Լրահոս

31.03.2020 18:57


Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածներին հերձման չեն ենթարկի․ օրենքն ընդունվեց

Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածներին հերձման չեն ենթարկի․ օրենքն ընդունվեց

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացած անձանց չհերձել՝ կանխելով վարակի տարածումը։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ` նախագիծն Ազգային ժողովում ներկայացրեց Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը։

«Նախագծով առաջարկվում է շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների հետևանքով մահվան դեպքերում պարտադիր հերձում իրականացնելու դեպքերից նախատեսել բացառություն` կորոնավիրուսային հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքում, կանխելով հերձման արդյունքում վարակի հնարավոր տարածումը, ելնելով բնակչության կենսաանվտանգության ապահովման առաջնահերթությունից»,–ասաց նախարարի տեղակալը։

Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն` 69 կողմ ձայնով։

«Բարագավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները չէին մասնակցում հրավիրված արտահերթ նիստին։

Այս խորագրի վերջին նյութերը