Մեկնաբանություն

01.04.2020 00:40


Փաշինյանի իշխանությունն անցավ ողջամիտ անհրաժեշտության բոլոր սահմանները

Փաշինյանի իշխանությունն անցավ ողջամիտ անհրաժեշտության բոլոր սահմանները

Արդեն շատերն են նկատում և արձանագրում. կորոնավիրուսի վարակի տարածման դեմ պայքարի նպատակով հայտարարված «արտակարգ դրության ռեժիմն» իշխող «թավշյա» ռեժիմն օգտագործում է քաղաքացիական ազատությունների ու մարդու իրավունքների նորանոր սահմանափակումներ կիրառելու, բոլորի վրա տոտալ վերահսկողություն սահմանելու հնարավորություններ ստանալու նպատակով:

Առհասարակ, ցանկացած իշխանության համար արտակարգ դրության ռեժիմը հնարավորինս ձեռնտու է. անսահմանափակ ու բացարձակ լիազորություններ, ընդդիմության ու վերահսկողության գործնական բացակայություն, խոսքի ու մամուլի ազատության սահմանափակում ու վերահսկում: Բայց ամեն ինչ չափ ու սահման, այնուամենայնիվ, ունի: Նույնիսկ համաճարակների ու դրանց դեմ պայքարի նպատակով կամ դրա անվան տակ ձեռնարկվող քայլերի ամբողջությունը:

Ինչ խոսք, համաճարակների դեմ պայքարը ենթադրում է կանխարգելիչ գործողությունների համալիր, որի մեխանիզմը հիմնականում հղկված է և, ինչպես տեսնում ենք, կիրառվում է նաև այս օրերին: Լինի դա ինքնամեկուսացումը, մարդկանց կուտակումներ ենթադրող գործունեության տեսակների ժամանակավոր արգելքը և այլն: Դրանք, ըստ էության, ողջամիտ անհրաժեշտություն են: Եվ, հասարակությունների մեծամասնությունը, անկախ այն բանից, թե ինչ վերաբերմունք ունի այս կամ այն իշխանության նկատմամբ, սովորաբար չի ընդդիմանում նման գործողություններին:

Սակայն Հայաստանի գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, իհարկե, արդեն անցել է ողջամիտ անհրաժեշտության բոլոր սահմանները: Դրա ամենից թարմ վկայությունը քիչ առաջ՝ ԱԺ-ում ընդդիմադիր խմբակցությունների տակտիկական մանևրով տապալված նախագիծն է: Իշխանական «Իմ քայլը», չնայած նաև այդ խմբակցության շարքերից լսված քննադատական ելույթներին, «կողմ» քվեարկեց, բնականաբար: Բայց մարդկանց անձնական տվյալներին, անձնական կյանքին հետևելու հնարավորություն տվող նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար ձայների թիվը բավական չէր:

Նախագծի տապալման այդ հանգամանքից անկախ, դա լավ հնարավորություն էր Փաշինյանի իշխանության իրական դեմքը առանց դիմակի ու անգամ առանց շնչադիմակի ֆիքսելու համար: Իրավիճակի նրբությունն ընդգծվում է նաև այն իրողությամբ, որ «տուգանել-պատժել-հետևել» մոտեցումներով քայլեր է ձեռնարկում մի կառավարություն, որն իր վարչապետի գլխավորությամբ բացարձակ անլրջություն ու անհամարժեքություն է դրսևորել նախնական շրջանում վարակի ներթափանցման, ապա՝ տարածման կանխման էական հարցերում:

Արտակարգ դրությունը առնվազն 10-15 օրով ուշ հայտարավեց: Բայց նույնիսկ այն բանից հետո, երբ այդ դրությունը ստիպված հայտարարեցին, վարակվածների թիվը բազմապատիկ տեմպերով աճեց ու շարունակում է աճել:

Բնութագրականն այն է, որ վարակի դեմ պայքարի իրական ու անհրաժեշտ քայլերի փոխարեն կառավարությունը գերադասում է աշխատանքի և սրտացավության PR պատկեր ձևավորել (դեղատներով շրջել, հեռախոսազանգեր անել տարբեր մարդկանց և այլն): Հանրագումարում ստացվում է բուռն գործունեության իմիտացիա՝ կոնկրետ աշխատանքի փոխարեն:

Պետք է նշել նաև, որ գործնականում իշխանության տրամադրության տակ կային ու հիմա էլ լիովին կան անհրաժեշտ բավարար ռեսուրսներ ու գործունակ ադմինիստրատիվ, նաև՝ առողջապահական ենթակառուցվածքներ ու կառույցներ: Չնայած վերջին երկու տարվա ընթացքում ցուցաբերված «թավշահեղափոխական» տարբեր հախուռն կամ խառնիխուռն նախաձեռնություններին, չնայած պետական կառավարման համակարգում տարբեր վերաձևումներին ու, անգամ՝ չնայած առողջապահական համակարգում ինչ-ինչ վերակազմավորումներին, այդ համակարգերը պահպանել են իրենց գործունակությունն ու ֆունկցիոնալությունը:

Իրենց առողջության ու, առանց չափազանցման՝ կյանքի գնով այսօր վարակի դեմ պայքարող բուժանձնակազմը ասվածի որոշակի ապացույցն է:

Պետք էր կարողանալ սթափ ու համարժեք գնահատել իրավիճակը և ժամանակին տալ հստակ ու իրատեսական հանձնարարականներ: Նույնիսկ որոշակի բացթողումներից հետո ձգտումը դրանք չկրկնելն ու նախորդի հետևանքները հաղթահարելը պիտի լիներ, այլ ոչ թե՝ մարդկանց համատարած հետևելուն և քաղաքացիների սահմանադրական իրավունքները մեծ հարցականի տակ դնելուն նպատակաուղղված նախաձեռնությունները:

Բայց ո՞ւմ ես ասում:

Մի խոսքով՝ Փաշինյանի գլխավորած իշխանությունը, այս վերջին նախաձեռնություններով անցավ ողջամիտ անհրաժեշտության բոլոր սահմանները: Իսկ դրա անմիջական քաղաքական հետևանքը հանրային վստահության կամ դրա վերջին պաշարների կորուստն է լինելու: Բոլոր «իզմեր»-ից պոպուլիզմի վրա հենված իշխանության համար ու ընկալմամբ՝ դա համարժեք է ձախողման:

Ու իշխանությունն ինքն է առաջին հերթին դա ցույց տալիս: Համենայն դեպս, գործող իշխանության վերջին քայլերը ավելի շատ «ձեռքը փրփուրներին գցելու» տպավորություն են թողնում, քան լրջորեն ու համակողմանի հաշվարկված գործողությունների:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը