Մեկնաբանություն

03.04.2020 16:35


Երևանյան չ-օրերի «խրոնիկա» կամ ո՞ւր է «կարգին» քաղաքապետը

Երևանյան չ-օրերի «խրոնիկա» կամ ո՞ւր է «կարգին» քաղաքապետը

Անկասկած, առաջին «բաժանորդը» չեմ, որ նման հարց է տալիս՝ իսկ ո՞ւր է Երևանի «կարգին» քաղաքապետ Հայկ Մարությանը: Արդեն շատերն են այդ հարցը տալիս, ինչն, անշուշտ, պատճառաբանված է:

Չէ՛, ճիշտ հասկանանք զմիմյանս. ինձ անձնապես ամենևին չի հետաքրքրում քաղաքացի Հայկ Մարությանի տեղակայման վայրն այս «արտակարգ» օրերին: Շատ հնարավոր է, որ որպես օրինապահ քաղաքացի, նա տանը մեկուսացած է: Հնարավոր է՝ ներգրավված է պարետատան աշխատանքներում և հեռավար տարբերակով ինչ-ինչ կարգադրություններ է տալիս քաղաքային տնտեսության տարբեր օղակներին:

Չէ՞ որ նա, ի վերջո Երևանի՝ Հայաստանի ամենախոշոր ու խիտ բնակեցված քաղաքի իշխանապետն է:

Եվ ո՞ւր են քաղաքապետի այդ աշխատանքի դրսևորումներն ու արդյունքները, ո՞ւր են այդպես միահամուռ «ընտրվցված» քաղաքապետի նախաձեռնությունները: Ի վերջո, հո խնդիրը միայն աղբահանությո՞ւնը չէ:

Մենք հիշաչար չենք, այն առումով, որ Հայկ Մարությանը կարող էր իր սորտավորած «սպիտակ» երևանցիների համար միայն լավ նախաձեռնություններով հանդես գալ, «սևերս» մի կերպ կդիմանայինք: Բայց դա էլ չկա:

Այնպես. արտակարգ դրության օրը մի փոքրիկ ուղերձ երևանցիներին, ավագանու մի երկու նիստ ու վե՞րջ:

Ի դեպ, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն այսօր մի ուշագրավ գրառում էր արել առ այն, թե հարևան պետության մայրաքաղաք Թբիլիսիում ինչպես են կազմակերպված ախտահանում փողոցները: Լավ օրինակ է, բայց «երջանիկ պատահականություն» կլինի, դա հո քաղաքային իշխանության աշխատանքի մասի՞ն չէ վկայում:

Իսկ մեր «երջանիկ պատահականությունը» Հայկ Մարությանն է, որ կա, որպես Երևանի քաղաքապետ: Հա, մի լուր էլ աչքովս ընկավ: Երևանի քաղաքային իշխանության ներկայացուցիչը հաղորդում էր, որ պարետի ու նաև քաղաքապետի հանձնարարությամբ, կապահովվի մայրաքաղաքի 30 բուժհաստատությունների աշխատակիցների անվճար ավտոբուսային տեղափոխումը: Դա էլ, նկատենք, այն բանից հետո, երբ սոցցանցերում քննադատական դիտարկումներ շրջանառվեցին այդ թեմայով: Դե, իհարկե, տեղաշարժման ու տրանսպորտի շարժի սահմանափակման պայմաններում բուժանձնակազմի տեղափոխումը կազմակերպելն այնքան բարդ հարց էր, որ քաղաքային իշխանությունն ու քաղաքապետը ինքնուրույն ոչ մի կերպ չէին կարող գլխի ընկնել ու մտածել դրա լուծման մասին: Անհրաժեշտ էր անպայման կողքից «բզել»:

Կարելի է ասել՝ լավ է, որ գոնե «բզելուց» հետո ինչ-որ բան տեղից շարժվել է: Բայց մյուս կողմից իրերի նման վիճակը ցույց է տալիս քաղաքապետի մոտեցումների ընդհանուր տխուր պատկերը: Մի տեսակ, կարծես, օտարոտի, վերացած մոտեցում լինի:

Այ, բազմաթիվ օգտատերեր նկատում են, որ շատ քաղաքացիներ շարունակում են շրջել փողոցներում, շատերն՝ առանց ձեռնոցների ու դիմակների: Ինքս, օրինակ, առանց դիմակի եմ դուրս ելնում վերջին օրերին: Բանն այն է, որ դիմակներիս պաշարն սպառվել է, դեղատներում դրանցից չկա, իսկ տնտեսական խանութը, որտեղ դիմակ ու ձեռնոց կար, հասկանալի պատճառներով՝ փակ է:

Հարց է ծագում, օրինակ, քաղաքային իշխանությունը, քաղաքապետ Հայկ Մարությանը, կարո՞ղ էին նախաձեռնել բնակչության դիմակաձեռնոցային ապահովումը: Ես այնպես եմ պատկերացնում, որ հատկապես անկարգապահ վարչական շրջաններում կարելի էր համապատասխան սեղանիկներ տեղադրել և անցորդներին անվճար բաժանել դիմակներն էլ, ձեռնոցներն էլ, ախտահանիչ նյութեր էլ: Հատկապես, անդիմակ ու անձեռնոց շրջողներին: Դա մարդկանց տեղի-անտեղի տուգանելուց շատ ավելի տպավորիչ կլիներ:

Բայց ախր ո՞վ պիտի մտածի դրա մասին: Այն կառավարության նշանակած քաղաքապե՞տը, որ ուղղակիորեն ասում է՝ «եղունգ ունես, գլուխդ քորի»: Հա, դիմակ ու ձեռնոց բաժանելը, իհարկե, Նոր տարվա տոնածառ չէ, որ դրա վրա քաղաքային բյուջեից անիմաստ ծախսեր անեն: Դա կոնկրետ նախաձեռնություն ու կոնկրետ գործ է: Իսկ գործ անելը այս անձանց, այդ թվում՝ Հայկ Մարությանի սրտով չէ, թերևս:

Նման իրավիճակում նաև ավելորդ է երևակայել, որ Երևանի քաղաքապետն էլ մայրաքաղաքի փողոցները թբիլիսյան տարբերակով ախտահանելու որոշում ընդունի: Մենք ո՞ւր, Թբիլիսին՝ որտե՛ղ:

Եվ հետո, թող նրա՛նք նախանձեն մեզ, ի վերջո ո՞վ գիտի, թե ով է Թբիլիսիի քաղաքապետը: Ինչ-որ նախկին ֆուտբոլիստ, «Միլանի» խաղացող Կախա Կալաձե: Ո՞վ է նրան ճանաչում, որ: Իսկ այ, Երևանի քաղաքապետը հռչակավոր դերասան է, «կարգին Հայկոն», «սպիտակների» սրտի քաղաքապետը, քաղաքային տնտեսության լավագույն կառավարիչը, որ երբևէ կարող էր երազել աշխարհի որևէ մայրաքաղաք:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը