Կարծիք

04.04.2020 11:05


Գազի հնարավոր սակագինը՝ լուրջ քաղաքական բաղադրիչ

Գազի հնարավոր սակագինը՝ լուրջ քաղաքական բաղադրիչ

Կորոնավիրուսից առժամանակ միայն գազի սակագնի փոփոխության հեռանկարը կարողացավ շեղել:

Երբ 2019թ․ հունվարի 1-ին գազի գինը սահմանին թանկացավ 10 տոկոսով, մեր իշխանությունները խոստացան, որ սպառողին դա չի վերաբերի: Սա անկախության շրջանում երրորդ դեպքն էր, երբ պահի իշխանությունները առժամանակ կարողանում են հետաձգել սակագնի բարձրացումը:

Նախորդ դեպքերում (2002 և 2013թթ․) պարտքի մարումը հասարակությունը միանշանակ չի ընդունել:

Այս անգամ իշխանությունները հույսը հավանաբար համաշխարհային տնտեսական գործընթացների հետ էին կապել: Որովհետև Եվրոպայից գազի գնի մասին տևական ժամանակ «հուսադրող» լուրեր էին տարածվում: Եվրոպական երկրներում վերջին երկու տաք ձմեռների և այլ՝ աշխարհաքաղաքական գործընթացների պատճառով ռուսական գազի գինը նվազում էր:

Իսկապես փետրվարի սկզբին գազի բաշխման եվրոպական որոշ կայաններում գազի գինը նկատելի նվազել էր: Հազար խմ-ի դիմաց կենտրոնական բաշխիչ կայաններում գինը 95.7 դոլար էր իջել: Իսկ հոլանդական բաշխիչ կայանում տարեսկզբի 108.4 դոլարի փոխարեն գազը վաճառվում է 101.7 դոլարով: Բայց այս տեղեկության հետ ռուսական մամուլից կարելի էր ճշտել, որ Պետերբուրգի և Սմոլենսկի մարզերում գազը հազար խմ-ն 59 դոլարի փոխարեն իրացվում էր 84-85 դոլարով: Տնտեսական իմաստով այստեղ հակասություն չկա: Ռուսաստանն իր ներքին շուկայում իրացվող գազի սակագնին գումարում է արտահանման համար գանձվող 30 տոկոսանոց մաքսատուրքը: Իսկ արտաքին շուկայում գազի գնի նվազման վերը բերված թվերը ամբողջական ու ճիշտ պատկեր չեն ներկայացնում: Այն պատճառով, որ գազաբաշխիչ կայանների միջոցով իրացվում-վաճառվում է Եվրոպա մատակարարված գազի չնչին մասը՝ 5 տոկոս: Իրացվող հիմնական զանգվածի գինը որոշվում է կնքված երկարաժամկետ պայմանագրերով: Իսկապես հիմա եվրոպական երկրներում գազի գինը նվազագույնն է 2005թ․ հետո: Բայց միևնույնն է սպառման երկու-երրորդ ծավալը մատակարարվում է հիմնականում 120-130 դոլար գնով:

Հիմա, օրինակ, 2020թ․ վերջին եռամսյակի համար բանակցություններ գնում են 150-170 դոլարի շուրջ: Տարեվերջին սեզոնային պատճառներով գազի գինն ամենաբարձրն է: Հետևաբար գազ ներմուծող երկրները հաշվարկի հիմքում հենց այդ ժամանակաշրջանի գներն են դնում: Իսկ մյուս սեզոնների ավելի ցածր գինը կարելի է յուրօրինակ «բոնուս» համարել: Այս իմաստով այդ յուրատեսակ «բոնուսից» մենք օգտվել ենք տարիներ շարունակ:

Թե՛ պետության, թե՛ տնտեսվարողի համար գազի սակագնի կայունությունը կարևոր ու օտար բառով ասած «կոնֆորտ» պայման է: Բայց, ի վերջո, գազը բորսայաշուկայական գնանշում չունի: Նույն ԵՄ անդամ երկրներին Ռուսաստանը գազ վաճառում է տարբեր գներով: Ու այդ գնային տարբերության հիմքում միայն շուկայական՝ տվյալ պահի ու հեռանկարային շուկայական գործոնները չեն:

Պարզ է, որ այստեղ լուրջ քաղաքական բաղադրիչ կա: Այդ բաղադրիչի հարցով մեր իշխանությունները, կարծես, հաջողության չհասան: Ուստի գործադրվեց հին՝ խորհրդային ժամանակներից մեր կառավարիչներին հայտնի մեթոդը: Դրա համաձայն՝ նախ շրջանառության մեջ դրվեց այն լուրը, որ «Գազպրոմ Արմենիան» Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին դիմել է գնաճի 36 տոկոսանոց «խնդրանքով»: Հետո հասարակական շոկը կմեղմվի ավելի ցածր թվերի հրապարակմամբ, ու սպառողի սիրտը մի փոքր կհովանա: Կհովանա՝ «կարող էր ավելի վատ լինել» բանաձևի հանգույն: Այնպես, որ ոչինչ նոր չէ: Իսկ հիմա հնարավոր բանակցությունների ու դրանց հետևանքների մասին հրապարակ նետվող հակասական տեղեկատվությունն այս գործընթացն ավելի դյուրամարս դարձնելու համար է: Հասարակության համար դյուրամարս:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը