Մեկնաբանություն

17.03.2011 14:49


Իշխանությունն ընկած է փողոցում, իսկ ո՞վ այն կվերցնի

Իշխանությունն ընկած է փողոցում, իսկ ո՞վ այն կվերցնի

Սերժ Սարգսյանն իր կառավարման երեք տարում արեց ամեն ինչ, որ երկրում հեղափոխություն նախապատրաստի, և այսօր այդ հեղափոխության համար կան բոլոր նախադրյալները, քանի որ առկա վիճակից դժգոհ են անխտիր բոլորը՝ իշխանությունը ներկայացնող լայն շրջանակներից մինչև շարքային քաղաքացիները։

Հեղափոխությանը Ս. Սարգսյանը նպաստեց հայ–թուրքական «ֆուտբոլը» նախաձեռնելով, Տիգրան Սարգսյանի հետ համատեղ բոլշևիկյան տնտեսական քաղաքականություն վարելով, իր նեղ շրջապատի օգտին սեփականության վերաբաշխում իրականացնելով, հեռուստատեսային դաշտը Բաղրամյան 26–ի ձեռքում գերկենտրոնացնելով, չբացելով Ա1+ –ը, փակելով ԱԼՄ–ն, իրեն իշխանության բերած մարդկանց «քցելով», կառավարման բոլոր ոլորտներում տապալվելով և իր  ոչ համարժեք պահվածքով։

Հեղափոխական մթնոլորտի ձևավորմանը նպաստեց նաև կոալիցիոն նոր հուշագրի ստորագրումը, որը քաղաքական տեռոր էր ԲՀԿ–ի նկատմամբ, ինչպես նաև հասարակությանը նետված մարտահրավեր։

Այլ խոսքերով՝ երկրում հեղափոխության պահանջ ձևավորեց Սերժ Սարգսյանի ու իր երիտթևի անսահման ագահությունը, որը տեղավորվում է «մեկ ազգ, մեկ օլիգարխ, մեկ տիրացու, մեկ փեսա» մոդելում։

Բնականաբար, իշխանությունը կփորձի դիմադրել ու հանրային տրամադրությունները չեզոքացնել։

Հեղափոխությանը դեմ են Սերժ Սարգսյանը, իրեն կից գործող նազիր–վեզիրները, ինչպես նաև երդվյալ հակահեղափոխական Լևոն Տեր–Պետրոսյանը, ով հանգամանքների բերումով այսօր կանգնած է հեղափոխական տրամադրված զանգվածի գլխին։ Սակայն նկատենք, որ անկախ Սերժի ու Լևոնի ցանկությունից՝ այսօր կարող են կտրուկ գործընթացներ լինել։

Րաֆֆի Հովհաննիսյանը ցույց տվեց, որ Ազատության հրապարակը բաց է, և ցանկության դեպքում կարելի է այն գրավել։

«Ժառանգության» ղեկավարի քայլը Տեր–Պետրոսյանին ծուղակի մեջ դրեց, ու վերջինս ստիպված է լինելու որոշակի գործողությունների դիմել, այլապես կբռնի արթուրբաղդասարյանացման ուղին ու բոլորին, այդ թվում՝ «Լևոնի վկաներին» բացահայտ կդառնա, որ «պապին Սերժի դուդուկի տակ է պարում»։

Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, պարզ կդառնա առաջիկա ժամերին։ Բայց ինչ էլ լինի, մեկ բան ակնհայտ է. իշխանությունն այժմ ընկած է փողոցում, պարզապես այն վերցնող քաղաքական ուժ դեռ չկա։

Եթե մեզանում սկսվեն եգիպտական տիպի գործընթացներ, ապա այն, ամենայն հավանականությամբ, լինելու է «անգլուխ», ինչպես Եգիպտոսում։ Չնայած պետք է նաև նկատել, որ Եգիպտոսում գործընթացն այնքան էլ «անգլուխ» չէր։

Ամեն դեպքում արձանագրենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դարձավ այն կերպարը, ով Հայաստանի քաղաքական գործընթացները տանում է դեպի նոր զարգացումների հուն։ ՀՀ քաղաքացիներիս խնդիրն այս պարագայում պետք է լինի այն, որ այդ զարգացումները լինեն անցնցում, անարյուն, անլևոն, անսերժ ու երկրի առաջընթացն ապահովող։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը