Կարծիք

16.03.2011 21:21


Սպասում, անորոշություն և մտորումներ

Սպասում, անորոշություն և մտորումներ

Երբ երկիրը թույլ է, երբ ղեկավարները չեն տիրապետում իրենց գործին, երբ ժողովրդի ընդհանուր մակարդակն էլ, մեղմ ասած, բարձր չէ, ապա ընդդիմության հրավիրած ընդամենը մեկ հանրահավաքը կարող է կաթվածահար անել երկիրը: Մարտի 1-ից հետո, ինչպես վկայում են գործարարները, Հայաստանում կյանքը կանգ է առել: Ոչ մի խոշոր գործարք չի իրականացվել: Ավելին, նույնիսկ առևտրի ծավալներն են նվազել: Բոլորը սպասում են: Շատերն այնպիսի տպավորություն ունեն, թե մարտի 17-ին մեր երկրում ինչ–որ կտրուկ փոփոխություն է լինելու: Չմոռանանք նաև, որ օրերս ՀԱԿ ԿԳ համակարգող Լևոն Զուրաբյանն էլ ասել էր, թե մարտի 17-ին ժողովուրդը կզգա հաղթանակի քաղցրությունը:

Իսկ իրականում ի՞նչ կարող է տեղի ունենալ մարտի 17-ի հանրահավաքի ժամանակ կամ դրանից հետո: 1991թ. սեպտեմբերի 21-ին, երբ արդեն պարզ էր, որ ժողովրդի գերակշիռ մասն «այո» է ասել անկախությանը, լրագրողները Վանո Սիրադեղյանին հարցրին, թե ինչ է լինելու վաղը: Նա էլ իրեն բնորոշ ոճով ասաց, թե վաղը լինելու է սեպտեմբերի 22-ը, և կյանքը շարունակվելու է: «Ոչ մի արտառոց փոփոխություն չի լինելու»: Վանո Սիրադեղյանն ավելի քան անկեղծ էր: Մեկ ուրիշը նրա փոխարեն կարող էր շատ բոցաշունչ խոսքեր ասել, բայց նա ասաց այն, ինչ իրականում լինելու էր: Եվ իսկապես, սեպտեմբերի 22-ին մարդկանց կյանքը ոչնչով չփոխվեց: Իրականում Հայաստանն անկախ էր արդեն տարուց ավելի: Եվ եթե անկախության հռչակումից հետո կյանքը էապես չփոխվեց, ապա ի՞նչ կարող է լինել ընդամենը սովորական, թեկուզև համապետական հանրահավաքից հետո:

Իհարկե, ժողովրդի սպասումն այդ հանրահավաքից մեծ է: Բայց մի բան է սպասումը, մեկ այլ բան` իրականությունը: Մինչև մարտի 15-ի երեկոն ամեն ինչ գնում էր այնպես, ինչպես ծրագրված էր, բայց հանկարծ «Ժառանգության» հիմնադիրը սափրեց բեղերը և հացադուլ հայտարարեց, այն էլ` Ազատության հրապարակում, որը կարծես թե ընդդիմության համար փակ էր: Հովհաննիսյանի այս քայլը իսկական անակնկալ էր վարչախմբի և ՀԱԿ առաջնորդների համար: Առաջին արձագանքներն էլ վկայում են հենց այս մասին:

ՀԱԿ-ին մաս կազմող ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Հարությունյանը լրագրողներին ասել է, թե Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարը ոչ միայն ուշացել է երեք տարով, այլև որևէ արդյունք չի տա: Ավելին, Հարությունյանը Հովհաննիսյանի վարմունքն անընդունելի է համարել:

