Մեկնաբանություն

09.04.2020 19:10


Թռիչքներ երազում և... երազում, կամ՝ ինչո՞ւ են հեռանում Փաշինյանի խորհրդականները

Թռիչքներ երազում և... երազում, կամ՝ ինչո՞ւ են հեռանում Փաշինյանի խորհրդականները

Առաջին դեպքը չէ, իհարկե, այս ոչ լրիվ երկու տարվա ընթացքում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հեռանում են նրա խորհրդականները: Ոմանք սուսուփուս կամ հնարավորինս աննկատ, մյուսները որոշ աղմուկով, առանձին դեպքերում՝ աղմկահարույց հայտարարություններով: Ասենք, ինչո՞ւ միայն խորհրդականները:

Բայց ամենից թարմ օրինակը ավիացիայի գծով կամ հարցերով Նիկոլ Փաշինյանի խորհրդական Հակոբ Ճաղարյանի հրաժարականն էր, որ իր իսկ գրառումից դատելով՝ նա ներկայացրել էր ապրիլի 6-ին:

Ակնհայտ է, որ Հայաստանի քաղաքացիական ավիացիայում, որ ինքնին ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է, այն էլ՝ մեր երկրի համար, բավականին վատ ու խնդրահարույց պրոցեսներ են զարգանում: Թեկուզ այն, որ միջազգային ոլորտային կազմակերպության կողմից, այսպես ասեմ, Հայաստանին որոշակիորեն «կարմիր քարտ» են ցույց տվել, արդեն ոչ մի լավ բան չի հուշում:

Հարցը սոսկ այն չէ, որ «թավշյա» իշխանությունը ոլորտի ղեկավարումը վստահել էր նման աշխատանքի համար բավարար փորձ ու պատրաստություն չունեցող երիտասարդ անձնավորության: Հարցն այն չէ անգամ, որ քաղավիացիայի կառույցի ղեկավարը, անձնական խնդրով պայմանավորված, հիմա երկրում չէ: Հարցը նրան ոլորտ վստահողն ու նրան այնտեղ նշանակողն է, այն է՝ ՀՀ վարչապետը, ով էլ, ըստ էության, պետք է կրի այդ ամենի հետևանքների պատասխանատվությունը: Կարծում եմ, տեսանելի հեռանկարում կձևավորվի համապատասխան հանրային ու նաև՝ քաղաքական պահանջ, և Հայաստանի քաղավիացիայի ոլորտում ստեղծված վիճակն ուսումնասիրելու համար առնվազն խորհրդարանական հանձնաժողով կգումարվի:

Բայց մեկ այլ երևույթ է ուշադրություն գրավում: Այն, որ քիչ թե շատ բանիմաց անձինք հեռանում են Փաշինյանից: Կրկնում եմ, խոսքը միայն Հակոբ Ճաղարյանի մասին չէ, և նրա հրաժարականն ամենևին առաջին դեպքը չէ:

Ի դեպ, Հակոբ Ճաղարյանը բավականին հետաքրքրական հանգամանքներ է ներկայացնում՝ իր հետ կատարվածի վերաբերյալ: Մասնավորապես, նա նշում է, ապրիլի 4-ին զեկույց է ներկայացրել վարչապետին՝ նրան մի հերթական, բայց վերջին անգամ բացատրելով «հայկական քաղավիացիայի ԻՐԱԿԱՆ իրավիճակը՝ առանց ստերի և իրականության աղավաղման», հերթական անգամ պարզաբանել է այդ վիճակում հայտնվելու իրական պատճառները և նշել «այս ճգնաժամից դուրս գալու ուղիները»:

Ավիացիայի գծով վարչապետի արդեն նախկին խորհրդականը, ինչպես ինքն է վկայում, ներկայացրած վերջին զեկույցում առաջարկել է. «Թույլ տալ վերջապես գրագետ, կազմակերպված, և երկիրն ու ոլորտը սիրող, անվարձահատույց աշխատանքի պատրաստ, իրական մասնագետների թիմի հետ լծվել իրավիճակի շտկմանը: Հակառակ դեպքում ընդունել իմ հրաժարականը»:

Արդեն փաստ է, որ ընդունվել է նրա հրաժարականը: Դրանից տրամաբանորեն հետևում է, որ չեն ընդունվել ոլորտը կարգավորելու վերաբերյալ նրա առաջարկները: Դրանց բովանդակությանն անծանոթ լինելով՝ դժվար է պատկերացում կազմել, թե որքանով օգտակար առաջարկություններ են ներկայացվել:

Սակայն այստեղ հատկանշական է եղելությունն ինքնին: Վարչապետն ունի ոլորտային խորհրդատու: Վարչապետը բանի տեղ չի դնում իր իսկ խորհրդականի առաջարկությունները: Ավելին, խորհրդականի հրաժարականից անմիջապես հետո, նաև նրա հասցեին, բավականին վիրավորական ու ջղային տոնայնությամբ գրառում է անում Նիկոլ Փաշինյանը, թե՝ «ՀՀ-ում «ավիացիայի մասին շատ լացողները» երկար տարիներ քանդել են այն...», ապա գրառման հետ զետեղում է այս թեմայով հունվարի 25-ի իր ասուլիսում արած անդրադարձի տեսանյութը:

Քանի որ «ավիացիայի մասին», պայմանական ասած՝ վերջին «լացը» հենց Հակոբ Ճաղարյանի հրաժարականի հայտարարությունն էր, տրամաբանական հարց է ծագում՝ այդ նա՞ է կամ նա՞ էլ է «երկար տարիներ քանդել ավիացիան»: Հետաքրքիր է, էլի: Եթե նա էլ է «երկար տարիներ քանդել ավիացիան», ապա ի՞նչ գործ ուներ կառավարությունում, ինչո՞ւ էր նշանակվել խորհրդական:

Չնայած, այս դեպքում, ամենայն հավանականությամբ գործ ունենք Փաշինյանի համար տիպային գործելակերպի հետ: Բավական է, որ որևէ մեկը, թեկուզ իր մոտիկ շրջապատից, հակառակ մի բան ասի կամ ավելի վատ՝ հեռանա, միանգամից հայտարարվում է «վատ մարդ» ու սկսվում է իշխանական քարոզչամեքենայի հարձակումը նրա վրա: Ավելին, Փաշինյանը չի խորշում պիտակավորման ու պախարակման անձամբ այդ գործընթացին մասնակցելուց:

Իսկ հայրենական քաղավիացիան երևի կշարունակի թռիչքները... երազում:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը