Լրահոս

04.04.2020 17:25


«Գոռաց հեռու մնա, չհասկացա` ինչու». կորոնավիրուսով վարակված վիրավորին օգնած երիտասարդին մեկուսացրել են

«Գոռաց հեռու մնա, չհասկացա` ինչու». կորոնավիրուսով վարակված վիրավորին օգնած երիտասարդին մեկուսացրել են

Երեւանի բնակիչ 23-ամյա Արմեն Այվազյանի երեկոյան զբոսանքը երեկ ավարտվել է անհավանական պատմությամբ: Վթարված Շտապօգնության մեքենայի ուղեւորին օգնելուց հետո Արմենին 14 օրով մեկուսացրել են:

NEWS.am-ի հետ զրույցում Արմենը պատմեց, որ երեկ երեկոյան երբ 20 օր ինքնամեկուսանալուց հետո որոշել է մի փոքր զբոսնել, վթարի է ականատես եղել եւ օգնություն է ցուցաբերել վիրավորին:

«Գայի պողոտայի այգում մոտերքում զբոսնում էի, վթարի ձայնը լսեցի, վազելով մոտեցա, օգնեցի վիրավորին, ձեռքը գցեցի ուսիս, տարա, նստացրեցի նստարանին: Հետո գոռաց՝ հեռու մնա, հեռու մնա, ճիշտն ասած չհասկացա` ինչի համար, մտքովս չէր անցել, հետո վարորդին տեսա, որ գլուխը բռնած դուրս էր գալիս մեքենայից, շոկի մեջ էր: Հետո ոստիկանները մոտեցան, հեռու տարան եւ նոր ասացին, որ վարակված է»,-պատմեց Արմենը` նշելով, որ վարակվածը մոտ 40 տարեկան տղամարդ էր եւ վնասել էր ոտքը:

Միջադեպից որոշ ժամանակ անց է միայն Արմենը հասկացել, որ վարակվածի հետ է մոտիկից շփվել եւ տանը գտնվող մեծահասակ ընտանիքի անդամներին վտանգի տակ չդնելու համար զանգահարել է թեժ գիծ, եւ որոշ ժամանակ անց նրան տարել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, այնտեղից էլ հյուրանոց` մեկուսացնելու:

«Այժմ գտնվում եմ «Իմպերիալ» հյուրանոցում։ Ամեն ինչ լավ է, շատ գոհ եմ, 14 օրից թեստավորվելու եմ: Դեպքից հետո ոչ մեկի հետ չեմ շփվել»,-հավելեց նա։

Արմենի խոսքով` միայն ինքն է օգնել վիրավոր քաղաքացուն, այլ քաղաքացիներ չեն մոտեցել վարակված քաղաքացուն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախօրեին ժամը 22։45-ի սահմաններում Գայի պողոտայի և Թոթովենցի փողոցի խաչմերուկում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ՝ 34-ամյա Էդգար Հ-ի վարած «Ջին Բեյ» մակնիշի 610 OC 61 համարանիշի և Երևանի բնակիչ՝ 23-ամյա Գրիգոր Ա-ի վարած Honda մակնիշի 35 ZR 016 համարանիշի ավտոմեքենաները։

Բախումից հետո «Ջին Բեյի» վարորդը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և բախվել էլեկտրասյանն ու Երևանի բնակիչ՝ 31-ամյա Գևորգ Մ-ի վարած Opel մակնիշի 9688 ID համարանիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով «Ջին Բեյ»-ի ուղևոր՝ 41-ամյա Լ. Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Այս խորագրի վերջին նյութերը