Նվիրյալը գրեթե անձնվերն է, բայց կան նրբերանգներ, տիկին Նազարյա՛ն
Միգուցե կարելի էր լռությամբ շրջանցել «Իմ քայլ»-ա-ՔՊ-ական ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի վերջին «փայլատակումը», եթե դա միայն մեկ անձի, թեկուզ՝ իշխանական բարձրաստիճան վիճակի հասած անձի ընկալման արտահայտություն լիներ: Բայց նախ՝ դա մի որոշակի շերտի ընկալման արտացոլանք է, երկրորդ՝ նաև հանրության, հատկապես՝ նորիշխանավորների կույր պաշտամունքով տառապողների շրջանում տարածված մտայնություն է: Եվ ամեն դեպքում, ոչ ցանկություն կա «լռությամբ շրջանցելու», ոչ էլ արժե շրջանցել: Հակառակը՝ արժե՛ հակադարձել: Ու՝ խիստ:
Ապարդյուն սպասում էի, որ առաջինը հենց ՔՊ ղեկավարությունը, թեկուզ Նիկոլ Փաշինյանը գոնե թեթևակի դիտողություն կանի իր հեղափոխական կուսակցին: Բայց՝ չէ: Կռահելի էր, որ ապարդյուն է նման սպասումը, քանզի նորիշխանավորների պարգևավճարումներն առաջինը հենց Փաշինյանն է խրախուսում ու արդարացնում:
Այնպես որ, ամենևին տարօրինակ չէ, որ այդ պարգևավճարումների թեմայով մի գրառման արձագանքելով՝ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, մասնավորապես, այսպիսի արտահայտություն է անում. «...Ուզում են (քննադատողները, մարդիկ, «հակահեղափոխականները» – Ա.Հ.) նախարար, փոխնախարար, պատգամավորները նվիրյալներ լինեն, մոռանան ընտանիք, վարկ, խնդիրներ ու ամիսներով, տարիներով չարքաշ աշխատեն: Ոչ մեկ չի անի դա ու չպիտի անի»:
Այս արտահայտության մեջ «հրաշալի» է ամեն ինչ՝ սկսած այն բանից, թե ո՛վ է դա ասում, վերջացրած «չարքաշ աշխատելու» ակնարկով:
Նախ, արձանագրենք, որ թվարկված նորապաշտոնավորների՝ նախարար, փոխնախարար, պատգամավորիդ գերակշիռ մեծամասնությունը դասական քաղաքական կամ պաշտոնավարական կարիերա անելով չեն հայտնվել ներկայիս կարգավիճակում: Այսօրվա «նախարար, փոխնախարար, պատգամավորներդ» «թավշյա հեղափոխության», իմ ընկալմամբ՝ փողոցային ցնցումներով արտահերթ իշխանափոխության արգասիք են: «Թավշյա» բառամթերքով ասած՝ հեղափոխականներ կամ առնվազն՝ հեղափոխականությանը հարողներ:
Իսկ հեղափոխական ասելով՝ առաջինը հենց նվիրյալ են հասկանում, այսինքն, բառի բառարանային բացատրությամբ՝ «որևէ գաղափարի՝ վեհ գործի համար իրեն անձնազոհորեն նվիրած մարդ»: Այս դեպքում, մարդկանց խումբ, եթե կուզեք, գործող «թավշապետերի» խումբը:
Եվ, եթե այդ «հեղափոխության» նկատելի դեմքերից մեկն ու ԱԺ փոխնախագահը մուննաթ է գալիս, թե՝ «ուզում են, որ նվիրյալներ լինեն», ուրեմն նրանք ոչ էլ նվիրյալ են եղել, իսկ «հեղափոխությունն» էլ արել են զուտ իրենց անձնական բարեկեցությունն ապահովելու համար՝ ոչ միայն չմոռանալով «ընտանիք, վարկ, խնդիրներ...», այլ՝ հենց ա՛յդ խնդիրները լուծելու համար: Իսկ իրենց վստահած-հավատացած միամիտ պողոսներին միշտ էլ կարող են ձեռ առնել, ասելով՝ «աղքատությունը գլխիդ մեջ է», «կիսագրագետ ես», «ոչխար պահի», ծայրահեղ դեպքում կհռչակեն «հակահեղափոխական, դավաճան, ժողովրդի թշնամի»:
Երկրորդը՝ ի լրումն մնացյալի, իշխանությունը լիարժեք վերցնելուց գրեթե անմիջապես հետո (ԱԺ արտահերթ ընտրություններ), առաջին բաներից մեկը, որ արել է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, եղել է նախարար-փոխնախարարների՝ Հայաստանի չափանիշներով բարձր աշխատավարձերի դրույքաչափերը կրկնապատկելը: Ընդ որում՝ սկզբում դա գաղտնի էին պահում: Այնպես որ հիմա ՀՀ նախարար-փոխնախարարների աշխատավարձաչափերը հազարավոր դոլարների են համարժեք: Այսինքն, հիմնականում անտաղանդ ու անկապ որոշումներ ընդունելու և է՛լ ավելի անհաջող կատարելու համար նախարարաց դասը առանց այդ էլ ահագին բարձր աշխատավարձ է ստանում: Այնքան բարձր, որ դրանով միջին վիճակագրական պողոսը կարող է մի քանի ամիս հոգալ «ընտանիք, վարկ, խնդիրներ»-ը:
Երրորդ՝ դա էլ է քիչ համարվել, և գրեթե յուրաքանչյուր ամիս, «նախարար, փոխնախարար, պատգամավորներդ» պարգևավճարներ, խոսակցականով ասած՝ պրեմիաներ եք ստացել: Այսինքն, թավշյա նորիշխանավորներին քիչ է թվացել, որ աստղաբաշխական աշխատավարձեր են ստանում, մի բան էլ՝ պրեմիաներ են իրենց դուրս գրել: Դե, հասկանո՞ւմ եք, իրեն «ընտանիք, վարկ, խնդիրներ» ունեն:
Ի դեպ, «չարքաշ աշխատանք»-ի մասին:
Ինչ-ինչ, բայց «թավշյա» հրաշամանուկների ամբողջ «չարքաշ աշխատանքն» այն է եղել մինչև հիմա, որ ինչքան կարողացել պախարակել են նախկիններին, մսխել իրենց իսկ ունեցած հանրային վստահությունը, կառավարման համակարգը վերածել քարկապ ընկած կծիկի: Այդ «չարքաշ աշխատանքն» այն է եղել, որ գրեթե ամեն մի որոշում հարուցել է հանրության տարբեր շերտերի, տնտեսական այս կամ այն գործունեությամբ զբաղվող տարբեր խմբերի դժգոհությունները, բողոքները, որոնք դրսևորվել են ամենատարբեր ցույցերով, ճանապարհափակումներով և այլն: Ուսով փա՞յտ են քարշ տվել, ի՞նչ է: Այդ ի՞նչ «չարքաշ աշխատանք» է, էլի: Ա՞յն, որ գործուղում-գործուղման վրա են գնացել «նախարար, փոխնախարար, պատգամավորները»: Այնքան, որ բյուջեով այդ նպատակի համար հատկացված միջոցները լրացուցիչ ավելացնելու կարիք է եղել: Ու ավելացվել է:
Ի դեպ, «նվիրյալ»-ի վերաբերյալ: Այն, որոշակի դեպքում, «անձնվեր»-ի հոմանիշն է: Բայց կան նրբերանգներ: Բանն այն է, որ անձնվեր-ը նշանակում է նաև՝ «հավատարմորեն մեկին նվիրված»: Տվյալ դեպքում, բոլոր այդ «նախարար, փոխնախարար, պատգամավորները («Իմ քայլի»)» ներկայիս «չարքաշ աշխատանքի» աթոռներին հայտնվել են զուտ մեկ անձի՝ Նիկոլ Փաշինյանին հավատարմորեն նվիրվածություն ցուցադրելու հետևանքով կամ դրա հաշվին: Հա, ու Փաշինյանն ինքը մտածելու բան պետք է որ ունենա: Ախր, ինչպես ակամայից խոստովանել է Լենա Նազարյանը, նրանք բոլորը նվիրյալներ չեն, այլ... վարձու աշխատողներ, որոնք «ընտանիք, վարկ, խնդիրներ» ունեն: Իսկ նմանները, սովորաբար, գնում են նրանց մոտ, ովքեր ավելին կառաջարկեն:
Այդպես մեկին մի 2000 տարի առաջ 30 արծաթ էին առաջարկել...

Արմեն Հակոբյան