ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանատունը ՀՅԴ–ականների նամակը չի ընդունել
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Ռուսաստան։ Մոսկվա Էրդողանի այցը նվիրված է Ռուսաստանի և Թուրքիայի միջև բարեկամության պայմանագրի 90-ամյակին: Հիշեցնենք, որ 1921թ. մարտի 16-ին կնքված Մոսկվայի պայմանագրով քեմալական Թուրքիան և բոլշևիկյան Ռուսաստանը փաստացի բաժանեցին Հայաստանի Հանրապետության տարածքը: Մոսկվայի պայմանագիրը միջազգային իրավունքի տեսանկյունից օրինական չէ: Անօրինական փաստաթղթերը չեն կարող օրինական սահմանի հիմք հանդիսանալ: Ելնելով վերոնշյալ մտահոգությունից՝ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունն այսօր բողոքի ցույց են կազմակերպել ՀՀ–ում ՌԴ դեսպանատան մոտ:
Այժմ ՀՅԴ երիտասարդներն ու առաջնորդները պաստառներով կանգնած են ՀՀ–ում ՌԴ դեսպանատան առջև և կարգախոսներ են հնչեցնում։
ՀՅԴ ներկայացուցիչները հայտարարություն են ընթերցել և պահանջել են այդ հայտարարությունը փոխանցել դեսպանատան ներկայացուցիչներից մեկին, սակայն Ռուսաստանի դեսպանատունը նրանց առաջարկը մերժել է։ ՀՅԴ–ականները որոշել են մնալ դեսպանատան մոտ, մինչև կա՛մ դեսպանատան ներկայացուցիչները դուրս գան ու նամակը վերցնեն, կա՛մ էլ իրենց թույլ տան ներս մտնել ու հանձնել նամակը։
Մի քանի րոպե է, ինչ ՌԴ դեսպանատան ներկայացուցիչը դուրս է եկել, սակայն իրեն ոստիկաններով շարջապատելով՝ բողոքողներից մեծ հեռավորության վրա է կանգնել։
Պարզվել է, որ նա չի մոտենում անվտանգության նկատառումներից ելնելով, սակայն դրան ի պատասխան՝ ցուցարարաները բացականչել են, թե իրենք դեասպանատան ներկայցուցիչների անվտանգությունն ապահովում են։ Այդուհանդերձ, ոչ ոք ցուցարարներին չի մոտեցել, և ոչ էլ որևէ մեկին թույլ են տալիս ներս մտնել։
ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչ Արթուր Ղազարյանը հայտարարել է, որ եթե նամակը հիմա չվերցնեն, ապա իրենք այն նրանց կհանձնեն համարժեք ձևով։
ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանատունը ՀՅԴ–ականների նամակը չի ընդունել
7or.am