Լրահոս

07.04.2020 16:20


Սերժ Սարգսյանի եղբորորդին կմնա կալանավորված. Վերքննիչ քրեական դատարանը մերժել է պաշտպանի բողոքը

Սերժ Սարգսյանի եղբորորդին կմնա կալանավորված. Վերքննիչ քրեական դատարանը մերժել է պաշտպանի բողոքը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, կմնա կալանավորված: Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, մերժել է Նարեկ Սարգյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման դեմ փաստաբանի բողոքը: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Նարեկ Սարգսյանի պաշտպան Արթուր Պիվազյանից:

«Դատարանի որոշումը դեռ չենք ստացել: Երեկ դատական նիստին հրապարակվել է դատարանի որոշման եզրափակիչ մասը: Դեռևես տեղյակ չենք, թե ինչ պատճառաբանությամբ է մերժվել բողոքը»,- նշեց Պիվազյանը՝ հավելելով, որ որոշմանը ծանոթանալուց հետո հավանաբար կբողոքարկեն այն:

Հարցին, թե այս ընթացքում Նարեկ Սարգսյանի մասնակցությամբ քննչական գործողություններ եղել են, փաստաբանը դրական պատասխանեց, սակայն չցանկացավ մանրամասնել, թե ինչ գործողություններ են կատարվել: Բայց փաստաբանը տեղեկացրեց, որ Նարեկ Սարգսյանն ունի առողջական խնդիրներ:

Փաստաբանը հիշեցրեց նաև ԵԽ՝ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի հանձնարարականը, որի համաձայն՝ ՀՀ-ում արդեն պրակտիկա է ձևավորվում, որ, հաշվի առնելով առողջական վիճակը, կալանավորված անձանց գրավի դիմաց ազատ են արձակում:

«Մեր բողոքում դա էլ էինք նշել՝ հաշվի առնելով Նարեկ Սարգսյանի առողջական վիճակը, այն, որ նա ևս ռիսկային խմբում է գտնվում, հաշվի առնելով նաև այն, որ «Վարդաշեն» ՔԿՀ-ում արդեն առկա է հիվանդությունը, թեև ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն տարածեց, որ դրանք ընդամենը աշխատողներ են և կալանավորների հետ չեն շփվել: Կարծում եմ՝ որոշ ժամանակ անց պարզ կլինի՝ շփվել են, թե ոչ: Հաշվի առնելով այս հանգամանքները՝ մենք ևս միջնորդել ենք, սակայն չեմ կարող ասել՝ դատարանը միջնորդությունը հաշվի առե՞լ է, թե՞ ոչ»,- ասաց Պիվազյանը:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսի 26-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ էր հարուցվել՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով: Հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում:

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես և ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների ու Ինտերպոլի հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել էին ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին: Դեկտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Սարգսյանը Չեխիայից տեղափոխվեց Հայաստան:

Այս խորագրի վերջին նյութերը