Մեկնաբանություն

07.04.2020 00:58


«Դոմոդեդովոյի» գերիները․ ՀՀ կառավարությունը հրաժարվում է ընդունել մեր քաղաքացիներին

«Դոմոդեդովոյի» գերիները․ ՀՀ կառավարությունը հրաժարվում է ընդունել մեր քաղաքացիներին

Կորոնավիրուսի տարածումը կանխելու հետ կապված միջոցառումներով պայմանավորված արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիները ստիպված են վերադառնալ Հայաստան։ Նրանցից ոմանց դա հաջողվել է, իսկ ոմանք Մոսկվայի «Դոմոդեդովո» օդակայանում հայտնվել են գերության մեջ։

Բանն այն է, որ նրանք չեն կարողանում տուն վերադառնալ։ Խնդիրը փողը չէ։ Ավելի ճիշտ՝ միայն փողը չէ։

Մոսկվա–Երևան չարտերային թռիչքի համար տեղի հայերի օգնությամբ որոշակի գումար հավաքվել է և հնարավորություն է ստեղծվել, որպեսզի աշխատանքից զրկվածները վերադառնան հայրենիք, սակայն նրանց չի ուզում ընդունել․․․ ՀՀ իշխանությունը։

Մեր ունեցած տեղեկություններով՝ ավելի քան 2.000 մարդու փաշինյանական, այսինքն՝ իրեն հեղափոխական, ժողովրդական, ժողովրդավարական, թավշյա․․․ մի խոսքով, մեր քաղաքացիներին սիրող, բոլորի առաջ խոնարհվող ու այս փուլում բոլորին չհամբուրող իշխանությունը հրաժարվում է Հայաստան ընդունել արտագնա աշխատանքի մեկնած հպարտ քաղաքացիներին։ Պատճառաբանում են, որ դրսից եկածներին պետք է անպայման կարանտինի մեջ պահեն, քանզի վարակված լինելու հավանականությունը մեծ է։ Բայց քանի որ չեն ուզում 2 հազար մարդու 2 շաբաթ պահել, ուստի որոշել են նրանց զրկել Հայաստան վերադառնալու հնարավորությունից՝ թույլ չտալով չարտերային թռիչքի իրականացումը։ Արդյունքում՝ ՀՀ քաղաքացիները «բնակվում» են «Դոմոդեդովոյում»։

Փաշինյանի կառավարությանն այս մարդիկ, փաստորեն, հետաքրքրում են որպես դրսից գումար ուղարկողներ, որպեսզի ՀՀ վարչապետը կարողանա գեղեցիկ թվեր ներկայացնել և դրսում աշխատելու շնորհիվ Հայաստանում սպառում ապահովելը հրամցնել որպես սեփական ձեռքբերում։ Իսկ ահա երբ խնդիր է առաջանում, նույն այդ քաղաքացիները դառնում են անցանկալի բեռ իշխանության համար։

Կարևորը՝ դուխո՛վ։

Պետրոս Ալեքսանյան

Հ․Գ․ Մենք ակնկալում ենք, որ կառավարությունից կամ պարետատնից պարզաբանումներ ներկայացնեն այս թեմայով։ Եվ ասեն, թե ինչու են մինչև հիմա մեր քաղաքացիները «բոմժի» կարգավիճակով մնացել Մոսկվայի օդակայանում և ինչ է անում իշխանությունը խնդրին լուծում տալու համար։

Այս խորագրի վերջին նյութերը