Առավել ուշագրավ է Լյուդմիլա Հարությունյանի հետևյալ հայտարարությունը. «Ես շատ զարմացած եմ, որ այսօր իշխանությունն ու ոստիկանությունը հանդուրժողականություն դրսևորեցին Հովհաննիսյանի նկատմամբ, որ նա հացադուլ է անում Ազատության հրապարակում: Երբ ես պարզապես զբոսնում էի Ազատության հրապարակում, ոստիկանության ներկայացուցիչներն ինձ, որպես իրական ընդդիմության ներկայացուցչի, ստիպեցին լքել տարածքը: Երբ ես հրաժարվեցի, ինձ բերման ենթարկեցին»: Պարզ է, չէ՞, թե ինչ է ակնարկում ՍԴՀԿ ատենապետը:

Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանին և «Ժառանգությանն» արդեն շատերը խաղից դուրս էին համարում: Հիմա ակնհայտ երևում է, որ Հովհաննիսյանն իր քայլը չի համաձայնեցրել ո՛չ ՀԱԿ-ի, ո՛չ էլ վարչախմբի հետ: Իսկ ամենակարևորն այն է, որ մեկ անգամ ևս համոզվեցինք, որ տեղի են ունենում գործընթացներ, որոնք կախված չեն ո՛չ մեր ծրագրերից, ո՛չ էլ ցանկություններից:

Րաֆֆի Հովհաննիսյանը ցույց տվեց, թե ցանկության դեպքում ինչպես կարելի է Ազատության հրապարակում միջոցառում անցկացնել: Հիմա արդեն իրադարձությունները սկսելու են զարգանալ ոչ այնպես, ինչպես նախապես ծրագրում էին վարչախմբի և ՀԱԿ առաջնորդները: Հիմա արդեն ՀԱԿ-ը ստիպված է լինելու անել ավելի հզոր քայլ, քան Հովհաննիսյանի հացադուլն է, բայց ամբողջ հարցն այն է, որ այդ քայլն անելու համար մի ամբողջ մարտավարություն պետք է փոխեն, որը կարող է անկանխատեսելի իրավիճակ ստեղծել: Իսկ Սերժ Սարգսյանն անցած օրերի ընթացքում շատ հստակ հասկացրեց, որ ինքը սպասում է մարտի 17-ի հանրահավաքին: Սպասում է, որ դրանից հետո կոնկրետ քայլեր իրականացնի: Ավելին՝ նա ակնարկեց, թե պատրաստ է քննարկել ՀԱԿ-ի առաջարկները:

Այս տրամաբանության մեջ չի տեղավորվում հայտնի բռնցքամարտիկ, ՀԱԿ ակտիվիստ Սամսոն Խաչատրյանի անհեթեթ ձերբակալությունն ու կալանավորումը: Բայց սա առաջին հայացքից է անհեթեթ: Իրականում վարչախումբը շարունակում է գործել իր իմացած ոճով և մարտի 17-ի հանրահավաքից առաջ, հավանաբար, ցանկացավ Կոնգրեսին հասկացնել, որ կա «համագործակցության» նաև այս տարբերակը: Այսուհանդերձ, չի կարելի բացառել, որ կալանավորումն այլ պատճառներ և նպատակ ունի:

Այսպես թե այնպես, մարտի 17-ի հանրահավաքից առաջ Կոնգրեսի առաջնորդները, կարծես թե, պատային իրավիճակում են հայտնվել: Հենց հանրահավաքն էլ ցույց կտա, թե Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին և Սամսոն Խաչատրյանի ձերբակալությանն ինչ պատասխան կտա Հայ ազգային կոնգրեսը: Բայց որքան էլ ուզենք կամ չուզենք, մարտի 18-ին երկրում էական տեղաշարժեր չեն լինի: Իսկ որ այս ամենի մեջ դրական տարրեր կան, ակնհայտ է: Ժողովուրդն արդեն հասկանում է, որ ինքը կարող է նպաստել գործընթացների սկսմանը և զարգացմանը, որ ինքը կարող է իր կամքը թելադրել թե՛ իշխանություններին, թե՛ ընդդիմության առաջնորդներին: Իհարկե, այս ամենը դեռ սաղմնային վիճակում է, բայց զարգացումը նոր է սկսվում:

Գեղամ Նազարյան

Այս խորագրի վերջին նյութերը