տեսանյութ)

Թորոսյանը «ծծում» է Փաշինյանի լավատեսությունը (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի ու Արսեն Թորոսյանի ջրերը սկսել են մի առվով չհոսել։ Կորոնավիրուսը բաժանել է նրանց։

Փաշինյանը խոսում է այն մասին, որ վարակի առումով ունենք դրական դինամիկա ու եթե այսպես շարունակվի, ապա կարող ենք ասել, որ կորոնավիրուսի ողնաշարը ջարդվել է։ Փաշինյանը նաև ասում էր, որ տիրապետում են իրավիճակին։

Իսկ ահա Թորոսյանը հայտարարում է, որ կորոնավիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից, որ կարող է գալ մի պահ, երբ իրենք կարող են ուժասպառ լինել, և որ այս ամենը կարող է մինչև 2 տարի տևել։

Փաշինյանի լավատեսությունն ու Թորոսյանի վատատեսությունն իրար չեն բռնում։ Կա՛մ մեկն է ստում, կա՛մ մյուսը։ Կա՛մ մեկն է ինքնախաբեությամբ զբաղվում, կա՛մ մյուսը։

Փաշինյանն ու Թորոսյանն իրարից 180 աստիճանով (Աննա Հակոբյանի ասած՝ 360 աստիճանով) տարբերվող տեսակետներ են հայտնում ու մեսիջներ փոխանցում հանրությանը։ Մինչդեռ կար ժամանակ, երբ Թորոսյանը, որսալով Փաշինյանի քաղաքական տրամադրությունները, ասում էր, որ կորոնավիրուսը շատ վտանգավոր վիրուս չէ, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա։

Հիմա Թորոսյանը տարանջատվում է Փաշինյանից՝ թերևս ոգևորվելով նաև Լևոն Տեր–Պետրոսյանի բանսարկու նամակից, որտեղ մասնավորապես Առողջապահության նախարարն ավելի էր կարևորվել, քան Նիկոլ Փաշինյանը, ում անունն անգամ չէր շոշափել ՀԱԿ առաջնորդը։

Թորոսյանը, նիկոլական բառապաշարով ասած, ծծում է Փաշինյանի լավատեսությունը։ Թե ինչու է այդպես անում, այլ խոսակցության թեմա է։

Ակնհայտ է մեկ բան՝ իշխանության ներսում պառակտում կա։ Ուզում են խուսափել պատասխանատվությունից ու ամեն ինչ բարդել Նիկոլի վրա՝ «Ինքդ էիր իշխանությունը մեկ դերասանի թատրոնի վերածել, ուրեմն ինքդ էլ խնդիրների համար պատասխան կտաս» տարբերակով։ Շատերն են հասկացել, որ նավակը խորտակվում է և փորձում են լքել այն՝ ձեռքերը լվանալով։ Իսկ այդ ընթացքում Լենա Նազարյանն իր՝ պարգևավճար ստանալու համար է կռիվ տալիս։ Բա հո հենց այնպե՞ս չի քայլել։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը