Կարծիք

02.04.2020 12:02


Ինչո՞ւ եմ ես դեմ Նիկոլ Փաշինյանին և իր թիմին

Ինչո՞ւ եմ ես դեմ Նիկոլ Փաշինյանին և իր թիմին

Հարգելի ընկերներ, երկար է ստացվել, բայց դե կարանտին է, մի բանով պետք է զբաղվեք չէ՞։ Կարդացեք...

Ինչո՞ւ եմ ես դեմ Նիկոլ Փաշինյանին և իր թիմին.

Կարծում եմ, այս հարցին ես պետք է մեկ անգամ պատասխանեմ, որ ապագայում այլ հարցեր չծագեն։ Եվ այսպես ինչո՞ւ.

Նախ մարդու մասին կարծիք կազմելիս ես չեմ կարող հաշվի չառնել իր անցած ճանապարհը։ Իսկ ի՞նչ ճանապարհ է անցել նա։ Միշտ եղել է ընդդիմադիրների ցանկում, ընդորում ամենախիստ քննադատների։ Երբ առաջներում ասում էին Նիկոլ, ապա մեծամասնության մտքին միանգամից գալիս էր էքսցենտրիկ և վիրավորանքներով լի ճառեր արտասանող մարդու կերպար։ Այդպես չէ՞, հիշեք։ Բացի դրանից, իր մասին խոսելիս նաև միանգամից հիշում ես «Հայկական Ժամանակ» թերթը, որն ինչ խոսք քաղաքական Спид Инфо-էր։ Այս դեղին մամուլի էջերում միշտ մենք տեսել ենք մարդկանց պախարակող, վարկաբեկող և բացասական լիցքերով լի հոդվածներ։ Ինչպես նշում են բազմաթիվ օգտատերեր, այդ թերթի էջերում չհայտնվելու համար որոշ պաշտոնյաներ և բիզնեսմեններ բավականին լուրջ գումարներ էին վճարում, ինչը դարձնում էր այդ թերթը բավականին լավ բիզնես գործարք՝ դու տալիս ես գումար, ինչի դիմաց քեզ վրա ցեխ չեն շպրտում։ Փաստորեն, դու, քեզ վրա վերցնելով հասարակությանը լուսաբանելու գործառույթը, զրկում ես այդ նույն հասարակությանը ճիշտ և անաչառ տեղեկատվություն ստանալու հնարավորությունից՝ գումարներ շորթելու պատճառով։ Ընդորում սա, ըստ մամուլում տարածված տեղեկությունների, ընտանեական բիզնես էր, որի մեջ ամեն մեկը իր դերը ուներ՝ մեկը գինն էր բանակցում և ստանում, դե մյուսն էլ կեղտոտ հոդվածներ գնում։

Անցնենք առաջ. որևէ մեկը չի կասկածում, որ քաղաքականության մեջ ներգրավված լինելը և նամանավանդ կուսակցություն պահելը շատ լուրջ գումարներ է պահանջում, շատ լուրջ։ Հարց է ծագում, որտեղի՞ց այս մարդուն այդքան գումարներ։ Ո՞վ էր իրեն ֆինասավորում։ Ակնհայտ է, որ շորթմամբ ստացված գումարները բավարար չէին։ Ես ինձ համարում եմ բավականին կրթված և լավ քաղաքական հոտառություն ունեցող մարդ և կարծում եմ, որ այդ գումարների մի մեծ բաժին իրեն տրվում էր դրսի ուժերի կողմից։ Այդ դրսի ուժը հաստատ Ռուսաստանը չէր, որովհետև թե՜ Նիկոլը և թե՜ իր թիմակիցները աչքի էին ընկնում ակնհայտ հակառուսական պահվածքով։ Դե եթե ռուսները չէին, ապա ԱՄՆ և Եվրոպա։ Իրենց, իհարկե, ձեռք էր տալիս ունենալ բավականին էքստրիմալ ընդդիմություն Հայաստանում։ Մարդիկ, որոնք անդադար լարվածության մեջ կպահեն իշխանությանը և կլինեն ստերի գեներացնողներ, որոնք միանշանակ ուշ թե շուտ ընդունվելու են հասարակության կողմից որպես ճշմարտություն։ Թե Եվրոպան և թե ԱՄՆ միշտ էլ խաղացել են երկարատև խաղեր, որոնցում կարևորը ոչ չէ ակնթարթային հաղթանակն էր, այլ այդ հաղթանակին հասցնող պրոցեսները։ Որպես արդյունք մենք այսօր ակներև տեսնում ենք, որ Նիկոլն ունի բավականին մեծ քանակությամբ սատարողներ։ Այ իրենք հենց այն մարդիկ են, որոնց վրա Եվրոպան և ԱՄՆ աշխատել են տարիներ ի վեր։ Այս մարդկանց մեջ շուրջ 20 տարի ներարկվել են ստեր և ատելություն հենց նույն Նիկոլի, իր թերթի և իր թիմակիցների միջոցով։ Որևէ մեկը չէր էլ կասկածում, որ ուշ թե շուտ տարիների աշխատանքը կտա իր քաղաքական պտուղները, ինչն և եղավ Հայաստանում երկու տարի առաջ։ Հայաստանում ստի և ատելության գեներատորը հասավ իշխանության։ Այստեղ ամենակարևոր հարցը հետևյալն է. Արդյոք Նիկոլն և իր թիմակիցները տարիներ շարունակ անո՞ւմ էին այդ հակապետական քարոզը գիտակցաբար, թե՞ չէին գիտակցում, որ իրականության մեջ իրենք գործիք են դրսի ուժերի ձեռքերում։ Իմ կարծիքը՝ դա արվում էր գիտակցաբար։

Անցնեմ առաջ։ Ես չեմ կարող որևէ լավ բան ասել այն մարդկանց մասին, որոնք նրա հետ համագործակցում են որևէ կերպ։ Ունեմ երկու պատճառով.
1. Չունեն քաղաքական հասունություն և չեն տեսնում թե ով է նա իրականում
2. Տեսնելով դա՝ համագործակցում են։

Երկու դեպքերն էլ ինձ համար անընդունելի են, և թող ոչ ոք չասի, որ վեր է դասում է պետական շահը ամեն ինչից։ Չկա Նիկոլին սատարելու և իր հրամանները կատարելու մեջ որևէ պետական շահ, չկա ու չի էլ կարող լինել։ Նա այն մարդն է, որը նպատակաուղղված քայքայում էր մեր հանրապետությունը, և չի կարող որևէ մարդ փոխվել։ Ինչ վերաբերում է նախկին իշխանության սպասարկողներին և պաշտոնյաներին, որոնք նրա հետ աշխատում են, ինձ համար ամենավատն են։ Իրենք հենց այն մարդիկ են, որոնք պետք է մեկընդմիշտ հեռացվեն բոլոր տեսակի պետական աշխատանքներից։ Մեկ անգամ դավաճանողը կդավաճանի նորից։ Սա էլ բացատրեմ։ Չես կարող աշխատել մի մարդու հետ, որ օր ու գիշեր ասում է, որ բոլոր նախկինները գող են, պարզապես չես կարող։ Իսկ եթե ընդունում ես դա, ուրեմն հենց այդպիսինն էլ կաս։ Եվ թող որևէ մեկը չասի, որ սխալվել է համաձայնվելով Նիկոլի հետ աշխատելել։ Թե բա մենք չէինք հասկացել, թե ինչ է նա անում։ Հարգելի պարոնայք և տիկնայք, եթե դուք չունեք այդքան ուղեղ, որ հասկանայիք դա, ապա դուք իրավունք չունեք քաղաքականության մեջ լինելու, ուղակի չունեք։ Եվ նորից եմ ասում, "մենք պետական շահի մասին էինք մտածում" շինծու բառերը ակնհայտ սուտ են։ Պետական շահի մասին մտածողը առաջին օրվանից պետք է թքեր ամենալավ աշխատանքի վրա և դուրս գար աշխատանքից։ Խոսքս իհարկե միայն բարձր պաշտոններ զբաղացնողների մասին է։ Ես դուրս չեմ եկել, քանի որ Հիմնադրամը պետական կառույց չէր և չէր ենթարկվում որևէ մեկին։

Այսօր Հայաստանում իշխանության են եկել մարդիկ, որոնց միակ գործը անցյալում նույն Հայաստանը կազմաքանդելն էր։ Իշխանության են եկել մարդիկ, որոնք յուրաքանչյուր օր հրաժարվում են իրենց իսկ հայտարարություններից։ Իշխանության են եկել մարդիկ, որոնք ամենաստոր և լկտի ձևով խաբել են հայ ժողովրդին։ Խաբել են միշտ՝ թե մինչ իշխանություն դառնալը և թե դրանից հետո։ Միակ պատճառը, որ իրենք դեռ իշխանություն են, դա քսան տարվա ընթացքում ժողովրդի մեջ ներարկված սուտն ու ատելությունն է, որով իրենք դեռ պահում են դիրքերը։ Բայց դա էլ շատ արագ մաշվում է։ Առաջ կար Ռոբերտ Քոչարյան, ում կարելի էր ամեն ինչում մեղադրել, առաջ կար Սերժ Սարգսյան, ում ևս կարելի էր ամեն ինչում մեղադրել։ Հենց այդ մեղադրանքներն էին այսօրվա իշխանության փողի աղբյուրը։ Հենց այդ տարածվող ստերն էին, որ այսօրվա իշխանությանը տալիս էր քաղաքական կշիռ։ Իհարկե, կարող ես ամեն ինչում իշխանությանը մեղադրես, քանզի քո վրա չկա որևէ պատասխանատվություն։ Բայց ասօր ոչ Ռոբերտ Քոչարյանն է Հայաստանի Նախագահ, ոչ էլ Սերժ Սարգսյանը։ Այսօր Սուտը հայտնվել է երկրի ղեկին։ Այդ նույն Սուտը չի հասկանաում էլ ում մեղադրի, երբ ինքն է այսօր ամեն ինչի պատասխանատուն։ Երկու տարի շարունակ լսում ենք, որ մեղավոր են նախկինները, բայց այս մի սուտը հասարակությունը երկար չի ընդունի։ Գիտեք ինչո՞ւ, որովհետև ձեր առաջվա ստերի հետ մեկտեղ թե´ Քոչարյանը, թե´ Սարգսյանը տանում էին մեր պետությունը առաջ։ Այո´, առաջ, իհարկե կային սխալներ, բայց միանշանակ երկիրը գնում էր առաջ։

Այսօր դուք չեք կարող հրաշքով ձեր ձեռքերում հայտնված իշխանության սխալները բարդեք ուրիշների վրա, Էլ չի ստացվի։ Չեք էլ կարողանում երկիրը առաջ տանել, քանզի դա անելու ձևը չգիտեք։

Ինչու չեմ ընդունում Նիկոլին, այ հենց միայն վերը նշվածի համար։ Չի կարող մարդ, ով իր ողջ կյանքը ստի գեներատոր է եղել, դառնա հայրենիքի պաշտպան, չի կարող մարդ, ով ամբողջ կյանքը նվիրել է դրսի ուժերին, ծառայի Հայաստանի զարգացմանը, չի կարող։ Ես կարող էի ատել Նիկոլին դրա համար, որ հետս վարվել է ամենաստոր, անմարդկային, կենդանական ձևով՝ ձերբակալելով ինձ իր իսկ ընդունարանում։ Կարող էի, բայց չեմ ատում։ Ամեն մարդ ուշ թե շուտ Աստծու կողմից արժանանում է նրան, ինչին արժանի է, Նիկոլը բացառություն չէ, կարժանանա, կասկած չունեմ։

Նիկոլի նմանները հասցրել են դրան, որ մեր ազգային բնութագիրն է դարձել մեկի կալանքով ուրախանալը, մեկի վատ լինելու վրա չարախնդալը, մեկի վրա ցուցմունք գրելը։ Այո հենց նա և իր թիմակիցներն են տարիներով վերափոխել ազգային միտքը և այսօր հենց այդ զգացմունքերի վրա էլ շարունակում են իշխել։
Դե հիմա էլ դուք ասեք, այդքանից հետո ո՞նց կողմ լինեմ...

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը