Մեկնաբանություն

10.04.2020 00:05


Աննա Դանիբեկյանը` «ճակատագրական» ընտրության առաջ. լինե՞լ, թե՞ չլինել

Աննա Դանիբեկյանը` «ճակատագրական» ընտրության առաջ. լինե՞լ, թե՞ չլինել

Պետք չէ շատ խորաթափանց լինել` հասկանալու համար, որ Աննա Դանիբեկյանի «անհետացման» պատմությունը կապ չունի կամ հեռավոր առնչություն ունի «առողջապահության» հետ։

Վերջին տվյալներով` «Քոչարյանի և մյուսների» գործը քննող դատավորը ենթարկվել է քթի պլաստիկ վիրահատության։ Ի՛ր իրավունքն է, բայց եթե դա նախապես պլանավորված և համաձայնեցված բժշկական միջամտություն էր, ապա ինչպե՞ս հասկանալ, որ Դանիբեկյանի աշխատակազմից Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների գլխի տակ փափուկ բարձ էին դրել՝ վստահեցրել էին, թե մարտի 16-ի նիստը (որի ընթացքում պաշտպանական կողմը պատրաստվում էր ներկայացնել 4 նախկին վարչապետների երաշխավորությամբ նախագահի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը) կայանալու է, այն էլ` անպայման։ Եվ մարդկանց փաստի առաջ էին կանգնեցրել, թե բա դատավորը գործի չի եկել, չգիտենք`որտեղ է և երբ կվերադառնա աշխատանքի։

Իսկ եթե պլանավորված չէր, ապա հարց է առաջանում` ինչպե՞ս պատահեց, որ իր վարույթում գտնվող «բազմաթիվ» գործերը թողած (հիշո՞ւմ եք` երբ Քոչարյանի պաշտպանական խումբն առաջարկում էր արագացնել լսումները, շաբաթը երկու-երեք նիստ նշանակել մեկի փոխարեն, ասում էր` քիթ սրբելու ժամանակ չունեմ, հո մենակ Քոչարյանի գո՞րծը չէ, որ երբ ուզենամ` նիստ հրավիրեմ)` որոշեց «էս նեղ մաջալին» վիրահատվել. կորոնավիրուսային ճգնաժամի պայմաններում, երբ շունը տիրոջը չի ճանաչում և ոչ մեկը չգիտի` վաղը գլուխը ինչ կգա։ Ինչո՞ւ չի հետաձգել ավելի լավ ժամանակների, օրինակ` ամռանը, կարող էր, չէ՞, արձակուրդ վերցնել և անաղմուկ լուծել հարցը` հանրության ուշադրությունն անհարկի չսևեռելով իր վրա։

Պարզ է չէ՞, որ ստիպված է գնացել այդ քայլին. կամ ի՛նքն է խուսափում արդարադատություն իրականացնելուց` չի ուզում Քոչարյանի գործով «դժվար» որոշումներ կայացնել, կա՛մ դա արել է դատախազության կամ, որ նույնն է, վարչա(հրամայա)պետ Փաշինյանի թելադրանքով։

Հասկանում ենք, դատավորն էլ մարդ է` մնացել է երկու քարի արանքում, չգիտի`լինե՞լ, թե՞ չլինել. առաջնորդվել օրենքո՞վ, անել այն, ինչ թելադրում է խիղճը, մասնագիտական պարտքը, օրենքը և դատավորի արժանապատվությունը` բավարարել պաշտպանների միջնորդությունն ու Ալեքսանդր Ազարյանի, Դավիթ Գրիգորյանի պես հայտնվել թավշյա «սուպերարդարադատության» և «հեղափոխության ֆեյք պահապանների» կրակակետում, թե՞ մնալ դատախազության կցորդի`դատական կատարածուի դերում, աչք փակել օրենքի, իրավունքի տարրական նորմերի վրա և դակել վերևից իջեցված որոշումները։

Վերջին անգամ տիկին Դանիբեկյանը երկրորդ նախագահի կալանքի հարցը քննության առարկա է դարձրել հինգ ամիս առաջ, այն դեպքում, երբ թե՛ ներպետական օրենսդրությունը, թե՛ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան պարտավորեցնում են գոնե երեք ամիսը մեկ անդրադառնալ այդ հարցին։ Այսինքն` մանևրելու տեղ չունի. ուզի-չուզի, կա՛մ պետք է «այո» ասի, կա՛մ հերթական անգամ անարդար որոշում կայացնի`մերժի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Եվ, հաշվի առնելով կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակը, այն, որ ԵԽ Խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն ու մարդու իրավունքների հանձնակատարը անդամ-պետություններին հորդորել են փոխել անազատության մեջ գտնվող անձանց խափանման միջոցները, դատավորի «ընտրությունը» կարող էր «թավիշների» սրտով չլինել։

Մանավանդ` մինչ այդ «կիսահղի» մի որոշում էր կայացրել՝ արձանագրելով, որ նախագահի քննությունից խուսափելու` «փախնելու» վտանգն այլևս վերացել է, քննությանը խոչընդոտելու հավանականությունն էլ նվազել է, բայց ամբողջությամբ չի սպառվել։ Չնայած`փաստաբանական խումբը բազմաթիվ «ապացույցներ» է ներկայացրել, որ նման բան չկա և չի կարող լինել պարզ պատճառով`Ռոբերտ Քոչարյանը, որպես նախկին նախագահ, «պետական պաշտպանության» տակ է և չի կարող առանց անվտանգության աշխատակիցների ուղեկցության կես քայլ անել, ուր մնաց` քննությանը խոչընդոտող գործողություններ ձեռնարկի։ Առավել ևս, որ դա անիմաստ է` դրա կարիքը պարզապես չկա։

ԲԴԽ-ի տարածած հայտարարության համաձայն՝ ապրիլի 17-ին Աննա Դանիբեկյանը «հնարավոր» է` դուրս գա հետվիրահատական «ինքնամեկուսացումից» ու վերադառնա աշխատանքի։ Թերևս, այդպես էլ կլինի։

Ամբողջ խնդիրն այն է, թե ո՞ր ճանապարհը կընտրի` ինչպե՞ս կլուծի իր՝ որպես դատավոր արդարադատության սպասավոր լինել-չլինելու հարցը. դուրս կգա՞ այս փորձության տակից, թե՞ կմնա պետությանը, դատական համակարգին և անձամբ իրեն պարտադրվող «թավշյա բեսպրեդելի» տակ...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը