Կարծիք

08.04.2020 19:09


«50 եվրոյով Իտալիա» չարաբաստիկ փիառի հետևանքով մենք հիմա ունենք 800-ից ավելի վարակված

«50 եվրոյով Իտալիա» չարաբաստիկ փիառի հետևանքով մենք հիմա ունենք 800-ից ավելի վարակված

Հայկական քաղավիացիան Տաթևիկ Ռևազյանի հետ միասին մինչև վերջ քանդելուց և Եվրոպայում հայկական քաղավիացիան որակազրկելուց հետո էլ վարչապետը, «երկու ոտքը մեկ կոշիկի մեջ դրած», փորձում է իր «ճիշտն» առաջ տանել:

Այսօր սկանդալով աշխատանքից ազատվել է ավիացիոն հարցերով վարչապետի խորհրդականը՝ վարչապետին, փաստացի, մեղադրելով գործից չհասկանալու և հանցավոր անգործության մեջ: Միևնույն ժամանակ, վարչապետը փորձում է մեզ բոլորիս համոզել, որ քաղավիացիայի հետ կատարվածում առանձնապես ողբերգություն չկա, ավելին՝ բոլորս պետք է շնորհակալ լինենք 50 եվրոյով դեպի Իտալիա թռչելու իր ընձեռած հնարավորության համար:

Մինչդեռ, կարելի էր սխալները տղամարդավարի ընդունել, ՔԱԿ-ում արագ կադրային փոփոխություններ կատարել և շտկելով EASA-ի ներկայացրած դիտողությունները՝ վերականգնել հայկական քաղավիացիայի արտոնագիրը Եվրոպայում: Բայց ո՛չ, ըստ վարչապետի՝ պետք է համառել ու մինչև վերջ խայտառակվել:

Համառության պատճառը պարզ է՝ վուլգար պոպուլիստների իշխանությունը աշխատանքի պատրանք ստեղծելու համար լայն զանգվածների համար կամ պետք է սովետական էժան երշիկի հասանելիություն ապահովեր, կամ էլ՝ սովետական «Сочи на три ночи» երևույթի հնարավորություն ընձեռեր: Ստացվեց երկրորդ տարբերակը:

«50 եվրոյով դեպի Իտալիա» թռիչքները առերևույթ Նիկոլ Փաշինյանի կառավարության միակ հաջողված գործն էր: Ինչո՞ւ առերևույթ, որովհետև մեր՝ հարկատուներիս գրպանից դոտացիա տրամադրելով Ryanair-ին և Wizz Air-ին՝ մեր հաշվին մեզ լավություն էր անում: Էլ չենք խոսում մասնագետների բարձրաձայնած խնդիրների մասին առ այն, որ լոուքոսթերների հետ հարաբերվելու նման խնդրահարույց ձևաչափն ավիրելու է հայկական ավիացիոն շուկան և դա զուտ միայն ժամանակի հարց է: Հետոն կարևոր չէ, մենք ապրում ենք «Երկիր-ՀԺ-ում», Նիկոլ Փաշինյանին օրվա փիառ էր պետք: Փիառ, որ ԱԺ ամբիոնից գլուխ գովա և աշխատանքի պատրանք ստեղծի՝ ասելով, թե «50 եվրոյով կարող եք Հռոմ թռչել, բա դա անուղղակի կերպով աշխատավարձի ու թոշակի բարձացում չի՞»:

Ու հենց այդ փիառի համար էր, որ վարչապետը հապաղեց ու չփակեց Իտալիայից Երևան չվերթներն այն ժամանակ, երբ համաճարակը Իտալիայում արդեն մարդկային կյանքեր էր հնձում: Այդ փիառն է, որ հիմա կաշվից դուրս գալով՝ փորձում է փրկել Նիկոլ Փաշինյանը:

«50 եվրոյով Իտալիա» չարաբաստիկ փիառի հետևանքով մենք հիմա ունենք 800-ից ավելի վարակված ու այս պահի դրությամբ պաշտոնական տվյալներով հաստատված 7 մահվան դեպք: Եվ, ինչքան էլ խուսափի ու խուսանավի, միևնույն է՝ կորոնավիրուսից պաշտոնապես գրանցված ու չգրանցված մահերը վարչապետի խղճին են:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը