Մեկնաբանություն

17.03.2011 20:39


Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր–Պետրոսյանը ծուղակի մեջ

Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր–Պետրոսյանը ծուղակի մեջ

Եվ այսպես. հակառակ Լևոն Տեր–Պետրոսյանի ցանկության՝ մարտի 17–ի հանրահավաքի մասնակիցները մտան Ազատության հրապարակ։ Մարդկանց քանակն այնպիսին էր, որ ՀԱԿ առաջնորդը պարզապես չէր կարող տուն ուղարկել նրանց։ Իսկ այն, որ Տեր–Պետրոսյանը չէր ուզում այդ քայլն անել՝ վկայում է նրա ելույթի տեքստը, որտեղ «աղավնիական» ձևակերպումներն էին ու զգացվում էր, որ խոսքը կազմվել էր՝ հասարակական տրամադրություններից կտրված, այլապես ՀԱԿ առաջնորդը չէր հայտարարի, թե հաջորդ հանրահավաքը տեղի է ունենալու ապրիլի 8–ին, ինչն ակնհայտորեն չէր մտնում հավաքվածների պլանների մեջ։ Ելնելով այդ ամենից՝ ակնհայտ է դառնում, որ Ազատության հրապարակ մտնելու որոշումը կայացվեց իրավիճակից դրդված։

Սերժ Սարգսյանի ու Տեր–Պետրոսյանի միջև առկա որոշակի համաձայնություններ, ըստ երևույթին, կայացվել էին հանրահավաքից առաջ ու երբ պարզ դարձավ, որ այս անգամ մարդկանց տուն ուղարկել չի հաջողվի ու ալիքը տանում է Լևոնին դեպի հրապարակ՝ իշխանություններն էլ իրավիճակից դրդված որոշում կայացրեցին ու ոստիկաններին հրահանգեցին չխոչընդոտել մարդկանց մուտքը Օպերայի բակ՝ մինչև տեսնեն, թե ինչ են անելու։

Այժմ, փաստորեն, նոր իրավիճակ է ստեղծվել, որի արդյունքում Սերժ Սարգսյանը և Լևոն Տեր–Պետրոսյանը հայտնվել են ծուղակում։ Սարգսյանը չի կարող թույլ չտալ մարդկանց բողոքի դրսևորումները, իսկ Տեր–Պետրոսյանը չի կարող արմատական չդառնալ ու զսպել միտինգավորների ագրեսիան։ Երկուսն էլ, ըստ այդմ, դեմ են առել պատին։

Այժմ ամեն ինչ, ըստ երևույթին, կընթանա սպոնտան տարբերակով։ Եթե հավաքվածները մնան հրապարակում, ապա չի բացառվում եգիպտական սցենար, որի պարագայում ներքաղաքական զարգացումները կլինեն քաոսային։ Իսկ եթե հավաքվածները չգիշերեն հրապարակում, ապա կարճաժամկետում կտրուկ ցնցումներից խուսափել կհաջողվի, բայց առաջիկայում գործ կունենանք տևական անկայունության հետ, որը կարող է ավարտվել կա՛մ բախմամբ ու նոր մարտի 1–ով, կա՛մ իշխանական բուրգը հետզհետե կփլուզվի և Հայաստանում տեղի կունենան արտահերթ ընտրություններ, որը նույնպես անկառավարելի ընթացք կարող է ունենալ։

Չի բացառվում նաև Լևոնի ու Սերժի մասնակցությամբ համատեղ կառավարության կազմման սցենարը, որի դեպքում ներիշխանական ցնցումներ կարող են լինել ու կրկին կունենանք անկայունություն։

Տեր–Պետրոսյանն, իհարկե, դեմ չէր լինի դառնալ Սարգսյանի հլու–հնազանդ «էջմիածնական միաբանն» ու հանգիստ վայելեր իր ծերությունը, բայց վիճակն այնպիսին է, որ փողոցը դա թույլ չի տա անել ու նա ստիպված է արմատական դառնալ։

Ժամանակը ցույց կտա, թե ինչ զարգացումներ կլինեն։ Մեկ բան ակնհայտ է, որ Լևոնի իշխանության գալը Հայաստանի համար կատաստրոֆա կլինի ու ֆարս։ Բայց մյուս կողմից էլ՝ Հայաստանի համար կատաստրոֆա է Սերժի իշխանության պահպանումը։ Հետևաբար՝  այժմ ծուղակի մեջ են ոչ միայն Լևոն Տեր–Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը, այլ նաև, առանց չափազանցության, Հայաստանի Հանրապետությունը։

Այսպիսի բաներ։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը