Մեկնաբանություն

06.04.2020 12:35


Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում է կրկնահանցագործությա՞ն

Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում է կրկնահանցագործությա՞ն

Առաջին հանցագործությունն այն էր, որ կորոնավիրուսն արդեն Հայաստանում էր, բայց Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե բա կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, որ իրենց ծրագրերը փոխի։ Հայտարարեց ու անցավ գործի։ Սկսեց մարդկանց մեծ խմբերով հավաքել ու ատելության քարոզ անել՝ նպաստելով վարակի տարածման արագությանը։

Այն, որ մենք հիմա տարածաշրջանային առաջատար ենք կորոնավիրուսով վարակվածների ու մահացածների թվով, Փաշինյանի հանցավոր անգործության և հանցավոր ապաշնորհության հետևանք է։ Կորոնավիրուսն, այո՛, չէր շրջանցելու Հայաստանը, բայց դրան պետք էր պատրաստվել, ոչ թե մարդկանց գլխի տակ փափուկ բարձ դնել, թե, իբր, դա գրիպի պես մի բան է ու հատուկ միջոցառումներ պետք չեն։

Երբ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ոչ կոմպետենտությամբ կամ ստելու ցանկությամբ պայմանավորված, հայտարարում էր, որ վարակի դեմ հատուկ քայլերի կարիք չկա ու ինքն իր երեխաներին ուղարկելու է դպրոց, դա արդեն ցույց էր, տալիս, թե ինչ որակի իշխանության հետ գործ ունենք։

Կորոնավիրուսն ամբողջությամբ բացահայտեց նիկոլենց ապաշնորհությունն ու հանցավոր անկարողությունը։

Ու հիմա փոխարենը գործ անեն, զբաղված են թամաշաներով՝ ֆեյսբուքյան խեղկատակի են գտել ու դրել շրջանառության մեջ։ Սրան զուգահեռ վարչապետն է հեռախոսային հանրահավաքներ անում։ Պատճառն այն է, որ վախեցած են։

Վախեցած են ոչ միայն վիրուսից, այլ նաև տնտեսական կոլապսից։ Ու քանի որ ապաշնորհ են, սկսել են քարոզչական միջոցներով հիմքեր նախապատրաստել, որ մեկ շաբաթից կարող են կարանտինային ռեժիմը թուլացնել, որպեսզի տնտեսությունն անցնի բնականոն ռեժիմի։

Սրանք այնքան ապաշնորհ են ու ագահ, որ փոխարենը բյուջեի մասին օրենքում փոփոխություն անեն, սեկվեստրի ենթարկեն հատկապես իրենց պարգևավճարները և անիմաստ ծախսերը, փողն ուղղեն սոցիալապես խոցելի խմբերին, ուզում են շարունակել «Կորոնավիրուսն ո՞ւմ շունն է» քաղաքականությունը, ինչը կրկնակի հանցագործություն է դառնալու։

Այս օրերին բազմաթիվ պետություններ բանակցում են միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ, փող են ներգրավում ու փորձում փրկել իրենց տնտեսությունները, իսկ մեր ապաշնորհները դա չեն կարողանում անել։ Համաշխարհային բանկից սրանք կորոնավիրուսի դեմ պայքարի համար ընդամենը 3 միլիոն դոլար են բերել, ինչը պարզապես ծիծաղելի թիվ է։

Սրանք այնքան ապաշնորհ են ու քաղաքականապես տհաս, որ չեն կարողանում Ռուսաստանի հետ բանակցել գազի գնի թեմայով։ Չեն կարողանում թեստերի ու թոքերի արհեստական օդափոխման սարքեր բերել։

Եվ ահա իրենց ապաշնորհությունը կոմպենսացնելու համար ուզում են մի շաբաթից կարանտինը հանել՝ «Գնացեք դուք ձեր գլուխը պահեք, մեզանից ոչ մի հույս մի ունեցեք» թեմայով։ Եթե Նիկոլը որոշեց վիրուսի տարածման վտանգի պայմաններում, իբր, տնտեսությունն աշխատացնել ու մարդկանց կյանքը, առողջությունը վտանգի ենթարկել, ապա դա կլինի կրկնակի հանցագործություն։ Ապագա մահերի ու անվերահսկելի առողջապահական պատկերի թիվ մեկ ու միակ պատասխանատուն ինքն է լինելու՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը