Քաղաքական

17.03.2011 14:37


Նոր Հայաստան

Նոր Հայաստան

Հարգելի՛ քաղաքացիներ

Շատերիս համար ակնհայտ է, որ անհրաժեշտ է արմատական փոփոխության ենթարկել Հայաստանում առկա տնտեսաքաղաքական հարաբերությունները։ Այդ փոփոխությունները պետք է լինեն հեղափոխական բնույթի և ներառեն հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտները, նպաստեն նոր, ժողովրդավարական ու արդիական արժեհամակարգի ձևավորմանը։

Այնպես է ստացվել, որ Հայաստանի զարգացման համար անհրաժեշտ փոփոխություններին այսօր խանգարում են երկու հիմնական սուբյեկտներ՝ իշխանությունը՝ ի դեմս Սերժ Սարգսյանի ու իր նեղ շրջապատի և ընդդիմության դաշտը մենաշնորհելու ձգտող Լևոն Տեր–Պետրոսյանի նեղ թիմը (չշփոթել ՀԱԿ–ի հետ)։ Երկուսն էլ ներկայացնում են այժմյան փտած համակարգը։ Մեկը հիմնադիրն է, իսկ մյուսը՝ փտածությունը խորացնողը։ Երկուսն էլ գոհ են այսօրվա իրենց կարգավիճակով ու ձգտում են կայունության, բայց դա իրականում կայունություն չէ, այլ լճացում, որը մեր երկիրը հետ է շպրտում ու տանում պարտության։ Հետևաբար, ՀՀ–ի ապագայով մտահոգ յուրաքանչյուր քաղաքացի իր պարտքը պետք է համարի «Լ. Տեր-Պետրոսյանն – Ս. Սարգսյան» փակ համակարգի ներսում ձևավորված «ստատուս քվոյի» ջախջախումը։ Լուծումներն այդ առումով տեսնում եմ քաղաքական գործընթացներին այլ ձև ու բովանդակություն հաղորդելու տարբերակով։ Անհրաժեշտ է շրջել անցած մեր քսանամյա նորագույն պատմության էջն ու դեն շպրտել պետականաշինության չհաջողված սևագրությունը։ Ժամանակն է մաքրագրություն անելու։ Նպատակը պետք է լինի բաց համակարգ ունենալը, որի պարագայում Հայաստանի քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքի շահառուներ կլինեն ՀՀ բոլոր քաղաքացիները, և յուրաքանչյուրն իր կարողությունների, գիտելիքների ու շնորհքի չափով կապահովի իր անձնական բարեկեցությունը և միևնույն ժամանակ կնպաստի պետության զարգացմանը՝ հանդես գալով զինվորի, հարկատուի, պետական պաշտոնյայի, բանվորի, ոստիկանի, ուսուցչի, բժշկի կամ այլ սոցիալական դերակատարմամբ։

Մենք պետք է գնանք Նոր Հայաստան կառուցելու ճանապարհով, ու ոչ մի «Եղիազար Այնթապցի» և «էջմիածնական միաբան» չպետք է կարողանան խոչընդոտել այդ Նոր Հայաստանը կառուցելու գործին։

Նոր Հայաստանը ես պատկերացնում եմ Նոր Սահմանադրությամբ, որի հիմքում պետք է ընկած լինի խորհրդարանական կառավարման համակարգը, որի պարագայում մենք չենք ունենա մեկ մարդու պատկերացումներով ու քմահաճույքով կառավարվող երկիր, չենք ունենա այդ մեկ մարդուն կից գործող մեկ մարդու «ընդդիմություն», որի դեպքում հասարակությունը հայտնվում  է խաղից դուրս վիճակում։

Անկախ նրանից, թե ինչպիսին կլինի այսօրվա հանրահավաքի կազմակերպիչների վարքագիծը, ՀՀ քաղաքացիները պետք է պատրաստվեն փոփոխության։ Չպետք է թույլ տալ, որ հանրային լսարանն օգտագործելով՝ որոշ մարդիկ դառնան նորաթուխ գեղամյաններ ու արթուրբաղդասարյաններ, իսկ Հայաստանը շարունակաբար գահավիժի։ Եվ ուրեմն՝ այսօր պետք է փոփոխությունների մեկնարկի սկիզբը համարել ու անցնել ակտիվ գործողությունների. յուրաքանչյուրս իր տեղում։

Համոզված եմ, որ փոփոխություններին հնարավոր է հասնել առանց լուրջ ցնցումների, որի դեպքում արդեն կբացառվեն մարդկային կյանքի կորուստները։

Հարգելի՛ ընթերցողներ

Երկու տարի առաջ՝ 2009–ի մարտի 17–ին ստեղծվեց «7 օր» լրատվավերլուծական կայքէջը։ Մենք ձեռք բերեցինք բազմահազար ընթերցողներ, ովքեր ամեն օր մեր կողքին են։

Անկախ նրանից՝ ընդունո՞ւմ եք արդյոք մեր գաղափարները, թե՞ ոչ, մենք շնորհակալ ենք մեր հավատարիմ ուղեկիցը դառնալու համար։

Մեկ բան անվիճելի է. «7 օրը» հավատարիմ է մնացել իր սկզբունքներին ու չի շեղվել որդեգրած գծից՝ մատուցել «չոր» լրատվություն, իսկ վերաբերմունքը ցույց տալ  վերլուծական նյութերով ու մեկնաբանություններով։ Արտահայտվելու հնարավորություն ենք տվել անխտիր բոլոր մտածողության տեր մարդկանց՝ անգամ չընդունելով նրանց տեսակետները։

Նրանք, ովքեր դարձել են «Ծուռ հայելի» խորագրի «զոհը», պետք է իրե՛նց մեջ փնտրեն պատճառները։ Մենք ընդամենն արձանագրել ենք տեղի ունեցած այս կամ այն իրադարձության կամ երևույթի հանրային ընկալումներն ու դրանք յուրովի մատուցել ընթերցողին։

Ի դեպ, շատ խորհրդանշական է, որ Նոր Հայաստանի ստեղծման ու ազգային–դեմոկրատական փոփոխությունների կարգախոսներով առաջնորդվող «7 օրի» ծնունդը հենց այս օրն էր՝ մարտի 17–ին։

Հասկանալի է, որ ակնկալվող փոփոխությունները չեն լինելու այսօր ու միանգամից, բայց դրանց անշրջելի դարձնելու սկիզբը կարելի է համարել մարտի 17–ը։

Բոլորիս մաղթում եմ հաղթանակ՝ բացառությամբ մեր գաղափարական հակառակորդների, ովքեր մեծամասնություն չեն կազմում։

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը