Կարծիք

01.04.2020 09:19


Աննախադեպ․ վիրուսի տնտեսական հետևանքները

Աննախադեպ․ վիրուսի տնտեսական հետևանքները

Վերջին երկու տարում այնքան չարաշահեցինք աննախադեպ բառը, որ իսկապես հայտնվեցինք աննախադեպ վիճակում: Ընդ որում, համարյա ամբողջ աշխարհի հետ միասին: Համաճարակը դեռ հաղթահարված չէ, բայց արդեն առաջնային թեմա են դառնում վիրուսի տնտեսական հետևանքները:

Հասկանալի է՝ իրար ետևից պատուհասվեցին աշխարհի երեք խոշոր տնտեսությունները: Սկզբից չինականը, ապա եվրոպականն ու հետո ամերիկյանը: Իրավիճակն իսկապես աննախադեպ է։ Հետևաբար յուրաքանչյուրը փորձում է իրավիճակից դուրս գալու ինքնուրույն ելք գտնել:

Իրավիճակն ավելի բարդ է Եվրամիությունում: Այստեղ անդամ երկրներից յուրաքանչյուրն իր տնտեսության համար առանձին է ծրագրեր մշակում: Ընդհանուր լուծում-դեղատոմս չկա: Ճիշտ այնպես, ինչպես մեր տարածաշրջանի երկրների պարագային:

Կորոնավիրուսի դեմ առաջինը կոշտ քայլեր ձեռնարկեց Վրաստանը: Արտակարգ դրության սկզբում տնտեսական հարցերին համարյա ուշադրություն չէին դարձնում, ինչպես մեր երկրում և ինչպես ամենուր: Բայց տնտեսությունն անորոշ վիճակում երկար «դիմանալ» չի կարող: Նաև այն պարզ պատճառով, որ տնտեսությունն է ապահովում հասարակության հանապազօրյա հացը: Ուստի վրաց պաշտոնական, մասնագիտական ու սովորական լրատվությունում կամաց-կամաց գրվեց տնտեսության ոլորտում կատարվող քայլերի մասին: Ինչպես ամենուր, իշխանություններն այս երկրում էլ խոստանում են «արհավիրքը» կանխելուց հետո հնարավորինս օգնել բիզնեսին: Բայց քանի դեռ համաճարակը կանխված չէ, իշխանություններին օգնելու մասին իրական հայտարարություն հենց տնտեսոււթյունն է անում: «Վրաստան բանկը» մարտի 27-ին խոստացավ իր միջոցներով ձեռք բերել 20 հազար թեստ, արհեստական շնչառության 10 սարքավորում, 50 հազար դիմակ, 60 հազար ձեռնոց: Ձեռք բերել, ներկրել ու տրամադրել կառավարությանը: Հաջորդը «TBC բանկն» էր՝ 10 հազար արագ՝ «էքսպրես» թեստի խոստումով: Կառավարությունն իր հերթին հայտարարեց, որ երկրում հացի խնդիր չկա ու խոստացավ ապրիլ ամսվա բոլոր տեսակի թոշակները վճարել մարտի վերջին շաբաթվա ընթացքում:

Մեր տարածաշրջանի համար բնորոշ քայլերից է այն, որ վրաց իշխանությունները բոլորի նման բնակչությանը կոչ են անում մնալ տանը, իսկ գնում-վճարումներ կատարել անկանխիկ: Վրաստանում իշխանությունների որոշմամբ փակվել են վարկ տրամադրող կազմակերպությունները, կանխիկ գումարով վճարային ծառայություններ մատուցող բոլոր գրասենյակները և բոլոր փոխանակման կետերը: Տարադրամի փոխանակման կետերի փակվելու որոշումը ինչ-որ իմաստով սպասելի էր: Տնտեսական կարանտինի պայմաններում ազգային վճարամիջոցը արժեզրկվում էր: Մարտի 9-ին ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքը 2.7 լարի էր, մարտի 16-ին՝ 3 լարի, մարտի 26-ին՝ 3.45: Հետո ֆինանսական իշխանություններին հաջողվեց զսպել ազգային վճարամիջոցի արժեզրկումը: Ավելին, մարտի 31-ին (երբ որոշվեց փակել փոխանակման կետերը) փոխարժեքը նվազել էր՝ 3.27 լարի: Կարճ ասած, վրաց իշխանություններն իրենց որոշումներում ինքնատիպ չեն՝ փակում են ինչ հնարավոր է և խոստանում են հետո օգնել: Օգնել թե՛ խոցելի խմբերին, թե՛ բիզնեսին, թե՛ կարիքավորներին:

Խորհրդային մամուլին կարոտած հասակակիցներիս ու դրա ինչ լինելը չիմացող երիտասարդներին (առանց չարախնդալու) խորհուրդ եմ տալիս կարդալ ադրբեջանական լրատվամիջոցներ: Միայն վերնագրերը զգլխիչ են (ներողություն, եթե գրաբարս անպատեհ նկատեցիք): Վերնագրերը համարյա հոդվածի ծավալ ունեն: Օրինակ՝ «Ադրբեջանը պանդեմիայի դեմ պայքարում է համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում» կամ «Մեր կառավարությունը տնտեսության 4 խոշոր ոլորտների և 20 ուղղությունների աջակցության ծրագիր է մշակում»: Ապա՝ «Իշխանությունները կվերանայեն պետբյուջեն՝ սոցիալական բոլոր պարտավորություններն անմնացորդ կատարելու նպատակով»: Այստեղ նույնիսկ նավթի գնանկումը չեն վերլուծում: Իսկ ազգային վճարամիջոցի «շաբաթական փոխարժեքը» հաշվետվությունը բացել պետք չէ՝ բոլոր օրերին նույն թվերն են:

Կարելի է մեր հարևանների մոտ արձանագրված իրավիճակը համադրել մեր ու այլոց մոտ կատարվող գործընթացների հետ: Կամ էլ չհամադրել: Ճաշակի հարց է:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը