Մեկնաբանություն

04.04.2020 10:30


Բա որ փոխարինիչներն էլ պրծնեն, էն ժամանակ ի՞նչ «ընտրենք»

Բա որ փոխարինիչներն էլ պրծնեն, էն ժամանակ ի՞նչ «ընտրենք»

Հիշո՞ւմ եք, ի՜նչ տիեզերական աղմուկ բարձրացավ 2017թ. դեկտեմբերին` ամանորի շեմին, երբ մսի, կարագի և մի շարք այլ ապրանքատեսակների գները բարձրացան, և հանրապետական պատգամավորներից մեկը` Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, իբր փորձելով մեղմել դժգոհության ալիքը, հայտարարեց, որ այդ թանկացումներն աղքատներին չեն սպառնում. «Աղքատը քիչ է ծախսում, հետևաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված, ինքնաբուխ ձևով խուսափելու է թանկացած ապրանքներից: Աղքատ մարդկանց մոտ սովորություն կա, որ նրանք խուսափում են թանկացած կամ թանկ ապրանք գնելուց»։

Տնտեսական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանն էլ, ի դժբախտություն իրեն, օգնության հասավ գործընկերոջը և լրացրեց պակասը` ասելով. «Պատկերացրեք` կա ընտանիք, որը միայն կարտոֆիլ է օգտագործում։ Հիմա, եթե միսը թանկ է կամ էժան, ինքը, միևնույն է` գումար չունի միս գնելու, շարունակում է կարտոֆիլ օգտագործել»։ Եվ կրակն ընկավ` տեղնուտեղը հայտնվեց ընդդիմության և լրատվամիջոցների, այդ թվում` այն ժամանակ «թունդ ընդդիմադիրոտ» Փաշինյանի և իր ընտանեկան թերթի ուղիղ նշանառության տակ։

Բավական է հիշել Նիկոլի ամբոխահաճո ելույթը ԱԺ ամբիոնից, որտեղ «հարյուրի վրա» ձեռ էր առնում իշխանություններին, թե բա. «Կարագը թանկացե՞լ ա, ժողովո՛ւրդ ջան, խառը կանաչի կերեք, ի՞նչ ա էղել, որ։ ԿԲ նախագահն ասեց, որ գիտությունը պարզել ա, որ կարագը օգտակար ա, բայց գիտությունը գիտե՞ք երբ ա պարզել, որ խառը կանաչին օգտակար ա։ Գիտե՞ք ինչ վիտամիններ կան մեջը, ինչ հատկանիշներ կան մեջը։ Ի՞նչ ա էղել` միսը թանկացել ա, կանաչ սոխ կերեք, գիտե՞ք ինչ օգտակար ա կանաչ սոխը։ Չէ, լուրջ, առանց կատակի` որևէ մեկը կասկածի տակ դնո՞ւմ ա կանաչ սոխի օգտակարությունը։ Կամ խոզի միսը թանկացե՞լ ա, է` սխտոր կերեք, ա՛յ ձեր ցավը տնեմ, ի՞նչ եք խառնվել իրար։ Բենզինը թանկացե՞լ ա` մենք էն օրը ցույց տվեցինք. բրթե՛ք ձեր ավտոները, ինչ ա, ուժներումդ բան, թևերիդ մեջ ուժ չկա՞։ Համ էլ ֆիթնես ա, լավ ծառայություն ա»։

Այսօր օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների բերումով սննդամթերքի գներն ընդհանրապես, հնդկաձավարինը` մասնավորապես, անվերահսկելի աճ են արձանագրում։ Եվ ի՞նչ։ Ի՞նչ է առաջարկում «ժողովրդի անվերապահ վստահությունը վայելող» թավշյահեղափոխական կառավարությունը «աղքատ, հպարտ քաղաքացիներին», որի ուսերի վրա եկել է իշխանության. երկրորդում է Հանրապետականի «ուսանելի փորձը»` ի դեմս էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խորհուրդ տալով վերմակը «ոտների գյորա» մեկնել։

«Հնդկաձավարի դեպքում արտաքին շուկաներում, անկախ կորոնավիրուսի տարածումից, եղել է գնաճ, բայց խուճապի մատնվելու որևէ առիթ, պատճառ չկա: Կլինեն որոշակի գնային տատանումներ, պետք է դրան հանգիստ վերաբերվել, եթե մենք տեսնում ենք` ոսպի և հնդկաձավարի գները բարձրանում են, ապա մենք, որպես սպառողներ, կարող ենք ընտրել մյուս փոխարինիչները։ Այդպիսով առհասարակ նաև շուկան է կարգավորվում»,-ասել է նա։ Ցավոք, չի մանրամասնել` բա որ «փոխարինիչները»` կանաչին, կանաչ սոխը, սխտորն էլ թանկացան կամ «առհասարակ» անհետացան վաճառասեղաններից, էն ժամանա՞կ ինչ «ընտրենք»։ Կամ որ փողը «պրծավ», ի՞նչ անենք` ինչպե՞ս իրացնենք մեր «բնական ընտրությունը»։

Ինչո՞ւ միայն էկոնոմիկայի նախարարը`նրանից առաջ «ժողովրդի» վարչա(հրամայա)պետն էր խորհուրդ տալիս հպարտ քաղաքացիներին ըմբռնումով վերաբերվել ստեղծված իրավիճակին`բնական և տրամաբանական համարելով, որ դեղատները 50 դրամանոց բժշկական դիմակները 250-300 դրամով են «սաղացնում» սպառողի վրա, ալկոգելն ու ալկոհոլային խմիչքները «սղղացնում» են կրկնակի և ավելի թանկ գներով, և այդպես շարունակ։ Ասում էր` ազատ շուկան, այսինքն` առաջարկ-պահանջարկն է որոշում ամեն ինչ, ո՞վ եմ ես, «ում շունն եմ», որ միջամտեմ գնագոյացման պրոցեսներին։

Էդ առա՛ջ էր, որ ինքն ու իր «Հայկական ժամանակը» օրը մի քանի անգամ պատին էին դեմ տալիս «նախորդ կոռումպացված ռեժիմի» պատասխանատուներին`մեղադրելով հովանավորչության, կոռուպցիայի, արհեստական մենաշնորհներ ստեղծելու և գերիշխող դիրքի չարաշահումները խրախուսելու մեջ։ Հիմա դա այլևս անցած փուլ է։

Ինքը արել է իր գործը` իշխանությունը, իշխանության համար «պատասխանատվությամբ» հանդերձ, սկուտեղի վրա մատուցել է «ժողովրդին»` բավարարվելով սուպերվարչապետական կառավարման ընձեռած անսահմանափակ հնարավորություններով, «ժողովո՛ւրդն» էլ թող տակից դուրս գա։

Ասեք, որ արդար է...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը