Մեկնաբանություն

08.04.2020 08:50


Մարգինալների և մարգինալիզմի մասին

Մարգինալների և մարգինալիզմի մասին

Թավշյա «լսարանի» կողմից ամենաշատը «լայքված» հարցերից մեկը, որին Փաշինյանը պատասխանեց ապրիլի 6-ի «հարցուպատասխան-լայվի» ժամանակ, ոչ այնքան հարց էր, որքան «պահանջ»` օր առաջ պատժել (կախել, գնդակահարել, քառատել, գոնե` «նստացնել») «դեղին» մամուլի ներկայացուցիչներին, որ զօրուգիշեր, բանուգործը թողած, «անպատվում» են իրեն ու իր ընտանիքի անդամներին։

Վարչա(հրամայա)պետը երկու մասի բաժանեց «ընտանիքի պատիվն ու արժանապատվությունը վիրավորող» հրապարակումները` 1.կեղծ լուրեր, որոնք սպառնալիք են ազգային անվտանգությանը և պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ, 2.անձնական բնույթի վիրավորանքներ, ծաղրանկարներ և այլն։ Այս վերջին կատեգորիայի հրապարակումները, պարզվեց, առանձնապես չեն մտահոգում մեր հերոսին`կորոնավիրուսից հետո այլ ձևի «լայնախոհ» է դարձել (մեկ-մեկ նյարդերը չեն դիմանում` տեղի են տալիս, բայց խնդիր չէ` կդիմանանք)։ Ամբողջ չորս ժամ շատախոսեց, բայց, որքան էլ անհավատալի է, իրեն բնորոշ «հյութալի» բառապաշարով «չշշպռեց» ընդդիմախոսներին, չհոխորտաց, ասֆալտին պառկըցնելու, պատերին ծեփելու, պինցետով քերելու, վզները ոլորելու, բոմժ սարքելու սպառնալիքներ չհնչեցրեց։

Ավելին` իր ասելով, շատ հանգիստ է վերաբերվում քննադատական հրապարակումներին, նույնիսկ իրեն ոչ շահեկան լույսի տակ ներկայացնող ծաղրանկարներին է ըմբռնումով մոտենում։ Ասում է` «ծաղրանկարը ժողովրդավարության կարևորագույն բաղադրիչ է», որից, նկատենք, ընդդիմադիր ժամանակ լիուլի` ազատ ու անարգել օգտվում էր, հիմա էլ էնպես` ոչինչ, շարունակում է օգտվել իր ֆեյքաբուծարանների միջոցով։ Բավական է հիշել, թե ինչ անճոռնի ծաղրանկարներ էր դնում իր թերթի էջերում` ամեն էջում առնվազն մեկական զրպարտչական, հայհոյախոսական հոդված «ձոնելով» նախագահ Ռոբերտ Քոչարյանին. անգամ 2008-ից հետո, երբ Քոչարյանն այլևս իշխանության մեջ չէր, ավելին` իշխանության վարած քաղաքականության սկզբունքային քննադատներից մեկն էր։

Իհարկե, սա չի նշանակում, թե Փաշինյանն ընդհանրապես դեմ է այլախոհների հանդեպ «պատժամիջոցներին»։ Դեմը` դեմ չէ, ուղղակի ուզում է, որ «քաղաքացինե՛րը» պատժեն իրեն և իր ընտանիքին «բան ասող» լրատվամիջոցներին ու ՖԲ օգտատերերին, բոյկոտեն անցանկալի հրապարակումները և սահմանափակվեն բացառապես «Փաշինյան-նյուզի» բարի լուրերով. «Օրինակի համար, կարող եք ֆեյք կամ ոչ ֆեյք օգտատերերին, ովքեր ձեր կարծիքով կեղծ և ոչ կոռեկտ լուրեր են տարածում, դուք կարող եք արգելափակել էդ էջերը ձեզ համար։ Կամ ֆեյսբուքում կարող եք ռեփորթ անել, և կարող եք ուղղակի հրաժարվել այն լրատվամիջոցների ընթերցումից, որոնք, ձեզ համար ակնհայտ է և ապացուցված է, որ սուտ լուրեր են տարածում»։

Ինքն էլ կողքից կօժանդակի` ինչքան կարող է։ Օրինակի համար, յուրայիններին կհրահանգի քաղաքացիական հայցեր ներկայացնել և բարոյական վնասի փոխհատուցում պահանջել սրանից-նրանից, հարկ եղած դեպքում` քրեական գործեր կարել վրաները, ընդհուպ` կալանավորել, ինչպես Արմեն Թավադյանի, Արսեն Բաբայանի և Արա Վարդանյանի պարագայում։ Մնացած դեպքերում` գլո՛ւխը քարը. «Ուզում են`թո՛ղ հայհոյեն։ Կարևորն այն է, թե ՀՀ քաղաքացիների քանի տոկոսն է կիսում այդ հայհոյանքը։ Քանի դեռ այնպես է, ինչպես այսօր, այսինքն, դրանք լուսանցքային երևույթներ են, ուրեմն` իրենք պարտվել են»։

Երբ, ինչ բանաձևով է հաշվել` քաղաքացիների որ տոկոսն է «կիսում այդ հայհոյանքը», որը`մերժում իր մասին իր ոճով գրելու կամ արտահայտվելու «մշակույթը», ինչից է որոշել, որ «դրանք լուսանցքային երևույթներ են», դժվար է ասել։ Բայց իրողությունն այն է, որ ժամանակին իր «կնքահայր» Լևոն Տեր-Պետրոսյանն է լավագույնս բնութագրել իրեն ու թրաշամանուկների իր թիմին` ասելով, որ միայն մարգինալ (լուսանցքային) քաղաքական ուժերն ու գործիչներն են փորձում Հայաստանում հակառուսական տրամադրություններ հրահրել և Եվրասիական միությունից դուրս գալու հարց բարձրացնել։

Սա այն բացառիկ դեպքերից է, երբ հնարավոր չէ չհամաձայնել նախկին նախագահի հետ։ Իրականում Նիկոլն ու իր թիմակիցներն էլ են համոզվել, որ հակառուսական քարոզչությունը մեր երկրում ո՛չ պահանջարկ ունի, ո՛չ հեռանկար։ Դրա համար էլ ո՛չ ապրիլյան «հեղափոխության» օրերին էին հիշում այդ մասին, ո՛չ էլ առավել ևս դրանից հետո, երբ ժողովրդի ուսերին եկան իշխանության և կտրուկ շրջադարձ արեցին իրենց «սկզբունքային դիրքերից»։

Այլ բան է, որ կարմիր կովը կաշին չի փոխում` Հայաստանի պորտալարը ԵՏՄ-ից (կամ, ինչպես ինքն էր գրում իր թերթում` «հետադիմական երկրների ակումբից»), կոնկրետ` Ռուսաստանից կտրելու «մարգինալ» մոտեցումը ժամանակավորապես սառեցված է, բայց վստահաբար`դուրս չի եկել սրանց օրակարգից։ Հակառակ դեպքում պետական առանցքային պաշտոնները չէին վստահվի «սորոսական կադրերին»` մոլի ռուսատյացների, որ տարիներ շարունակ կռիվ էին տալիս Ռուսաստանի դեմ, ցույցեր անում դեսպանատան մոտ, այրում Ռուսաստանի դրոշը, պատեհ-անպատեհ վայրահաչում ռուսական վերնախավի և անձամբ Պուտինի հասցեին։

Այնպես որ, դեռ հարց է`ո՞վ է այսօր քաղաքական դաշտի «լուսանցքում». ինքն ու իր հավատավոր կողմնակիցների նոսրացող շարքե՞րը, թե՞ նրանք, ում «լուսանցքային երևույթներ» է համարում...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը