Մեկնաբանություն

03.04.2020 00:20


«Դուխով» դիվանագիտության ծաղիկները

«Դուխով» դիվանագիտության ծաղիկները

Արձանագրենք մի քանի փաստ, որ խոսում են իրենց փոխարեն։

Փաստ առաջին։ Մարտի 31-ին Փաշինյանը զանգել է ժամանակին իրեն «հեռու մի տեղ» ուղարկած Բելառուսի նախագահին և առաջարկել համատեղ «դեմարշ» անել Պուտինի դեմ` հանդես գալ ռուսական գազի գինը «քցելու» միասնական նախաձեռնությամբ։ Հաջորդ օրը`ապրիլի 1-ին, աչքալուսանք ստացանք, թե գրպաններդ լայն բացեք` «Գազպրոմ Արմենիա»-ն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սահմանին ստացվող գազի գինը 36 տոկոսով բարձրացնելու առաջարկությամբ։

Փաստ երկրորդ։ Արցախի հարցում ավանդաբար զուսպ և հավասարակշիռ Իրանի ԱԳՆ-ն, անդրադառնալով Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրություններին, հայտարարել է. «Իսլամական հանրապետությունը դեմ է հանդես գալիս ցանկացած միջոցառումների, որոնք կարող են բերել հակամարտությունների սրացման եւ ռեգիոնում լարվածության աճի։ Մենք կարծում ենք, որ պետք է խուսափել բոլոր այն քայլերից, որոնք ավելի են բարդացնում մեր երկու հարեւանների` Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ եղած վեճը»։ Արցախի հանրապետության մասին էլ ասել է`«աշխարհագրական շրջան», և ոչ մի ակնարկ չի արել մարտի 30-ին Տավուշի սահմանում տեղի ունեցած դիվերսիոն գործողության` ադրբեջանական ներթափանցման փորձի մասին, որի հետևանքով վիրավորվեց 2 զինծառայող և մեկ դպրոցական։

Փաստ երրորդ։ Կանադան (որի վարչապետի հետ Փաշինյանն, ինչպես գիտեք, «ախպոր պես» է` հետը սելֆի է արել, տակը գրել` «իմ ընկեր Թրյուդոն», և ի նշան ընկերական ջերմ հարաբերությունների՝ «կարմիր, կապույտ, ծիրանագույն» գուլպաներ նվիրել), ի դեմս Թուրքիայում դիվանագիտական առաքելություն իրականացնող իր ներկայացուցիչների՝ Թվիթերում գրառում է արել և դատապարտել Արցախում տեղի ունեցած ընտրությունները. «Կանադան աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և չի ճանաչում այսպես կոչված «ընտրությունները», որոնք տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղում մարտի 31-ին։ Այդպիսի «ընտրությունները» վտանգում են, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը` հասնելու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման»։

Փաստ չորրորդ։ Նույնը արել է մեր «դրացի» Վրաստանը, որի վարչապետը նույնպես «քիփ» է Փաշինյանի հետ` Վրաստան կատարած վերջին ուղևորության ժամանակ բարեկամաբար թփթփացրեց ուսին և, որպես անխախտ բարեկամության նշան, շան ձագ նվիրեց. Վրաստանի ԱԳՆ-ն ևս վերահաստատել է «իր աջակցությունը Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը», և վստահեցրել, որ «չի ճանաչում այսպես կոչված խորհրդարանական և նախագահական ընտրությունները, որ անցկացվել են մարտի 31-ին»։

Փաստ հինգերորդ։ Ուկրաինայի «ժողընտիր» վարչակազմը իր հերթին սխալ է հանել Արցախի ընտրությունները. հայտարարել է, որ դրանք «խախտում են Ադրբեջանի Սահմանադրությունը, միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները և անվավեր են օրենքի տեսանկյունից»` մոռանալով Փաշինյանի անուրանալի ներդրումը գունավոր հեղափոխությունների ուկրաինական փորձը Հայաստանում ներդնելու և զարգացնելու «ոլորտում»։

Փաստ վեցերորդ։ ԵԱՀԿ Մինսկի համանախագահները հերթապահ մի հայտարարություն են տարածել մարտի 31-ի ընտրությունների վերաբերյալ և «ամրագրել», որ ի գիտություն են ընդունում «այսպես կոչված, «ընդհանուր ընտրությունները», որի առաջին փուլը տեղի է ունեցել մարտի 31-ին», քանզի «գիտակցում են Լեռնային Ղարաբաղի բնակչության դերը նրա ապագան որոշելու հարցում» (ինչպիսի՜ մեծահոգություն)։

Միևնույն ժամանակ, համանախագահներն ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ «Լեռնային Ղարաբաղը եռանախագահող երկրների կամ որևէ այլ պետության կողմից չի ճանաչվում որպես անկախ և ինքնիշխան պետություն», և զգուշացրել` ընտրությունների արդյունքները չեն կարող ազդել ԼՂ իրավական կարգավիճակի վրա և «ոչ մի կերպ չեն կանխորոշում ԼՂ վերջնական կարգավիճակը կամ ԼՂ հակամարտության տևական և խաղաղ կարգավորմանն ուղղված ընթացիկ բանակցությունների ելքը»։ Եվ դարձյալ` ոչ մի խոսք Տավուշի միջադեպի և ադրբեջանցի դիվերսանտների կրակոցից վիրավորված տղայի մասին։

Ինչո՞ւ պիտի արձագանքեին, եթե ինքը` Փաշինյանը, կես տողով չի անդրադարձել տեղի ունեցածին. «հակառակորդի մասին մասին` կամ լավ, կամ ոչինչ» սկզբունքին հավատարիմ` իր ֆեյսբուքյան էջում ինչի մասին ասես գրում է, բայց ո՛չ շփման գծում և սահմանում պարբերաբար գրանցվող արյունալի միջադեպերի, այդ թվում` մահվան ելքով։ Լրագրողների հարցերին ի պատասխան էլ` խոսքը կտուրն է գցում, թե դեռ պետք է պարզել` ինչ է եղել, ինչպես է եղել, ով է նախահարձակ եղել, ով է անմեղ, ով` մեղավոր։

Դե, իսկ «տիկին վարչապետը» ապրիլյան պատերազմի տարելիցը նշանավորելու ավելի լավ ձև չի գտել, քան կրկին և նորից «միակողմանի» խաղաղություն քարոզելը. «Խաղաղությունը հնարավոր է այնտեղ, որտեղ դրան հավատում են։ Խաղաղություն հաստատում են նրանք, ովքեր հանդգնում են դրա մասին երազել, ուժ են գտնում այն համատեղ իրագործել»։ Այդպես էլ տեղը չբերելով, որ խաղաղությունը չեն մուրում, խաղաղության մասին չեն երազում, խաղաղությունը պարտադրում են...

Քանի՞ գրոշ արժեն Փաշինյանի ինքնավստահ, ինքնագոհ հայտարարությունները ապրիլյան «բոլոլաներից» հետո Հայաստանում իրականացվող «ավելի քան երբևէ» կրեատիվ, «հին հայերեն» ասած` նախաձեռնողական արտաքին քաղաքականության մասին, որի «արդյունքում» մեր երկիրը «360 աստիճանով» պետք է հեղաշրջեր իր դիրքերը արտաքին ճակատում և ինքնիշխանության «աննախադեպ» ռեկորդներ սահմաներ, դատեք ինքներդ։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը