Այո՛, մարդը սխալական է... բայց սխալը ճիշտ հասկանալն է կարևոր, մանավանդ, եթե մարդը վարչապետ է
Միանգամից պիտի նշեմ, որ «լայքված հարցերով»Նիկոլ Փաշինյանի ասուլիսալայվին լայվով կամ ուղիղ եթերում չեմ հետևել: Ծանոթացել եմ, այսպես ասած՝ հետահայաց, տեսանյութերով:
Կառավարության սխալների մասին հարցը լավն էր: Ցավոք, նույնը չեմ կարող ասել վարչապետ Փաշինյանի պատասխանի մասին: Չնայած, գեղեցիկ բաներ ասաց, օրինակ, թե՝ «Ուզում եմ շատ բարձր գնահատենք այն սխալները, որոնք մենք թույլ ենք տալիս... Չենք կարող լինել անսխալական, սխալներ ամեն օր թույլ ենք տալիս, բայց շատ կարևոր է, որ այդ սխալներից կարողանանք սովորել, որովհետև սխալները մեր ամենամեծ ուսուցիչն են... Այն սխալները, որոնք մեզ չեն սպանում, մեզ ուժեղացնում են: Եթե մենք ուզում ենք սովորել, պետք է նաև սխալվելու համարձակություն ունենանք, իհարկե, որ այդ սխալներն աղետալի չեն լինի...»:
Ճիշտ է, այդ մտքերի մի մասի հեղինակային իրավունքներն պատմությունից հայտնի անձանց են պատկանում, բայց գոնե կրկնելը հուշում է, որ ասողը դրանք ոչ միայն հավանել է, այլև խորքային իմաստն ընկալել և ընդունել:
Նիկոլ Փաշինյանի գնահատականն այն է, որ այս կորոնավարակի թնջուկի հետ կապված ինքն ու իր գլխավորած կաբինետը աղետալի սխալներ չեն գործել: Դե ինչ, վարչապետի ինքնագնահատականը բավականին բարձր է: Բայց իրականությունը նկատելիորեն տարբերվում է նրա պատկերացրածից: Մանավանդ, որ զուտ պաշտոնական թվերով Հայաստանը վարակի տարածման, վարակակիրների, մահերի ծանր վիճակագրությամբ հարևան Վրաստանին ու Ադրբեջանին տվել-անցել է, մեղմ ասած:
Բայց նախ, մեկ-երկու ընդհանրական դիտարկում:
Այո՛, մարդը սխալական է: Այո՛, սխալներից կարելի է և պետք է սովորել: Այո՛, սեփական սխալները նաև լավ ուսուցիչ են, բայց այն դեպքում, եթե աշակերտը սովորելու և սովորածն ընկալելու բավարար կարողություն ունի: Կարճ ասած՝ մարդը սխալական է, բայց նաև սխալը ճիշտ հասկանալն է կարևոր, մանավանդ, եթե այդ մարդը երկրի վարչապետն է:
Բա՞րձր գնահատենք սխալները: Փորձենք: Շատ կոնկրետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասաց. «Կորոնավիրուսի հետ կապված մեկ–մեկ մտածում եմ, որ սխալ արեցինք, որ Իտալիայի չվերթներն ավելի շուտ չփակեցինք: Բայց հետո ոնց մտածում եմ, այն մարդիկ, որ եկել են Հայաստան և կորոնովիրուսի ակտիվ տարածման պատճառ են դարձել, միևնույն է՝ գալու էին, կգնային Վիեննայից կթռնեին այդ մարդիկ, մի քանի կիլոմետր այն կողմ է: Աթենքից կթռնեին, և ոնց որ ջերմիջեցնող խմելով անցել են սահմանը, էն ժամանակ էլ կանցնեին: Մեկ-մեկ մտածում եմ, որ դա սխալ է, հետո հասկանում եմ, որ դա բացարձակապես որևէ ազդեցություն իրավիճակի վրա չէր կարող ունենալ»:
Խոսքի շարունակության մեջ էլ բոլոր եկողներին կարանտինի ենթարկելու տարբերակի մասին նշեց, թե չէին կարող կռահել, թե հատկապես ով է լինելու վիրուսակիրը:
Սկզբունքորեն, ահա այն ամենը, ինչ արժե իմանալ՝ սեփական սխալներից սովորելու մասին զրնգուն դատողություններ անող Նիկոլ Փաշինյանի սովորելու մասին: Մի փոքր ավելի մանրամասն:
Նախ, երբ փետրվարի վերջերին Իրանից օդանավով 1 վարակակիր հայրենակից եկավ, նրա մեկուսացման «կինոն» բացորոշ ցույց տվեց կառավարության բոլոր սխալները: Կհիշեք, մարդը եկել էր, ընկերոջ մեքենայով գնացել էր տուն, տանը վատ էր զգացել, շտապօգնության մեքենայով տարվել էր հիվանդանոց, որտեղ արդեն հաստատվել էր, որ կորոնավարակակիր է: Ի դեպ, մի երկու շաբաթ դրանից հետո, պաշտոնական լրահոսում նշվող առաջին առողջացած քաղաքացին է, որքան հայտնի է:
Սխալների շարքը շարունակվեց սակայն:
Սխալներից մեկն այն էր, որ մարտի 1-ի երթը չեղարկելով հանդերձ, չչեղարկվեց հանրաքվեի քարոզարշավը ու դեռ երկու շաբաթ Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությամբ հանրահավաքներ ու մարդկանց նկատելի կուտակումներով հանդիպումներ էին իրականացվում:
Հիմնական բացթողումն ու սխալը. հարցն, ախր այն չէ, թե որևէ վարակակիր Միլանի՞ց, Վիեննայի՞ց, թե՞ Աթենքից կամ Մոսկվայից է վերադառնում հայրենիք: Մարդիկ, իհարկե, պետք է վերադառնային, այդտեղ սխալ չկա, առհասարակ:
Հարցն այն է, որ, այո՛, շատ ավելի վաղ պետք էր կիրառել բոլոր ժամանողներին կարանտինավորելու տակտիկան, ինչը թույլ կտար մեկուսացման պայմաններում հայտնաբերել վարակակիրներին և կանխել նրանց հետագա շփումները: Վարակակիր կռահել պետք չէր, կոնկրետ պարզել էր պետք: Այստե՛ղ է հիմնական սխալներից մեկը, ա՛յս սխալն է, որ, դատելով Նիկոլ Փաշինյանի ասածներից, նրան ու կառավարությանը ոչինչ չի սովորեցրել: Մյուս սխալներն արդեն հիմնական սխալներից ածանցված են:
Սխալը իրավիճակը ու հատկապես վտանգը ժամանակին ու ռեալ չգնահատելն էր:
Ի միջի այլոց, մի պահ էլ կա: Ամենատարբեր վարակների, սուր-վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի մեթոդները, հատկապես՝ տարածման կանխարգելման գործողությունները, կարելի է ասել՝ դարերով մշակվել ու շարունակաբար հղկվել են, ինչ-որ մի հայտնագործություններ անելու խնդիր չէր: Պարզապես պետք էր եղած փորձն ու մեխանիզմները ժամանակին ու ճիշտ կիրառել: Չարժեր, էլի, սխալվել ու սայթաքել այնտեղ, որտեղ շատ դժվար էր սխալվել ու սայթաքել:
Չնայած, արժե՞ դա ասել, երբ մարդիկ անգամ իրենց սխալները չեն կարողանում հստակ առանձնացնել և գնահատել:
Ի դեպ, սխալները հասկանալու և դրանք ուղղելու հատկությունը միայն անհատական չէ: Երբեմն ժողովուրդները, հասարակություններն էլ են կարողանում գիտակցել իրենց թույլ տված սխալ(ներ)ը, իսկ առանձին դեպքերում նույնիսկ ուղղում են այդ սխալը կամ սխալները: Այս դիտարկումը թող իրենց ականջին օղ անեն բոլոր ժամանակների հետագա կառավարիչներն ու հատկապես «թավշյա» ցնցումներով իշխանության հասած պարգևավճարյալները:
Այո՛, մարդը սխալական է... բայց սխալը ճիշտ հասկանալն է կարևոր, մանավանդ, եթե մարդը վարչապետ է
Միանգամից պիտի նշեմ, որ «լայքված հարցերով» Նիկոլ Փաշինյանի ասուլիսալայվին լայվով կամ ուղիղ եթերում չեմ հետևել: Ծանոթացել եմ, այսպես ասած՝ հետահայաց, տեսանյութերով:

Արմեն Հակոբյան