Մեկնաբանություն

07.04.2020 10:45


Լավ լուրի հնարավորը «ո՞ր մեղքս» է

Լավ լուրի հնարավորը «ո՞ր մեղքս» է

Ի՞նչ է նշանակում` «հնարավոր է` լավ լուր ունենք կորոնավիրուսի հաղթահարման մասով»։

Լավ լուրը կա՛մ կա, կա՛մ չկա։

Եթե ապրիլի 5-ից 6-ը կորոնավարակի տեստավորված և հաստատված դեպքերի թիվը կտրուկ նվազել է, հասել է 11-ի` 2-3 օր առաջ գրանցված 92-ի փոխարեն, դա միանշանակ լավ է` լավ լուր է։ Եթե բլեֆ է` աշխարհի ամենաթափանցիկ, «ժողովրդական», «ժողովրդի անմնացորդ վստահությունը վայելող» կառավարիչները «հին օրերի հանգույն» էլի փափուկ բարձ են դնում գլխներիս տակ` իրականությունը թաքցնում է «աղքատ, հպարտ» քաղաքացիներից, որ չփչացնեն Փաշինյանի 3 ժամանոց ուղիղ եթերն, ու հարցուպատասխանը «դուխով»` բարձր նոտայի վրա անցնի, ապա վատ է` շատ վատ։

Տա Աստված, որ սխալված լինեմ, բայց ներքին ձայնս, չգիտես ինչու, հուշում է, որ այդպես էլ կա։ Այլապես 6 րոպեանոց առավոտյան «լայվում» ստիպված չէր լինի 6 անգամ նույն բանը կրկնել ուշ հասկացողների համար`որ «օրինաչափության» մասին խոսելը դեռ վաղ է. ժամանակ է պետք, որ «լավ լուրը» հաստատվի և դառնա քիչ թե շատ թափանցիկ մոնիտորինգի արդյունքներով ամրապնդված արժանահավատ փաստ։ Ու «սովետի» ոգով չէր փորձի «լավ լուրը» հակակշռել վատ լուրով, թե` այնպես չստացվի, որ միայն լավ լուր եմ ասում. վատ լուր էլ ունեմ`մահացածների թիվն ավելացել է ևս մեկով, բայց հանգուցյալը, «թո՛ւ-թո՛ւ-թո՛ւ», բացի կորանավիրուսից, այլ հիվանդություններ էլ է ունեցել։ Լավ է չասաց` կորոնավիրուսն ում շունն է, որ...

Ի՞նչ կարիք կար, ուրեմն, ջուրը չտեսած` բոբիկանալ։ Որովհետև, ինչքան էլ անհարմար հարցերը շանս չունեին` հայտնվելու վարչա(հրամայա)պետի «սեղանին» (հարցուպատասխան-լայվի ժամանակ հնչեցված «ամենաանհարմար» հարցն այն էր, թե` բա, մեռանք սպասելով, ինչո՞ւ է ուշանում «արդարադատությունը», էլ չենք դիմանում`«թավիշը ե՞րբ է պակասելու», «թալանչիները» ե՞րբ են վերջապես պատասխան տալու «օրենքի» առաջ, թալանված միլիարդները` միլիարդավոր դոլարները, ե՞րբ են բռնագանձվելու և վերադարձվելու օրինական տիրոջը, այսինքն` «ժողովրդին»), բայց դե` մեծ աշխարհ է։ Մեկ էլ տեսար` ինչ-որ մեկին հետաքրքրեց, ինչպե՞ս է, որ Հայաստանը հետխորհրդային տարածքի բացարձակ չեմպիոն է դարձել մեկ շնչին ընկնող կորոնահիվանդների թվով։

Հո չէ՞ր կարող նման «գնահատականներով» ուղիղ եթեր դուրս գալ ու պատասխանել հարցերի. պե՞տք էր, չէ` հպարտներին լավատեսության դոզա սրսկել` թեկուզ «հնարավոր բարի լուրի» տեսքով։ Հետո միշտ կարելի է հետողորմյա անել, ասել` կներեք, բարի լուրը չհաստատվեց, և վերջ։

Հարցուպատասխան լայվից առաջ շրջանառության մեջ դրված «հնարավոր լավ լուրերից» մեկն էլ այն է, որ Նիկոլը վերջապես երեսատեղ է ունեցել` զանգելու Պուտինին և «քննարկելու» գազի գնի հարցը։ Ինչո՞ւ «հնարավոր»։ Որովհետև պաշտոնական Երևանի հաղորդագրության մեջ «արդյունքների» մասին խոսք չկա, իսկ պաշտոնական Մոսկվայի հաղորդագրությունն այդ թեմային ընդհանրապես չի անդրադարձել։ Ըստ ամենայնի, Փաշինյանը պարզապես արդարացել է` բացատրել է, թե ինչու երրորդ կողմի` Բելառուսի նախագահի հետ է քննարկել հայ-ռուսական հարաբերություններին առնչվող սույն խնդիրը։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը