Տնտեսական

01.04.2020 11:48


Գազի գինը կբարձրանա․ «Ժողովուրդ»

Գազի գինը կբարձրանա․ «Ժողովուրդ»

««Գազպրոմ Արմենիա» ընկերությունը սակագների վերանայման համար ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով դիմելու մասին հայտարարություն է հրապարակել։

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ հայտնված հայտի՝ ընկերությունը նախատեսում է բնական գազի գինը բնակչության համար բարձրացնել 36 տոկոսով: Մասնավորապես, ընկերությունն առաջարկում է 2020 թվականի հուլիսի 1-ից ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողներին տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը 100 հազար դրամից բարձրացնել՝ դարձնելով 135 հազար 909.6 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը: Այսինքն՝ մեկ խորանարդ մետրի համար 100 դրամից բարձրացնել 135.9 դրամ:

Էներգետիկ անվտանգության ոլորտի փորձագետ Արմեն Մանվելյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից ՀԾԿՀ ներկայացրած հայտին, տեղեկացրեց, որ հանձնաժողովը դեռ ժամանակ ունի այն քննարկելու. «Այսպես, թե այնպես, հանձնաժողովը 90 օր ժամանակ ունի այդ հայտը քննարկելու և պատասխան տալու համար։ Իսկ 90 օրը եթե ապրիլի մեկից հաշվենք, կստացվի հուլիսի 1-ը։

Փաստորեն, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն առաջարկում է սակագները որոշ չափով իջեցնել խոշոր սպառողների, ԱԳԼՃԿ-ների, ջերմոցային տնտեսությունների, վերամշակող կազմակերպությունների համար։ Թեկուզ չնչին, բայց դա իջեցում է։ Գոնե տնտեսվարողները փոքր-ինչ կշահեն, գուցե նաև՝ չնչին, բայց հնարավոր է, որ ԱԳԼՃԿ-ներում նվազեն գները»։

Դե ինչ, մեզ մնում է հուսալ, որ քննարկումների արդյունքում բնակչության համար ընկերության առաջարկած՝ գազի սակագնի բարձրացվող չափը կփոփոխվի»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը