Մեկնաբանություն

16.03.2011 16:44


Կեղծ ահազանգը և անհանդուրժելի երևույթների դեմ պայքարող իշխանությունը

Կեղծ ահազանգը և անհանդուրժելի երևույթների դեմ պայքարող իշխանությունը

Պետական գերատեսչություններից հաճախ են ստացվում հաղորդագրություններ, որից տեղեկանում ենք կեղծ ահազանգերի մասին։ Վերջերս նման մի լուր էլ ստացվեց Ոստիկանության հետ կապված։

Մարտի 14-ին՝ ժամը 11։55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս զանգահարած քաղաքացին հայտնել է, թե  ոստիկանության Երևան քաղաքի վարչության շենքի մոտ ռումբ է տեղադրված:

Ահազանգը ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր են մեկնել ոստիկանության, ԱԱԾ–ի, պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ժամը 13։00-ին պարզվել է, որ հաղորդումն իրականությանը չի համապատասխանում: Իրականացվում են միջոցառումներ կեղծ ահազանգի հեղինակի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Թե որքանով են հաջողելու ոստիկանները կեղծ ահազանգողին պարզելու հարցում, դժվար է ասել։ Բայց այդ պարզելը, դատելով որոշ իրողություններից, անիմաստ զբաղմունք է դառնում, քանի որ ահազանգողին պարզել–չպարզելը մի հաշիվ է։ Միևնույն է, ոչ մի բան չի արվում հեռախոսային ահաբեկչությամբ զբաղվողին պատժելու ուղղությամբ, կամ, ինչպես Սերժ Սարգսյանն է սիրում ասել, հետևանքներ չեն առաջանում, ու մարդիկ մնում են իրենց տեղերում։

Դատեք ինքներդ՝ Պետական եկամուտների կոմիտեի հետ կապված բազում կեղծ ահազանգեր եղան։ Մամուլում գրվեց, թե Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները պարզել են, որ Մաքսայինի աշխատանքների խափանման նպատակ հետապնդող ու ռումբ «տեղադրող» հեռախոսային ահաբեկիչը Մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի հայրն է, ով, հավանաբար որդու պաշտոնազրկումը ծանր տանելով, պարբերաբար զանգում ու ասում էր, թե Ավետիսյանի նախկին աշխատավայրում ռումբ կա տեղադրված։

Բոլորը Ավետիսյանի հոր զանգելու թուլության մասին գիտեն, այդ թվում՝ ՀՀ նախագահը, բայց հետևանքները չեն երևում, և Մաքսայինի նախկին ղեկավարի  հայրը շարունակում է իր աշխատանքը Կառավարությունում։ Ըստ տեղեկությունների՝ նա աշխատում է Կառավարության վերահսկողական ծառայությունում ու, հավանաբար, աշխատանքից ազատ ժամերին սիրում է ոտքի կանգնեցնել փրկարար ծառայությանը։

Այս ամենից հետո մի փոքր զավեշտալի է ոստիկանության տարածած այն հաղորդագրությունը, թե իրենք փորձում են գտնել կեղծ ահազանգողին։ Ա՛յ մարդ, հլա մի բացահայտված կեղծ ահազանգողին պատժեք, հետո նոր անցեք մյուսներին։

Իսկ միգուցե ոստիկանությունում գիտեն, թե ով կարող է հեռախոսային «կայֆերով» զբաղվել, ու չեն էլ փորձում քայլեր անել նրան հայտնաբերելու ուղղությամբ, որպեսզի հետագայում անհարմար վիճակում չհայտնվե՞ն։ Միգուցե։

Ոստիկանության տառապանքը, երևի, փորձ ունի և հայտնաբերողների վարքագիծն էլ  կարելի է հասկանալ։ Նրանք կարող են հայտնաբերել կեղծ ահազանգողին, իսկ անհանդուրժելի երևույթների դեմ պայքարել սիրող Սերժ Սարգսյանը կարող է «դաբրո» չտալ հետագա քայլերի մասով, ու իրենք «քաշվեն»՝ դառնալով մամուլի ծաղրի առարկա։ Դրա համար էլ, ենթադրաբար,  ոստիկանությունը կբավարարվի միայն ահազանգողին հայտնաբերելու պատրաստակամության մասին հայտարարությամբ։

Ընթերցողը կարող է հետաքրքրվել, թե բա այդ դեպքում ինչո՞ւ էր Ս. Սարգսյանը կեղծ ահազանգի հաջորդ օրը այցելում ոստիկանություն, Ալիկ Սարգսյանին բան հասկացնում և կոչ անում լինել ակտիվ ու օրինապաշտ ոստիկաններ։ Եզրակացությունը մեկն  է՝ դե, հիմա բան էր, ասաց, էլի, Ս. Սարգսյանը։ Նախագահ մարդ է, ինչ կուզի՝ կասի, հո ամեն մի ասած չի՞ կարելի ուղիղ հասկանալ։ Այնպես որ կեղծ ահազանգողները թող հանգիստ լինեն, ՀՀ նախագահը պայքարում է անընդունելի ու անհանդուրժելի երևույթների դեմ, բայց էվոլյուցիոն ճանապարհով, կամաց–կամաց։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը