Մեկնաբանություն

01.04.2020 22:19


Երբ քննադատության հանդեպ թշնամանքը և ատելությունը մարդու արյան մեջ է

Երբ քննադատության հանդեպ թշնամանքը և ատելությունը մարդու արյան մեջ է

«Տվյալ իրավիճակում, փաստացի կան մարդիկ, ում սոցիալական, տնտեսական կամ առողջապահական դրությունը չի վնասվելու: Այս մարդիկ ոչ խոցելի խմբին պատկանող մարդիկ են, ովքեր չեն կորցրել իրենց աշխատանքը, չեն կորցրել առողջությունը, և ում վրա թե՛ առողջապահական, թե՛ տնտեսական ճգնաժամերը կունենան մինիմալ հետքեր:

Այս մարդկանց խումբը ակտիվորեն քննադատում է այն բոլոր միջոցառումները, որոնք տարվում են բնակչության ավելի խոցելի հատվածին պաշտպանելու համար` թե՛ առողջապահական, թե՛ տնտեսական աղետներից»,-ֆեյսբուքյան իր էջում «ափսոսանքով» արձանագրել է վարչա(հրամայա)պետ Փաշինյանի ավագ դուստրը։

Հետաքրքիր է` ինքն իրեն բնակչության ո՞ր «հատվածի» մեջ է տեսնում` խոցելի՞, թե՞ ոչ խոցելի։ Կամ ինչի՞ց է որոշել, որ «մարդկանց խումբը», որը, իր ասելով, «ակտիվորեն քննադատում է այն բոլոր միջոցառումները, որոնք տարվում են բնակչության ավելի խոցելի հատվածին պաշտպանելու համար», իմունիտետ ունի. ապահովագրված է կորոնավիրուսի ավերիչ հետևանքներից, չի կորցրել և չի կորցնելու աշխատանքը, առողջության հետ կապված խնդիրներ չունի ու չի ունենալու, և ընդհանրապես` «մինիմալ» կորուստներով է դուրս գալու յուր սիրասուն հայրիկի հանցավոր անփութության հետևանքով Հայաստանում ստեղծված, օրըստօրե ահագնացող աղետալի իրավիճակից։

Մինչդեռ «արդարությունը» պահանջում է, որ ճիշտ հակառակը լինի։ Այսինքն`առաջին հերթին վարչա(հրամայա)պետի դստեր աչքին «անխոցելի» երևացող խումբը տուժի կորոնավիրուսի սոցիալական, տնտեսական և «առողջական» հետևանքներից` վիրուսի ճարակ դառնա, զրկվի աշխատանքից, չկարողանա ծայրը ծայրին հասցնել և մեկընդմիշտ մոռանա ինտերնետի, սոցիալական ցանցերում գրառումներ անելու, սեփական կարծիքն այս կամ այն կերպ արտահայտելու մասին։ Ու մտքով չանցկացնի քննադատել կառավարությանը մի ծայրահեղությունից մյուսն ընկնելու, սկզբում մարդկանց գլխի տակ փափուկ բարձ դնելու, ապա` անհիմն, ոչինչ չտվող սահմանափակումներ մտցնելու, ընդհուպ` քաղաքացիների հեռախոսազանգերը և տեղաշարժը տոտալ վերահսկողության ենթարկելու, հասարակական տրանսպորտի վրա արգելանք դնելու համար։

Փաստորեն քննադատության, այլընտրանքային խոսքի, ընդդիմադիր կեցվածքի հանդեպ վախը և ատելությունը սրանց մոտ «ցեղական» է, եթե, իհարկե, այդ քննադատությունը իրենց և իրենց «մեծ ընտանիքի» դեմ է ուղղված։ Եթե իրե՛նք են քննադատողի դերում, ամեն ինչ ճիշտ է` դա պայքար է հանուն արդարության, հանուն ժողովրդի և ժողովրդավարական արժեքների։

«Մեծ ընտանիք» ասելով` նկատի ունենք ոչ թե «ժողովրդին», այլ հպարտ քայլարածների հանրույթը. ատելության կուսակցությունը, որի անհանդուրժողականությունը ընդդիմության, ընդդիմադիր կարծիքի նկատմամբ սահմաններ չի ճանաչում, հորդում է բոլոր «ծակուծուկերից»` ԱԺ ամբիոնից, պատգամավորների և նախարարների, սրանց ընտանիքների անդամների, հավատավոր կողմնակիցների ֆեյսբուքյան գրառումներից և «կոնվեյերից դուրս եկած» ատելություն ճառագող, ինքնագոհ դեմքերից։ Քննադատությունը սրանց համար հայրենիքի դավաճանությանը համարժեք մի բան է. կարողանային`ընդդիմադիր տեսակետ հայտնելու մասին օրենք կընդունեին և քրեական պատասխանատվություն կսահմանեին արտակարգ դրության պայմաններում կառավարության թանին թթու ասելու համար։

Որպեսզի ոչ մեկը չհամարձակվեր վիճարկել հակակորոնավիրուսային միջոցառումների արդյունավետությունը, հարց չտար`լավ, եթե կառավարությունն ինքնամոռաց պաշտպանում է «բնակչության ավելի խոցելի հատվածին» կորոնավիրուսային և այլ սպառնալիքներից, ոչ մի կերպ չի թերացել ու չի թերանում իր պարտականություններում, ինչպե՞ս է, որ Հայաստանն առաջինն է հետխորհրդային տարածքում մեկ միլիոն շնչին ընկնող վարակակիրների թվով և դինամիկայով` ինչո՞ւ է հինգ անգամ առաջ ընկել բնակչության թվով մեզ գերազանցող Վրաստանից։

Եվ ինչպե՞ս է, գրո՛ղը տանի, որ անգամ այս իրավիճակում «թավշյա կառավարիչները» չեն մոռանում հակասահմանադրական հանրաքվեն հաղթական ավարտին հասցնելու մասին` օրենսդրական նախաձեռնություն են դրել շրջանառության մեջ, որով փորձում են կարգավորել կորոնավիրուսի պատճառով հետաձգված հանրաքվեն «որ կետից, երբ և ինչպես» շարունակելու կենսական խնդիրը։

Ով գիտի` վերջին խստացումներն էլ նրա՛ համար են հորինել, որ օր առաջ կորոնավիրուսի հախից գան ու հնարավորինս կարճ ժամկետում լուծեն ՍԴ դատավորներից ազատվելու գերխնդիրը։

Էդ էլ` ու... բացականչակա՛ն նշան։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը