Լրահոս

07.04.2020 16:20


Վերմիշյանին կաշառք տալու մեջ մեղադրվող Վազգեն Պողոսյանը գրավի դիմաց ազատ է արձակվել.նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում

Վերմիշյանին կաշառք տալու մեջ մեղադրվող Վազգեն Պողոսյանը գրավի դիմաց ազատ է արձակվել.նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում

Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանին կաշառք տալու մեջ մեղադրվող «Երևանշին» ընկերության խորհրդի նախագահ Վազգեն Պողոսյանը 3 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնեց Պողոսյանի պաշտպան Գագիկ Խաչիկյանը:

Նրա փոխանցմամբ՝ քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Պողոսյանի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու համար, ինչը բավարարվել էր: Միևնույն ժամանակ՝ դատարանը բավարարել է նաեւ պաշտպանի ներկայացրած գրավի միջնորդությունը:

«Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան փաստաբանը հայտնեց, որ Պողոսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում` այն որակելով ակնհայտ ապօրինի:

Հարցին, թե արդյո՞ք Պողոսյանն այս ընթացքում քննչական գործողությունների մասնակցել է և արդյո՞ք եղել են առերեսումներ, փաստաբանը պատասխանեց, որ դա քննչական գաղտնիք է և չի կարող տեղեկատվություն տրամադրել:

Հիշեցնենք, որ սույն գործով մեղադրյալի կարգավիճակում է Վահագն Վերմիշյանը և ևս 6 անձ:

Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը, հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական շահագրգռվածությունից ելնելով, շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1.000.000-2.500.000 ՀՀ դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, 2019թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը:

Բացի այդ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը 2019թ. հոկտեմբերի 23-ին իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինարարական ընկերությունների սեփականատիրոջը «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար, դրա դիմաց որպես կաշառք ստանալով 2.379.950 դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար և շուրջ 2.300.000 ՀՀ դրամին համարժեք շինանյութ։

Այս խորագրի վերջին նյութերը